19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ափից հեռու քեզ փշրեցի, որ փշրվեմ ես էլ քեզ հետ…

ԻՄ

Պա՛տ,
սիրելի՛ պատ,
անդորրս կհպեմ քեզ,
որ լսեմ` շ՜,շ՜,շ՜`
ամենաշշուկ հնչյունն աշխարհիս, ամենաօրոր հնչյունը,
որ կրծքիս առատը լցվի երակները որթատունկերիս,
որ բերք ունենամ…

Ձա՛յն,
սիրելի՛ ձայն,
ես ժպտում եմ լուսամուտիս բացված փեղկին,
մաղադանոսահոտ արահետին օրը երեք անգամ`
ըստ սրբազան ծեսի,
ու քայլում եմ դեպի ծառը` փայլատերև, փշոտ,
որ քեզ հետ նստեմ հողին
ու լսեմ գորտերի կռկռոցն ինձ համար այդքան անգին
ու ժպտամ ոչ մեկին…

Ու՛ս,
ամենաու՛ս,
իմ փոխարեն իմ երկու կիլոգրամ թարմությունը ման տվեցիր,
ման տվեցիր,
ու տարար…

քո՛ տուն…

***
ես ճյուղերս բուռս կհավաքեմ,
կսեղմեմ կրծքիս,
որ սաղարթս ծոցս լցվի,
ծոցումս թաքուն տերևանամ,
որովհետև այնտեղ ասվում է`
ժուժկալ եղիր ամեն ինչում…

արմատներս բուռս կվերցնեմ,
ամուր կսեղմեմ գոգիս,
գոգումս կծռմռվեմ`
երազելով հողը գալար-գալար սիրելու մասին,
որովհետև այնտեղ ասվում է`
ժուժկալ եղիր ամեն ինչում…

ու միայն գիշերը,
վերջալույսի անարդար շատից
խիստ նեղացած,
սաղարթս երկինք կնետեմ ,
արմատներս կգլորեմ ծոցը հողի…
երկու փոքր բուռ ինձնից մոլորակում…

իսկ այնտեղ ասվում է`
ժուժկալ եղիր ամեն ինչում…

***
շի՛վ,
անպիղծ հավատարմությամբ սեղմվում ես կեղևիդ,
սեր ես անում հողի,
ջրի,
արևի ,
հողի,
ջրի,
արևի հետ,
լցվում ,
խտանում ես,
կուտակվում ,
դառնում ես ծառ,
դառնում ես սեր`գերբնական հանդարտությամբ,
կեղևիդ տակ,
կեղևիդ մեջ,
կեղևիդ հլու…

***

ես քեզ գիտեմ էնքան,
ինչքան չգիտեմ աշխարհը,
դու իմ տունն ես,
որ իմ չիմացած աշխարհում պահում է իմ իմացածը,
ու դու իմ տան պատերն ես,
որ ինձ պաշտում են անգամ աննորմալ իմ նոպաների ժամանակ
ու չեն կապում թևերս,
որովհետև
ես այդ տան խելագարն եմ…

ԸՆԴՀԱՏՎԱԾ

Դու իջնում ես ներքև, Վո՛լգա,
հոգեվարքիցդ են սնվում
ծառը,
ջուրը,
աշխարհն,
ու ես էլ:
Դու իջնում ես ներքև ազատաքայլ,
դուրս գամ,
մերվեմ կաթիլովդ մածնի նման,
մերվեմ, դառնամ…
Հոսանքին չտրվելը մեկ ուրիշ հոսանք է,
ների՛ր,
ես այդպես էլ չփոխվեցի,
մարդիկ մենակ ու դժբախտ են,
ես այդպես էլ չփոխվեցի…
Դու ճիշտ էիր, Վո՛լգա,
ես մի փոքր շուտ եմ ծնվել,
մեկ վայրկյան շուտ,
ու հատակի աննշան ձկան նման դուրս եմ եկել ջրի երես,
որ իմը չէ.
պայթում եմ ես…
Դարսվի՛ր ներսս առաջվա պես,
դարսվի՛ր ներսս ոտքից գլուխ,
իջնեմ իմ շերտ,
հոսեմ հետդ …
Ես այդպես էլ չանմեղացա իմ չափ,
որ երազիս ներսով հոսես,
երազիցս հոսես,
հոսես…
Ափից հեռու քեզ փշրեցի,
որ փշրվեմ ես էլ քեզ հետ,
ու չիմացա` փշրվեցի՞…

***
Ոտերքս ինձ ուր էլ տանեն,
քո մոլորված փշուրներն են,
որոնք այսքան հարյուր տարի դեռ պահում են կոշիկներս,
դեռ պահում են առաջվա պես.
չէ՞ որ իմն են…
Այսօր դրսում անձրևում ես`
նորից իմն ես…

ՔԵԶ

Ու չիմացա`
ես էի աղանդ,
թե դու հավատավոր չէիր,
կամ` հակառակը,
բայց եղանք
ու դարձանք հարահոսող վայրկյան
մեկս մեկի տենդոտ տեսիլքների այգում:
Սիրտս թլվատ է եղել միշտ
ու լռել է հանուն,
բայց շարժվել է, շրջվել,
լցվել,
լցրել,
պայթել..
Ոտաբոբիկ տունս դռնաթափ է եղել,
ու միջանցիկ ստվերներն իրենց տղմոտ գինով
ինձ խեղդում են քո մեջ,
քեզ էլ,
քեզ էլ,
քեզ էլ,
դու չգամվես նրանց մոլապարին հանկարծ:
Իջիր տեսիլքների անլիճ այգին բակիդ,
ընտրիր հարմար մի քար,
փոխիր բախտը ջրի,
պատրանք ստեղծիր հոսքի…
ու չիմացա`
դու էիր աղանդ,
թե ես հավատավոր չէի,
կամ `հակառակը,
բայց եղանք…

Վանդակվածը (ազատություն)

ես չեմ դառնա Մարիամ
ու քեզ չեմ ծնի երբեք,
չեմ բերի ա՛յս լույս աշխարհը,
ուր մարդիկ վավաշոտ տենչում են քեզ
առանց քեզ իմանալու,
տենչում են հպատակեցնել,
ծառայեցնել իրենց մոլեկրակ
ծիսախեղումներին,
իրենց «մարդա»կեցությանը, խաղաղիդ…
մինչդեռ դու
պարզ ես ու հասարակ այնքան,
սովորական Սովորական,
որ ծնվելուց հետո զարմանք կհարուցես
ու քմծիծաղ մի պահ
ու կդառնաս անպետք…
բայց չէ, մեկ է, դու կծնվես,
ես կծնեմ քեզ առմիշտ,
ու դու կբերես ինձ ծաղիկներ,
որոնք ես չեմ տեսնի,
որովհետև արդեն ես Ես չեմ լինի…
ռունգներս չեն ներկվի դեղինով նրանց,
որովհետև ես արդեն էլ չեմ լինի ես…
դու հետո ինձ կգտնես, անշուշտ,
իսկ մինչ այդ
ես կսիրեմ քեզ առանց քեզ,
կպաշտպանեմ քեզ առանց քեզ
ինձնից
ու բոլորից…

***
Ես վազվզում եմ..
թել է ոտքիս տակ`
ծայրերն անդունդի ցցունքներից կախ.
չեմ նայում ներքև,
չեմ նայում վերև,
չկան հետ, առաջ,
չկան դուրս ու ներս,
լույսը կետ է մութ,
կիսաստված Աստված,
գայլուկացեղի համաստեղություն,
հույսի հոգեվարք,
կարոտի ծուղակ,
ոգևորության չորացած կմախք,
մեռած անցյալի հորինված կերպար,
հուսահատության անդարպաս վանդակ,
կարմիր աչքերի կախաղան ճռռան,
կերկերուն ձայնի չորանոց-պարան,
պարտության «դարման»,
«պսակ» հաղթության,
երկունք ներումի,
ներումի,
ներման…
ես վազվզում եմ…
ու ես չեմ ընկնի,
չէ՛, ես չեմ ընկնի…
բայց անդունդն, անշուշտ, ինձնով կլցվի…

եսուԴՈՒ (մոլորակին)

ես չեմ եղել ու չեմ քո արյունը,
դու` իմը,
այլ է քո գծած գիծը,
այլ են իմ ներկած պատերը,
դու հենված ես լուսնին,
ես` կախված քո շողքից,
բաց ես,
մուգ եմ,
կեղծ ենք,
սևամազ աղավնի…
ծննդյանս պահը
համընկավ
էպիլեպսիկ նոպայիդ հետ,
ես քեզ տեսա գետնին,
ու դու մենակ էիր…
մենակ..
մենակ..
մենակ…
իսկ ես` արդեն մեծացած
ու լցված քեզանով,
ինձանից դատարկված,
անինձ..
անինձ..
անինձ…
ու ես դատարկված եմ…
ես այնքան եմ դատարկ,
որ քաղաք եմ մարդավիխտ,
անձավ եմ անչղջիկ,
հանգստություն ամուլ,
որ չի ծնել
ու չի ծնի երբեք փոթորիկ…
ես անարյուն սարդ եմ`
քո խայթոցից լուծված…
հեղուկածեփ բավիղ…
ու լո՜ւյս..
ու լո՜ւյս..
ու լո՜ւյս…
ու էլի թանկությո՜ւն…
ու էլի ապրանքը նույնն է`
ԿՅԱՆՔ…

 

ՀՈՂԻՆ

Թող`
քեզ խաչին գամեմ,
փշալարե կծիկ,
անաստված եմ այդքան արդեն,
մերժված ես ու այլասերված` ըստ պատշաճի:
Ուրիշ ոչինչ չկա հիմա
իմ, քո երակներում,
միայն երազանքներ`
ծաղկավիժած,
ծաղկավիժած,
ու…

Ջուր`
գզգզված,
զսպաշապիկավոր,
ականջներն անօգուտ խցած,
իր լսածով ծոցդ անդառնալի ախտահարած,
առավոտներ`
արգանդում լուռ մորթվածների`
այս աշխարհից «փրկվածների» արյան հոտով:
Լռությունը մոլորեցնող հո՛ւյս այլադավան,
անտերուդուս կկու,
ձագը տնից հեռու,
միշտ ուրիշի ծոցում,
միշտ ուշացած,
տնատ,
սերենադներ,
տաշի`
կիսատության,
անսեռ կյանքի:
Տուն,
վերգետնյա դագաղ,
որ ամեն գիշեր անշեղ
փորձ է անում մութի,
մենակության,
սառի,
փորձ է անում խղճի,
փրթրթված աղոթքի,
ուժի,
կամքի,
ներման,
հավերժի հավատի:
Սեր,
անառակ որդի`
ոչ մի տեղում կորած,
որ կա՛մ աղավնու պես իր ցամաքն է գտել,
կա՛մ մեռել է վաղուց
ճոճվող կախաղանին
ու մնացել անթաղ
այգու`
ագռավներին պատվող
խրտվիլակի կողքին:
Ու ամենուր անվերջ
քնքշատ կանանց երամակներ`
անասելի շքեղ,
տղամարդկանց պարսեր `
ծաղկատ,
փայլատ,
թևատ,
դիահերձարաններ,
դիակիզարաններ,
ու Բախ,
ու Բախ ,
ու Բախ …
Թող`
քեզ խաչին գամեմ,
ես կարող եմ հաստատ,
վաղուց արդեն առավոտ եմ,
երամակ եմ,
պարս եմ,
հույս եմ ,
սեր եմ,
տուն եմ,
ջուր ` ամեն ինչ լսած,
թող`
քեզ խաչին գամեմ`
մարդե,
մարդե,
մարդե…

ՍՈ ՆԱ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ