19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պոռնկության եւ արվամոլության մասին. fatherarmen.com

Շնութեան, պոռնկութեան եւ արուամոլութեան մասին

Ահա՛ դառնատեսակ չարիքը, կործանարար անունը, սատանայական համբաւն ու սանդարամետական գործը: Առաւել ծանրագոյն է սա, քան երկաթը, եւ աւելի դաժանահոտ, քան հոտած ուղեղը: Շունչն է սա չար վիշապի եւ նրա անօրէն սրտի ծնունդը: Դարձեալ ե՛կ հոգեպատում գրուածքներով նկարագրենք այս չար ախտերի կերպերն ու որպիսութիւնը: Նախ կարեւոր է իմանալ, որ նախկինում շատերը կործանուեցին այս ախտերից, իսկ շատերն էլ կորչելու են յետոյ, որովհետեւ մարդու մօտ սա բնական է եւ ոչ թէ օտարամուտ, ինչպէս նաեւ մարդկանց ծննդեան, աճման ու որդեծնութեան պատճառն է: Պոռնկութեան դեւը առաւել, քան բնական անհրաժեշտութիւնը, յորդորելով ջերմօրէն թուլացնում է, հեշտացնում եւ գցում շնութեան ու այլանդակ աղտեղութեան մէջ: Արդ, ժամանակն է քննելու այս դիւական ախտերի տեսակները:

Շնութիւն է կոչւում այն, որ ծածուկ, երկնչելով ու մեծ ամօթով է լինում, մարդը երբեմն կարողանում է մտնել կնոջ մօտ եւ շնանալ, իսկ երբեմն էլ ահից ու ամօթից չի կարողանում: Կգայ ժամանակ, եւ նա դիւրութեամբ դուրս կգայ մեղքերից, որովհետեւ ամօթով էր: Պոռնկութիւն է կոչւում այն, որ լրբութեամբ ու աներկիւղ է գործւում: Իսկ լիրբն առաւել է ատում Աստծուն, նման նրան, ով վերցնում է կեղտն ու դնում իր տանը. ահա լրբացաւ, պոռնկացաւ ընդդէմ գործեց Աստուծոյ կամքի, որը չեն հրամայում Եկեղեցու կանոնները: Նայի՛ր խորհրդիս եւ իմացի՛ր. մի՞թէ չէր կարող Աստուած բազում կանայք ստեղծել մեր հայր Ադամի համար, սակայն Ադամի կողից միայն Եւային ստեղծեց եւ տուեց նրան: Այդ պատճառով էլ Եկեղեցու կանոնները սահմանեցին երկրորդ կին ապաշխարութեամբ առնել: Իսկ երրորդ պսակ երբեք չես կարող գտնել աստուածային Գրքերում. նզովւում է այդպիսի պսակը, նաեւ Եկեղեցին ու քահանան, որը պսակում է, որովհետեւ պղծում է Եկեղեցին ու օրհնութեան պսակը: Աւելի լաւ կլինէր, եթէ կնոջն իր տուն տանէր անպսակ, որը թէպէտեւ ճշմարիտ պոռնկութիւն է եւ Աստծուն ատելի, բայց կգայ ժամանակ, եւ նա, ում վրայ չկայ երրորդ պսակի նզովքը, կարող է դիւրութեամբ ելնել մեղքից: Իսկ նա, ով իր մտքում պսակի համար արդար է համարում կնոջը, չի կարողանում հեշտութեամբ բաժանուել եւ միւս քրիստոնեաների պէս համարձակւում եւ պսակւում է երրորդ անգամ՝ այդպիսով պոռնկանալով ու լրբաբար հակառակուելով Աստծուն, նզովւում է: Քանզի Աստուածաշունչ Գրքերի սովորութիւնն է յանդգնօրէն եւ լրբաբար գործուած ամէն մի չար մեղք պոռնկութիւն անուանել: Ինչպէս Եսաւին են պոռնիկ անուանում, որը մի քիչ կերակուրի հետ վաճառեց առաջնեկութիւնը:

Շնութեան մէջ էլ մեծ եւ փոքր կայ. երբ կոյսը շնանում է կոյսի հետ, աւելի թեթեւ է, որովհետեւ շատ ծարաւ էին: Աւելի ծանր է տղամարդու համար, որովհետեւ հմուտ էր գործի մէջ եւ ծարաւ չէր: Եռապատիկ ծանր է նրա համար, ով շնանում է մի կնոջ հետ, որի ամուսինը կենդանի է: Առաւել ծանր է, երբ կենդանի են մէկի ամուսինը եւ միւսի կինը, բայց նրանք շնանում են: Բայց կայ ասածներիցս տասնեօթ անգամ առաւել չար, պիղծ եւ ճշմարտապէս նզովքի արժանի շնութիւն, երբ այրն ու կինը, որոնց Աստուծոյ օրէնքով արդար պսակ է հասել (որ ամուսնութիւնը լինի սուրբ եւ պարկեշտ անկողնում՝ ըստ սուրբ առաքեալի հրամանի), թողնում են իրենց սուրբ պսակն ու, դիւական սիրոյ չար ախտով շնանալով, պոռնկութեամբ ուրիշ կին են առնում, տանում տուն կամ մի այլ տեղ՝ դուրս գալով Աստուծոյ հրամաններից ու օրհնութիւններից:

Իսկապէս շնութիւնը սատանայական սիրոյ գործ է եւ դժոխքի դռների բանալի: Ովքեր շնանում են եւ չեն զղջում, անշէջ գեհենի ժառանգորդներ են: Ահա՛ մարդիկ, որոնք գտնում են հաց, բայց խոզի պէս կերակրւում են աղբով: Ահա՛ մարդկանց այն տեսակը, որն ունի մաքուր ջուր, սակայն ուրախութեամբ ըմպում է մահացու ճահճաջուրը, որի մէջ կան զեռուններ, որոնք ժահահոտ աղբի մէջ կենդանանում են, իսկ անուշահոտ իւղի մէջ՝ սատկում:

Թէպէտ սրանք ունեն ոչխարի մաքուր եւ անարատ կաթը, բայց վերցնում եւ ցնծութեամբ ըմպում են շան արիւնը, որովհետեւ նրանց արդար պսակն ու անկողինը անարատ կաթն է, իսկ անուշահոտ իւղը՝ յստակ ջուրն ու մաքուր հացը: Ով թողնելով իր անարատ ու արդար պսակը՝ բաժանուած է պահում կնոջը եւ շնանում է, կամ ուրիշ կին առնելով՝ բերում է տուն, նրա անկողինը շան արիւն է, չար եւ ժահահոտ աղբ, յոյժ եւ իրապէս մահացու տղմոտ ցեխ: Այստեղ չարժէ աւելորդ անգամ յիշել, որ դա ստուգապէս հակառակ է Աստծուն ու Նրա օրէնքներին, նաեւ ատելի է հրեշտակներին ու Նրա բոլոր սուրբերին: Եթէ նրանք նոյն բանի մէջ առանց զղջալու վախճանուեն, կժառանգեն անվերջանալի տանջանքները:

Կարգաւորները, որոնք կամովին գլորւում են լոյսի աստիճանից, ինչպէս Ադամը՝ դրախտից, զրկւում են մեծ ու ցանկալի պատուից, հեռանում Աստծուց եւ Նրա շնորհներից. կին են առնում եւ իրենց լրբութեամբ գայթակղեցնում տեսնողներին: Նրանց համար աւելի լաւ կլինէր, եթէ Աւետարանում յիշուած ծանր քարը կախուած լինէր նրանց պարանոցից, եւ սատկէին ծովի խորքերում, քան թէ գայթակղեցնէին որեւէ մէկին: Սրանք առաջին մարդու նման տուեցին անգին մարգարիտն ու վերցրին ժահահոտ աղբը: Աստուածային առաքեալը գրում է. «Բոլոր մեղքերը, որոնք գործում է մարդը, նրա մարմնից դուրս են, իսկ ով շնանում է կամ պոռնկանում, իր մարմնի ներսում է աղտեղանում»:

Գալիս եւ նոյն չարիքին է միանում արուամոլութիւնը: Թէպէտ միանման ախտեր են սրանք, բայց սա շնութիւնից առաւել չար, ստուգապէս սատանայական ախտ է, որովհետեւ դուրս է մարդկային բնութիւնից եւ անպիտան որդեծնութեան համար, ի տարբերութիւն կանացի իգական անդամի, որն Աստուած ստեղծեց մարդկանց աճման համար: Քանզի սատանան, որքան կարողանում է, հնարներ է մտածում, ջանում է աւելի մեծ չարիքներ գործել տալ մարդկանց, որ նրանք յոյժ հեռանան Աստծուց: Դրա համար էլ հնարեց, ջանաց եւ Ադամի որդիների մէջ սերմանեց արուամոլութիւնը Աստուծոյ հրամանին հակառակ:

Աստուած ստեղծեց կնոջ ծննդական անդամը եւ օրհնութեամբ մարդկանց հրամայեց բազմանալ: Սակայն տե՛ս բանսարկուի չարութեան արուեստը, թէ որտեղից սկսեց այս անտանելի չարիքը: Պատմում են, թէ Կայէնի զաւակների մէջ կար մի կին, որը դարձաւ սատանայի անօթ. սատանան խառնակուեց նրա հետ եւ նրա միջոցով մարդկանց սովորեցրեց արուամոլութիւն: Այդ կինը դժուարածին էր եւ որպէսզի չչարչարուի ծննդաբերելիս, իր ամուսնուն սովորեցրեց անբնականը եւ սոդոմականը գործածել իր չար ախտը բաւարարելու համար եւ ոչ թէ ծննդական որովայնը:

Եւ որովհետեւ հնարաւոր չէ, որ աշխարհում գործուող չարիքը թաքուն մնայ, մարդիկ այս չարիքի մասին լսեցին, սովորեցին նրանցից եւ սովորեցրեցին շատերին: Կամաց-կամաց տարածուեց այն: Տղամարդիկ սովորելով՝ թողեցին իրենց կանանց անկողինը, ու տղամարդը տղամարդու հետ էր գործում այս խայտառակութիւնը: Եւ իգանալով՝ միմեանցից կրկին փնտրում էին փոխադարձը, ինչպէս աստուածային առաքեալը արուամոլների մասին գրում է իր ճառում: Յետոյ տարածուեց ախտը, եւ Աստուծոյ որդիները, որոնք Սեթի որդիներն էին, խառնակուեցին Կայէնի որդիների բարքերին:

Վա՜յ մեզ, եղբայրնե՛ր, աւա՜ղ եւ շա՜տ եղուկ մեր լսելիքին, որովհետեւ ահա մի գործ, որը յոյժ ատեց Աստուած, ահա մի գործ, որը պէտք է իսկապէս այրել, կատաղած գազանի պէս սատկացնել. կամ կտոր-կտոր անելով աշխարհից ջնջել նրան, ով կմտադրուի այն գործել:

Վարդան Այգեկցի  «Խրատներ»

Օրվա ընթերցվածք.

Պետրոս առաքյալի Բ թուղթը 2:9-15
Տերը գիտե աստվածապաշտներին փրկել փորձությունից, իսկ անիրավներին՝ պահել դատաստանի օրվա համար՝ տանջանքների մատնելու նրանց, մանաւանդ՝ մարմնի պիղծ ցանկությունների հետեւից գնացողներին, Աստծո իշխանությունն արհամարհողներին, ինքնահավաններին, հանդուգններին, որոնք չեն վախենում երկնային փառավոր էակներին հայհոյելուց, այն դեպքում, երբ հրեշտակները, որոնք զօրությամբ եւ կարողությամբ ավելի մեծ են իրենցից, նրանց դեմ հայհոյալից դատապարտություն չեն բերում Տիրոջ առաջ: Բայց այս մարդիկ անբան անասունների նման (որոնք ի բնէ որսի եւ մորթվելու համար են) հայհոյում են իրենց չիմացած բաների դեմ. եւ իրենց ապականության մեջ էլ պիտի կործանվեն տանջվելով՝  որպես վարձատրություն իրենց անիրավության. սրանք օրը ցերեկով իրենց ցանկությանը հագուրդ տալը հաճույք են համարում. կեղտոտներ եւ արատավորներ, որոնք հաճույք են ստանում իրենց խաբեբայությունների մեջ՝ ձեզ խրախճանակից լինելով: Աչքեր ունեն՝ պոռնկությամբ լեցուն աչքերի նման, անպակաս են մեղքերից, խաբում են տատանվողների հոգիները, ունեն ագահությամբ բռնված սիրտ. անեծքի՜ որդիներ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ