19 Փետրվարի, Երեքշաբթի, 2019

Եթե մենք ուրիշների նման մտածեինք միայն մեր կուսակցական ու անձնական շահի մասին, հրաժարական չէինք տա. Շարմազանով

f5acc7495656d1_5acc749565711.thumb

«ՀՀԿ-ն միշտ էլ վերանայումներ կատարել է։ Հիմա ՀՀԿ-ի հարցերով մի զբաղվեք, ՀՀԿ-ն իր քաղաքական պատասխանատվությունը կրել է, հրաժարական է տվել Հանրապետականի ղեկավարը, այսօր կա նոր իշխանություն, երկրում շատ ավելի կարևոր խնդիրներ կան, և ակնկալիքները արդեն պետք է լինեն ոչ թե ՀՀԿ-ից, այլ նոր կառավարությունից»,-ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե այս ամենից հետո, երբ համաժողովրդական ճնշման տակ իշխող ուժը զիջեց կառավարությունը,  ՀՀԿ-ն վերանայո՞ւմ է իր քաղաքականությունը։ 

«Իսկ նոր կառավարությունից սպասելիքները շատ մեծ են, որը շատ բարձր նշաձող է դրել, Աստված տա կատարի։ Ասել են թռիչքային զարգացում, ներդրումներ, մարդկային երջանկություն, բազմակարծություն, սեր, համերաշխություն, մենաշնորհների վերացում, Ղարաբաղի հարցում նախաձեռնող քաղաքականություն, Ղարաբաղի վերադարձ բանակցություններին, վարկերի իջեցում, այս ամենը ժողովուրդը սպասում է։ Հիմա ով խոստացել է, նրան հարցը տվեք»,-հավելել է նա։

Հարցին, թե եթե լինեն արտահերթ ընտրություններ, ՀՀԿ-ն կմասնակցի, և  որքան ձայն կկարողանա հավաքել Հանրապետականը և առհասարակ կհաղթահարի շեմը, թե ոչ, Շարմազանովը պատասխանել է. «Երբ կլինեն արտահերթ ընտրություններ, այն ժամանակ կտեսնենք՝ ՀՀԿ-ն մասնակցում է, թե չի մասնակցում, որքան ձայն է հավաքում կամ չի հավաքում։ Հիմա կարծում եմ՝ ավելի կարևոր խնդիրներ կան։ Ես չլսեցի, որ մի լուրջ պարբերական անդրադառնար նոր իշխանություններին, թե այդ ո՞նց եղավ, որ մեկ օրվա մեջ ԵՏՄ-ն դարձավ ամենաուժեղը, ամենալավը, այդ որոշումը եղավ ճիշտ, իսկ Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը դարձան ձեր բարեկամը։ Էդմոն Մարուքյանին ու Արամ Սարգսյանին հարցրեք՝ իրենք շարունակո՞ւմ են համարել, որ ԵՏՄ-ն սխալ էր, որ դա մեր անվտանգությանը սպառնալիք էր։ Մենք ապահովել ենք 7,5 տոկոս տնտեսական աճ, հիմա Փաշինյանի կառավարությունը պետք է ապահովի առնվազն 7,6 տոկոս տնտեսական աճ։ Կապահովի՞ նման աճ, կծափահարենք, կխրախուսենք, կգովաբանենք, չի ապահովի՝ կքննադատենք շատ խիստ։ Թող ավելի մեծ տնտեսական աճ ապահովեն, թող չուզողն էլ ես լինեմ»։

Հարցին, թե իր խոսքից կարելի՞ է ենթադրել, որ կարճաժամկետ չեմ պատկերացնում այս կառավարության գործունեությունը, այլ կարծում են, որ այն երկար է աշխատելու, ԱԺ փոխնախագահն արձագանքել է այսպես. «Ես ինձ համարում եմ դասական քաղաքական գործիչ, և իմ խոսքը ելնում է ոչ թե էյֆորիկ կամ ժողովրդահաճո զեղումներից, այլ սառը ռեալ պոլիտիկի հաշվարկից։ Եթե մարդն ընտրվել է վարչապետ, եթե մարդն իր ծրագիրը հաստատում է, բնականաբար, առնվազն մեկ տարի նույն Ազգային ժողովը վարչապետին անվստահության հարց չի կարող դնել։ Եթե մենք ցանկանայինք Փաշինյանի իշխանության տապալումը, մենք չէինք ընտրի նրան։

Եթե մենք ուրիշների նման մտածեինք միայն մեր կուսակցական ու անձնական շահի մասին, հրաժարական չէինք տա, կգնայինք առճակատման, մայիսի 1-ի նման մայիսի 8-ին էլ չէինք ընտրի վարչապետին։ Կամ մայիսի 8-ին կընտրեինք մեր ուզած վարչապետին։ Այդ 55 մարդը, որ մայիսի 1-ին դեմ քվեարկեց Փաշինյանին, կարող էր մայիսի 8-ին ուրիշին կողմ քվեարկել։ Այդ ողջ վարքագիծը ՀՀԿ-ի պետականամետության վարքագիծն է։ Այսօր էյֆորիայի մեջ որոշ մարդիկ չեն տեսնում, որոշները չեն ուզում տեսնել, բայց ժամանակը բոլորին ու ամեն ինչը իր տեղն է դնելու։ Առնվազն ՀՀԿ-ն ցույց տվեց, որ երկրի կայունությունը, ժողովրդի համերաշխությունը մեզ համար գերնպատակ է։ Թող ապագա իշխանություններից ամեն մեկը ՀՀԿ-ի կեսի չափ ունենա պետական մտածողություն, և կարողանա իր մի մասը զիջել, որ կարողանա պաշտպանել ժողովրդի ու պետության ամբողջականությունն ու կայունությունը»։

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ