20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թե չէ՝ ի՞նչ, պարոն վարչապետ. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանին եւ նրա այս համաձայնության կառավարությանը շտապ ընդդիմություն է պետք: ՀՀԿ-ից ընդդիմադիր դուրս չեկավ, չեն ձգում, բացի այդ էլ՝ այնքան խոցելի են, որ ինչ լինում է, իսկույն Նիկոլ Փաշինյանի օգտին են քվեարկում: Այսպես չի լինի, ի՞նչ է նշանակում’ իշխանություն՝ առանց ընդդի­մության: Մի քիչ էլ այսպես շա­րունակվի, Փաշինյանն իր թիմով «բեսպրեդելշչիկ» կդառնա, ինչպես ուժայինների եւ հատկապես ԱԱԾ հովանու ներքո գործող բոլոր ուժերը:

Ահավասիկ, ժողովրդական վարչապետը գրառում է կատարել այն մասին, որ որոշ հեռուստաընկերություններ հակապետական քա­րոզչություն են տանում՝ չնշելով, թե հատկապես որ հեռուստաընկերությունը կամ հեռուստաընկերությունները: «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանա­փակ հնարավորությունից, որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել: Սա, թերեւս, այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ: Մի’ արեք: Պարզապես մի’ արեք»,- գրել է Փա­շինյանն իր ֆեյսբուքյան էջում, որն այս օրերին վերածվել է ՀՀ թիվ 1 լրատվամիջոցի:

Ճիշտն ասած՝ այս օրերին ես միայն ֆուտբոլ եմ դիտում, որովհե­տեւ հայկական հեռուստաընկերություններում, ներառյալ Փաշինյանի էջում, դիտելու բան չկա՝ կամ սերիալ է, կամ հա-հա, հի-հի: Անկեղծ ասած՝ հեռուստատեսությամբ քարզչության, այն էլ հակապետա­կան քարոզչության մասին առաջին անգամ լսեցի վարչապետից: Եվ տեսնես այդ ո՞ր հեռուստատեսությունն է, որ փորձել է սերիալների արանքում իր գլխից ավելի բարձր թռչել ու զբաղվել քարոզչությամբ: Ստացվում է, որ հայկական հեռուս­տատեսության բնագավառում դեռ ամեն ինչ կորած չէ, որովհետեւ դեռ կարողանում են նույնիսկ վարչա­պետի ուշադրությանն արժանի քարոզչություն անել: Բայց մեզ նաեւ մի այսպիսի անկարեւոր հարց հուզեց՝ իսկ ինչի՞ց է վարչապետը որոշել, որ տվյալ հեռուստատեսությունը հակապետական քարոզչություն է անում:

Նիկոլ Փաշինյանն անուններ չի տվել, իսկ լրագրողներին չի հա­ջողվել Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանի բերանից աքցա­նով խոսք քաշել եւ հանրությանը փոխանցել այն «հանցավոր» հեռուստաալիքի կամ հեռուստաալիքների անունները, որոնք երկնա­գույն էկրանից հակապետական քարոզչությամբ են զբաղվում: Բա հիմա ի՞նչ անենք, երբ վարչապետը լրատվամիջոցներին ուղիղ խոսքով ասում է՝ ուրիշ բաներ մի գրեք, ցույց մի տվեք, թե չէ… Թե չէ՝ ի՞նչ, պա­րոն վարչապետ: Ի՞նչ է նշանակում’ «օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ իրավունքից՝ հակապետական քարոզչություն եք իրականացնում»: Գոնե հասկանում եք, թե դա ինչ մեղադրանք է լրատ­վամիջոցի հասցեին:

Դուք, այսինքն, կարող եք նաեւ այս հոդվածը հակապետական հա­մարել, որովհետեւ դրա հեղինակը Ձեզ լեգիտիմ վարչապետ չի հա­մարում, քանի դեռ վարչապետ չեք դարձել ընտրություններով, քանի դեռ մեր ժողովրդի այն հատվածը, որ չի մասնակցել Ձեր գլխավորած փողոցային անկարգություններին, դեռ չի ասել իր խոսքը, եւ հայտնի չէ, թե ինչպիսին է ժողովրդի կողմ եւ դեմ քվեների պատկերը:

Եվ ապա՝ այդ ո՞ւմ եք հաթա­թա տալիս, ո՞վ է խանգարում Ձեզ եւ Ձեր թիմին՝ որեւէ այլ գործով եւս զբաղվել: ԱԱԾ-ն առաջ տված պետություն է կառուցում, տնտե­սություն է զարգացնում, թոշակ ու աշխատավա՞րձ է բարձրացնում: Մինչ օրս ձեր ծանոթ-բարեկամներին գործի նշանակելու հրամաններից բացի բան չեք ստորագրել, հիմա եկել ուրիշին եք մեղադրում հակապետական քարոզչություն անելու մեջ: Իսկ ինչի՞ համար է այդ թիթիզությունը’ անուններ չենք տա­լիս: ԱԱԾ-ն ուղարկեք խնդրո առար­կա հեռուստատեսություն եւ վերջ: Փաշինյանի խոսնակն էլ ասում է’ ում որ նկատի ուներ վարչապետը, նա արդեն հասկացել է եւ այլեւս չի անի: Չէ-հա: Պատկերացնում եք, «հակապետական քարոզչության» լծված հեռուստատեսությունը հա­նկարծ սկսում է պետականամետ դառնալ, որովհետեւ Փաշինյանը, «որոշ հեռուստաընկերությունների նկատի ունենալով», ահազանգ է հնչեցրել:

 Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ