19 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2018

Եկեք Քրիստոսի հետ գնանք Գողգոթա

hisus-film1

Հորդոր իմ պաշտոնակից եղբայրներին և եկեղեցու խաչակիր ուխտին

ՀԻՍՈՒՍԻ ԽԱՉԻ Ճառը Ձեզ համար գրեցի և Ձեզ եմ նվիրում, ո՛վ Խաչի զինվորներ, Ավետարանի պաշտոնյաներ, կենաց խոսքը քարոզողներ և ՔՐԻՍՏՈՍԻ հոտի հովիվներ: Եթե դուք սիրով եք գրկում ՀԻՍՈՒՍԻ Խաչը և ախորժանքով ընթերցում իմ Խաչի ճառը, օ՛ն ուրեմն, եկե՛ք ինձ հետ հոգով, եկե՛ք գնանք Սիոնի Վերնատուն, ուր Ավետարանի Ուսուցիչը` երկնքի Վարդապետը՛ կխոնարհվի մինչև աշակերտների ոտքերը, կավանդի մեզ կենդանի ու գործնական մի օրինակ` ասելով.

«Մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք»: Ո՜հ, որքան հանցավոր ենք այս օրինակի առջև, երբ մեծամտում ենք, երբ լցվում ենք փառասիրության ախտով. թողնելով ՀԻՍՈՒՍԻ թողած օրինակով խոնարհվելը և ընկերոջ ոտքերը լվանալը, ոտնահարում ենք մեր ընկերոջը և տիրելով ջանում ենք ստրկացնել Ավետարանի ազատ պաշտոնյաներին:

Տեսե՛ք, ո՛վ դուք, սեր քարոզող վարդապետներ: Սերը սեր է սփռում, Երկնախոս Վարդապետը սիրո դասեր է ուսուցանում և ինչպե՜ս բազմիցս կրկնում. «Այս է Իմ պատվերը, որ սիրեք միմյանց»:

Ավա՜ղ, որ այսպես շուտ մոռացանք: Հազար ութ հարյուր տարի Ավետարանը ավանդում է մեզ այս դասերը, որ մենք կարդում ենք ժողովրդին, բայց դեռևս ո՛չ մենք սովորեցինք, ոչ՛ ժողովուրդը հասկացավ: Սիրո դասերը թողնելով` ատելությամբ կրթեցինք մեզ, սիրո կտակը հանձնեցինք, բանսարկուի նախանձը առանք, սերը կորցրեցինք և գրգռիչ թշնամություն գտանք: Այլևս մեզնից ո՞վ կհամարձակվի սեր քարոզել ժողովրդին, երբ սիրո ճարտարախոս վարդապետներս սիրել չգիտենք, միմյանց հետ ատելությամբ ենք վարվում և քիչ է մնում, որ Խաչն ու Ավետարանը մեր գրկից ցած դնելով, առնելով սրերը` միմյանց կողերը խրենք: 

Հիշե՛ք, ՀԻՍՈՒՍ Իր խաղաղությունն է տալիս, երբ արդեն երանի էր տվել խաղաղարարներին: Մենք ևս եկեղեցու բեմից, պատարագի սեղանից այդ խաղաղությունն ենք հաճախակի փոխանցում ժողովրդին` աջով և խաչով տեառնագրելով հանդերձ: Բայց ի՞նչ է ապա, որ մեր խաղաղության ողջույնը խռովության է վերածվում: Ո՞վ չգիտի դրա պատճառը: Պատճառն այն է, որ խաղաղության պաշտոնյաները խռոված են իրարից:

Մի՞թե հնարավոր է, որ անհաշտ հոգիները կարողանան խաղաղարար լինել խռովածներին: Եվ ինչու՞ ենք մենք խռովվում, այդ ևս ինքնին հայտնի է. խռովում ենք փառասիրության համար, պաշտոնասիրության համար, խռովում ենք Մովսեսի աթոռին նստելու և նախաթոռ լինելու համար: Ավետարանի և Եկեղեցու խոնարհ հոգին չճանաչելով` կարծում ենք, թե մերն է աշխարհի թագն ու գավազանը, պաշտոն և պաշտել ենք պահանջում` մոռանալով մեր հեզ Վարդապետի խոսքը. «Մարդու Որդին չեկավ պաշտոն առնելու, այլ պաշտելու և Իր անձը տալու շատերի համար»:

Երանի՜ թե խռովությունը միայն մեր մեջ լիներ և ժողովուրդն անխռով մնար: Ո՛չ, մենք խռովվում ենք և շատ անգամներ անարգ միջոցներ ենք գործադրում խռովեցնելու համար: Եվ որքա՜ն ամոթ մեզ, երբ ժողովուրդն է լինում մեր խաղաղարարը և Ավետարանը մեր ձեռքերից առնելով ի դերև է հանում մեր պաշտոնը:
Ուրեմն, պաշտոնակից իմ եղբայրներ, սիրենք, որ մնանք խաղաղության մեջ, նախ առնենք ՔՐԻՍՏՈՍԻ սերն ու խաղաղությունը և ապա փոխանցենք ժողովրդին:

Իջնենք Սիոնի Վերնատնից դեպի Գեթսեմանի ձորը. տեսե՛ք, Աստվածորդուն` Իր տագնապի ժամին, տեսե՛ք, թե ինչպես է աղոթում` արյան, քրտինքի մեջ, ամենահոժար հոգով ընդունում մահվան դառնալի բաժակը և ըմպում այն մեղապարտ մարդու փրկության համար: Եվ մենք, որ ՀԻՍՈՒՍԻՆ հետևող խաչակիրներն ենք, արդյո՞ք բաժին չունենք այդ բաժակից: Ունե՛նք, ամեն մի խաչակիր պաշտոնյա իր բաժինն ունի: Գեթ մենք ևս մի-մի կաթիլ խմենք այդ բաժակից մեր ժողովրդի փրկության համար:

Դուրս գանք այստեղից, ՔՐԻՍՏՈՍԻ հետ գնանք դատավորների ատյանը: Տեսե՛ք, թե որքան հեզ է մեր Վարդապետը. դատավորները որոտում են, կայծակներ են թափում, բայց Նա կանգնած է անվրդով, քանզի անմեղը միշտ անխռով է: Հանդուգն ծառան ապտակում է Նրա ահավոր և լույս երեսին, որին Մովսես ծառան միայն քարի ծերպից էր համարձակվում նայել: Հեզությունը չի բարկանում, այլ միայն պատասխանում է մեղմ ձայնով. «Եթե վատ խոսեցի, վկայի՛ր վատի մասին, իսկ եթե լավ` ինձ ինչու՞ ես խփում»: Իսկ մենք ոչ թե ապտակից, այլ սոսկ մի բառ լսելուց լցվում ենք ցասումով և երբեմն պատվախնդիր լինելով` մեր ոսոխին ատյանից ատյան ենք հանձնում, այն ատյանին, որի օրենսգիրքն Ավետարանը չէ:

Ո՛վ խաչակիր զինվորներ, առե՛ք յուրաքանչյուրդ ձեր խաչերը և եկեք ՔՐԻՍՏՈՍԻ հետ գնանք Գողգոթա: Ո՛հ, թերևս մեր խաչերը շատ թեթև են, բայց մենք հետ ենք ընկնում. ՀԻՍՈՒՍ գնաց հասավ Բեթել սարի գլխին, բայց մենք դեռևս կես ճանապարհին ենք: Մեր ուխտի օրը Սիմոն Կյուրենացու պես միայն մի պահ վերցրինք խաչը, բայց դարձյալ նորից բոլոր խաչերը բարձեցինք ՀԻՍՈՒՍԻ ուսին: Եվ մենք հետ դառնալով գնացինք աշխարհի մաճը բռնեցինք, խաչի հետ միանգամայն թողնելով նաև Կենաց Խոսքը և Ավետարանը:

Առե՛ք ձեր խաչերը և մի՛ փախեք, առե՛ք, ո՛վ խաչակիր ուխտի պաշտոնյաներ: Եթե պարծենում ենք, որ մենք ՔՐԻՍՏՈՍԻ զինվորագրված Եկեղեցու առաջամարտ և նահատակ զինվորներն ենք. ապա առե՛ք, բարձրացրե՛ք Խաչի դրոշը և գնանք ժողովրդին ընդառաջ: Ես գիտեմ, որ կտրտնջաք և մեջ կբերեք Պողոսի խոսքը, թե. «Ո՞վ զինվոր կդառնա իր թոշակով»: Նա զինվորագրվեց Զորագլխին` ՀԻՍՈՒՍԻՆ. Իր թոշակը միայն Ավետարանն էր և Տիբերիական ծովի ձրիատուր ձկները: Պողոսն արհեստով վրանակար էր և պարծենալով ասում էր. «Ես ձեռքիս արհեստով ծառայեցի իմ առաքելակից ընկերներին»: Իսկ եթե ամոթ է վրան կարելը, գրենք, գիրք կազմենք, սովորենք և մեր թոշակով զինվորագրվենք:

ՀԻՍՈՒՍ խաչով բարձրացավ Գողգոթա: Մենք էլ ենք գալիս, բայց առանց խաչի ու վշտի, ինչպես Քո դասալիք աշակերտները: Գնանք, գոնե միայն աչքով հանդիսատես լինելու, քանզի այնտեղ է մեր փրկության Զոհասեղանը: Տեսե՛ք, թե որքա՜ն անմռունչ է, ինչպես գառն իր մորթողի առջև: Իր փրկարար բազուկներն ինքնահոժար տարածում է խաչափայտի վրա` ասելով. «Բարձրացրե՛ք Ինձ, որպեսզի բովանդակ աշխարհին դեպի Ինձ ձգեմ»:
Այսպես ահա մարդացյալն Աստված, Իր անհուն ու մեծ սիրով Իր անձն է դնում հավատացյալ բարեկամների համար, մեռնում խաչի վրա` մեղքերով մեռածներին կյանք տալու համար:

ՀԻՍՈՒՍ Իր Խաչով և սիրով հեռացածներին դեպի Իրեն է ժողովում, բայց մենք առանց սիրո և խաչի ցրում ենք: Նա մեզ համար նախօրոք ասաց, թե. «Ով ինձ հետ չի ժողովում, ցրում է»: Ո՞վ կարող է առանց խաչի և սիրո ՀԻՍՈՒՍԻ հետ ժողովել, քանզի Նրա ժողովելու շտեմարանը միայն խաչն է, ինչպես վկայեց և ասաց Իր Մկրտիչը` Հովհաննեսը:
Արդ, մենք ևս հավատում ենք Պողոս առքյալի հետ, թե` Խաչի ճառը կորուսյալ անհավատների համար հիմարություն է, բայց մեզ համար, որ փրկված ենք հավատով` Աստծո զորություն է:

Ուրեմն, զորանանք Խաչի ճառի զորությամբ և զորացնենք տկարամիտներին, որոնց դեմ այժմ մարտի են ելել աշխարհը, մամոնան և նյութապաշտ փիլիսոփայությունը: Պողոսի պես մեր Խաչով պարծենանք, որի համար աշխարհը խաչված էր, և աշխարհը` նրա համար: Երանի՜ թե իրապես մենք էլ կարողանայինք այդպես պարծենալ:
Խաչակրաց խմբից խոսքս ձեզ եմ ուղղում և ավարտում հորդորս, ո՛վ հավատացյալ ժողովուրդ:

Դու՛, որ հավատում ես խաչին և տառապում աշխարհի խաչակրության մեջ, այնպես մի՛ կարծիր, թե Խաչի պարտքը միայն հոգևոր դասի լուծն է և ժողովուրդն ազատ է: Ո՛չ, ո՛չ, Խաչը տանելը քրիստոնյա անունը կրողների և զինվորների անխուսափելի ու նվիրական պարտքն է: Դուք ևս ձեր խաչերն ունեք, որ ձեզ համար պատրաստում են աշխարհի բռնությունները: Դուք չեք կարող ձեր թիկունքներից խաչի բեռն իսպառ թոթափել, որովհետև ՔՐԻՍՏՈՍ ասաց. «Այս աշխարհում նեղություն կունենաք», թեպետ աշխարհի քաղաքակրթությունը անընդհատ տքնում և ջանում է ձեր թիկունքներից վերցնել խաչերը, որի տակ աղիողորմ հեծում եք:

Սակայն, ո՞վ կհավատա, որ կվերանան բռնություններն ու կվերցվի աշխարհի խաչը, ժողովուրդն ազատ ու երջանիկ կապրի, հավասարություն կտիրի, աղքատի խրճիթը կհավասարվի հարուստի ապարանքի բարձրությանը, փողոցի աղքատ Ղազարոսը բեհեզ ու ծիրանի կհագնի և մեծատուններին սեղանակից կլինի:

Սակայն չեմ ժխտում, որ ճշմարիտ քաղաքակրթությունը Ավետարանի քարոզած եղբայրասիրության հիման վրա կարող է մեծամեծ գործեր անել, որից ժողովրդի խաչը կթեթևանա, բայց իսպառ չի վերանա:
Ա՛ռ, ուրեմն, ո՛վ հայ ժողովուրդ, ա՛ռ քո խաչերը, կարդա՛ Խաչի ճառը, սիրով ու հավատով տա՛ր քո ծանրակիր խաչերը, խաչով ելի՛ր Գողգոթա, խաչով մտի՛ր գերեզման, խաչով բարձրացի՛ր երկինք առ ՀԻՍՈՒՍ, որ դեպի Իրեն է կանչում բոլոր կտրիճ խաչակիրներին. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ»: 

ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ 

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ