29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ, պիտի զենքը դնեն ճակատի՞ս, պիտի կախե՞ն. Շարմազանով

1525341886-1932

ԱԺ փոխանախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը նախ շնորհավորում է մայիսի 28-ի կապակցությամբ և հույս հայտնում, որ 100 տարի անց մենք կգիտակցենք, որ չպետք է սեփական հայրենիքում փնտրել ներքին թշնամիներ, պետք է լինել միասնական ու գիտակցել, որ մեր առաջնային խնդիրներն անվտանգության խնդիրներն են: «Նոր կառավարությանն էլ կխնդրեի այդ համերաշխության մթնոլորտի մասին ոչ միայն ասել, այլ անել:  Ուզում եմ բոլորիս շնորհավորել մայիսի 28-ի առթիվ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ինչ վերաբերում է այսօր Սարդարապատում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե ՀՀԿ-ն թող պատրաստվի 2022 թ-ի ընտրություններին, իսկ իրենք գտնում են, որ ընտրությունները լինելու են այս տարի, հավանաբար աշնանը, Շարմազանովն ասաց. «Արտահերթ ընտրությունների անցկացումը ոչ թե քաղաքական ճաշակով ու ցանկությամբ է լինում, այլ լինում է Սահմանադրությանը համապատասխան: Ես չգիտեմ՝ ով ինչ է ցանկանում, բայց ցանկանալը քաղաքական կատեգորիա չէ:

2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ընտրությունները բոլոր միջազգային կառույցների գնահատականներով եղել են թափանցիկ ու ժողովրդավարական, և արդյունքները որևէ մեկի մոտ հարցական չեն առաջացրել: Արդյունքն ընդունվել է բոլոր խմբակցությունների, այդ թվում գործող վարչապետ Փաշինյանի խմբակցության կողմից»:

Շարմազանովն ընդգծեց՝ իհարկե, թերություններ եղել են, ինչի մասին ՀՀԿ-ականներն էլ են ասել, սակայն միջազգային կառույցները, դեսպաններն ու դիտորդական առաքելություններն էլ վկայել են, որ այդ թերություններն ազդեցություն չեն ունեցել հիմնական արդյունքների վրա: «Եթե կառավարությունը շատ է ցանկանում գնալ արտահերթի, ապա այս պահին մենք ունենք ընդամենը մեկ հնարավորություն արտահերթի գնալու. Փաշինյանի կառավարությունը պետք է տապալի իր կառավարության ծրագիրը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք չեն նշել, որ դրան են գնում՝ այս պահին արտահերթ ընտրությունների մասին խոսելը ժամանակավրեպ է»,-հավելեց նա:

Արձագանքելով  փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությանը, թե անկախ ՀՀԿ-ի կամքից պիտի արտահերթ ընտրություններ լինեն՝ ԱԺ  փոխնախագահը շեշտեց. «Ոնց որ լավ չեն պատկերացնում քաղաքական իրավիճակը. Ազգային ժողովը կառավարության կցորդը չէ, և եթե կառավարության մեր գործընկերները կարծում են, որ իրենք եկել են ու Հայաստանում հաստատվել է Փաշինյանի դիկտատուրա, ապա պետք է հիասթափեցնեմ՝ Հայաստանը գնացել է բազմազանության ու ժողովրդավարության ճանապարհով, այդպես էլ պիտի շարունակվի:

Երկրորդը՝ առանց ՀՀԿ-ի կամքի որևէ մեկը որևէ բան չի կարող անել ՀՀ Ազգային ժողովում: Առանց ՀՀԿ-ի կամքի Նիկոլ Փաշինյանը չէր կարող ընտրվել վարչապետ: Իրենք դա լավ հասկացան և՛ մայիսի 1-ի քվեարկության ժամանակ, և՛ մայիսի 8-ին: Եթե ՀՀԿ-ն որոշների նման միայն մտածեր իր կուսակցական շահերի մասին, կգնար առճակատման և մայիսի 8-ին չէր ընտրի վարչապետ: 

Ես հարց եմ տալիս՝ եթե ՀՀԿ-ի ձայները չլինեին, Փաշինյանն ինչպե՞ս էր վարչապետ ընտրվելու»:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ այն, ինչ կլինի կես տարի կամ մեկ տարի հետո, արդեն քաղաքական բանակցությունների արդյունք է: «Այսօր որևէ մեկն աշխարհում չի կարող ասել՝ ինչ զարգացում կլինի մի քանի ամիս հետո, բայց կրկնում եմ՝ արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չեն, որ ով երբ ուզենա, անի»,-ասաց նա:

Վերջինս հորդորեց իրենց քաղաքական ուժի հետ մատ թափ տալու ու պարտադրանքի լեզվով չխոսել. «Հայաստանում տեռորի ժամանակներն անցել են: Մենք երկիր ենք կառուցել, որ չլինի այլևս մի հոգու կամք: Մենք կառավարության կցորդը չենք, մենք Ազգային ժողովի քաղաքական ուժ ենք: Այո, ընդունում եմ, որ իրենց ժողովրդականությունը բարձր է, լեգիտիմությունը բարձր է այսօր, բայց եթե թվում է, որ 100 տոկոս ժողովուրդն իր հետ է, չարաչար սխալվում է, և Աստված չանի, որ որևէ երկրում 100 տոկոսով ընտրեն մի հոգու: Մեր հասարակության մեջ կան քաղաքական տարբեր ճաշակով մարդիկ»:

ԱԺ փոխնախագահը հարցնում է. «ՀՀԿ-ն, որպես քաղաքական ուժ, իրավունք ունի՞ ունենալ իր կարծիքը, թե՞ ոչ: Ի՞նչ է նշանակում անկախ իրենց կամքից… ի՞նչ պիտի անեն, պիտի պարտադրե՞ն, պիտի կախե՞ն, պիտի զենքը դնեն ճակատի՞ս: Չհասկացան, որ Շարմազանովի հետ այդ լեզվով խոսել չի կարելի: Պիտի հիմա էլ գրեն՝ «Էդուարդ Շարմազանով- 43՞»: Այն ժամանակ մենք իշխանություն էինք, իրենք՝ ընդդիմություն, ճնշումը մեզ վրա էր, մենք զիջեցինք, որ իրենք գան, կառավարեն: Փաշինյանը կառավարությանը մենք արհեստական խոչընդոտներ, սաբոտաժներ չենք անելու, մենք ոչ հեղափոխական ենք, ոչ էլ հակահեղափոխական, ու սա հեղափոխություն չէ, սա իշխանափոխություն է»:

Շարմազանովը շարունակելով նկատեց, որ  ժողովրդավարական երկրներում կա իշխանության տարանջատման սկզբունք, և երբ պարոն Փաշինյանը Բաղրամյան 26-ից հայտարարում է, որ չի լինելու դատավոր, հանձնարարականներ չի տալու դատական համակարգին, ապա պետք է հասկանա, որ օրենսդիր մարմնին էլ չի կարող հանձնարականներ տալ, այլ միայն կառավարությանն ու իր քաղաքական թիմին: «Մենք քեզ հանձնարարե՞լ ենք, երբ որ իշխանության ենք եղել, այո՞, թե՞ ոչ: Ոչ: Ինչքան պարոն Փաշինյանն ու «Ելքն» են որպես ընդդիմություն իրավունք ունեցել իրենց կարծիքն արտահայտել, այնքան էլ ոչ պակաս «Հանրապետականն» ու Շարմազանովն ունեն իրենց կարծիքն արտահայտելու իրավունք:

Իսկ եթե սեր ու համերաշխություն ասելով՝ հասկանում են միայն Ավինյանի, Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի միջև սերն ու ընդունում են իրենց նման կարծիք արտահայտող մարդկանց, ապա ասեմ, որ նման բաներ մենք հիշում ենք 100 տարի առաջ՝ Տրոցկիի և Լենինի ժամանակների բոլշևիկյան Ռուսաստանում: Չեմ կարծում, որ Հայաստանի ճակատագիրը դեպի նոր բոլշևիզմն է, Հայաստանի ճանապարհը դեպի իրական ժողովրդավարությունն է՝ քրիստոնեական արժեքներով, և քանի դեռ մենք քաղաքականության մեջ ենք, ամեն վայրկյան պետք է այդ արժեքների համար պայքարենք:

Ում դուրը կգա, ում դուրը չի գա: Ինչքան պարոն Փաշինյանն է հետևողական եղել մեր կառավարության թերացումները բացահայտելու, այնպես էլ մենք ենք լինելու, բայց մի տարբերությամբ, եթե ինքը լավը չէր նկատում, մենք նկատելու ենք, և եթե ինքն անձերի դեմ էր պայքարում, մենք անձերի խնդիր չունենք, որևէ վիրավորական արտահայտություն չեմ անելու՝ չնայած շատերն արժանի են դրան, բայց ժամանակը բոլորի պատասխանը կտա»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ