15 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2018

Կիսաբաց լուսամուտների վարչապետը

543707

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական զարմանալի հայտարարությունն արեց՝ մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ, երբ բռնեց ու կրկին թիրախավորեց «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումը։ Պարզվում է, որ մեր մշակույթի թիվ մեկ սպառնալիքն այդ հաղորդումն է։ Պարզվում է, որ այդ հաղորդումով հեռուստադիտողի կրթական ցենզի դիտավորյալ իջեցում են անում։ Պարզվում է նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող հեռուստաեթեր գրաքննություն մտցնել, բայց պատասխանատու ձևով հայտարարում է, որ այդպիսի հաղորդումները տեղ չունեն Նոր Հայաստանում։ Իա, իրո՞ք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացրած Նոր Հայաստանը գնալով ավելի ու ավելի է հին Հյուսիսային Կորեա հիշեցնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե այդ ո՞վ է տեսել, որ նման հաղորդումներ լինեն, որտեղ մարդիկ իրենց անձնական կյանքն ի ցույց կդնեն։ Կրկին՝ իա, իրո՞ք։ Վարչապետը հավանաբար կյանքում չի լսել Ջերի Սփրինգերի վարած սկանդալային թոք շոուի մասին, որ տարիներ շարունակ ԱՄՆ-ի ամենապահանջված նախագծերից է։ Վարչապետը հավանաբար շոկի մեջ հայտնվի, երբ պարզի, որ ցանկացած եվրոպական երկրում կան այդպիսի հեռուստանախագծեր։ Ու հավանաբար վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորը ընկճախտի մեջ ընկնի, որ նման հաղորդումներ արգելում են այնպիսի փակ երկրներում, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Սաուդյան Արաբիան․․․ բայց ոչ Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Բելգիան ու նույնիսկ Հունգարիան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելի խորը ընկճախտի մեջ կընկնի՝ պարզելով, որ նույն «Կիսաբաց լուսամուտները», կամա թե ակամա, ամենաանաչառ ու ազնիվ պատկերն է ցույց տալիս մեր երկրում տիրող օբյեկտիվ իրականության մասին։ Թե՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արժևորելու է միայն պաթոսակոխ անող լոլոները՝ 5000-ամյա պետականության, միայն արիստոկրատական վարքուբարքով, բարձր քաղաքացիական ինքնագիտակցությամբ հասարակության մասին պատմող գեղեցիկ, բայց հեքիաթ-նախագծերով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավ կանի՝ գրաքննիչի դերից դուրս գա, մի պահ հասկանա, որ առանձին վերցված հեռուստահաղորդումը մի հարց է, որը վարչապետի մակարդակի բան չէ, իսկ եթե ավելի շատ խոհեմություն դրսևորեն, ապա վարչապետը պարբերաբար կնայի դրա թողարկումները, որպեսզի չկտրվի իրականությունից ու միշտ հիշի, որ ինքը միայն սիրունիկ, կրթված ու երիտասարդ իր երկրպագուների վարչապետը չէ, նա նաև այն հսկայական շերտի ղեկավարն է, որին ցույց է տալիս այս հաղորդումը, ու որի համար այսուհետև պատասխանատու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Եվ վերջապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավ կանի՝ հիշի, որ ժողովրդավար երկրներում վարչապետերն ու պետական այրերն ընդհանրապես գործ չունեն մասնավոր հեռուստաընկերությունների եթերային ցանցի ու բովանդակության հետ, եթե դրանք չեն խախտում ՀՀ-ում գործող օրենքները, իսկ «Կիսաբաց լուսամուտները» ոչինչ չի խախտում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավ կանի՝ նաև հաշվի առնի, որ, այդ հաղորդումը չսիրող մարդկանցից զատ, կան նաև դրա բոլոր թողարկումները նայող հազարավոր մարդիկ, որոնք կրակը չեն ընկել զուտ նրա համար, որ իրենց վարչապետի դուրը չի գալիս իրենց հաղորդումը։

Հա, մեկ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավ կանի՝ ծանոթանա տվյալ հաղորդման տրամադրած մարդասիրական օգնության ծավալներին ու արդյունավետությանը, որը, ի դեպ, ոչ մեկ չէր ստիպում անել, ու որի կարիքը կար ու կլինի, քանի որ, ցավոք սրտի, Հայաստանի սոցիալական բարդ պայմանները միայն ֆեյսբուքյան լայվ պերֆորմանսներով ու լավ հռետորաբանությամբ չեն, որ լավանալու են այն աստիճան, որ այդ չքավոր մարդիկ էլ նման օգնությունների կարիքը չունենան։

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ