16 Օգոստոսի, Հինգշաբթի, 2018

Կայացել է արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ՀՀ-ԵՄ համագործակցության հերթական նիստը

_VAG4837 copy

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության արևելյան գործընկերության դեպարտամենտի ղեկավար Դիրկ Շուբելի համանախագահությամբ այսօր կայացել է արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 9-րդ նիստը: Քննարկումներին մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ  ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության ներկայացուցիչները, ինչպես նաև եվրոպական հանձնաժողովի պատվիրակության, միջազգային կազմակերպությունների ու ՀՀ-ում ներկայացված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների ներկայացուցիչները:

Բացման խոսքում փոխնախարար Քոչարյանը, անդրադառնալով Հայաստանում ներքաղաքական իրադարձություններով պայմանավորված փոփոխություններին, վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը իրականացնելու ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում ՀՀ և ԵՄ-ի միջև 2017թ. նոյեմբերի 24-ին կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:

Արևելյան գործընկերության երկրների դեպարտամենտի ղեկավար Դիրկ Շուեբելը իր ելույթում շեշտել է ԵՄ պատրաստակումությունը առավել խորացնելու առկա բազմոլորտ համագործակցությունը և աջակցելու շարունակական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:  

Նիստի ընթացքում քննարկվել են միգրացիային և շարժունակությանը, մարդկանց թրաֆիքինգի ու կոռուպցիայի դեմ պայքարին, հանցագործությունների կանխարգելմանը, դատաիրավական բարեփոխումներին, դատական համագործակցությանը, կիբերհանցագործության դեմ պայքարին և անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող հարցեր:

Նիստի օրակարգում ընդգրկված միգրացիայի և շարժունակության հետագա քայլերի համատեքստում Դիրկ Շուբելի և ԵՄ այլ ներկայացուցիչների կողմից անդրադարձ է կատարվել վիզաների դյուրինացման և ռեադմիսիայի վերաբերյալ պայմանագրերի իրականացման, շարժունակության շուրջ համագործակցության, ապաստարանի, սահմանային կառավարման և փաստաթղթերի անվտանգության վերաբերյալ հարցերին: Բարձրաձայնված բոլոր հարցերին տրվել են պատասխաններ համապատասխան ոլորտների ներկայացուցիչների կողմից՝ կատարված քայլերի, առկա իրավիճակի և առաջիկա անելիքների վերաբերյալ:

Իր խոսքում արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն անդրադարձել է վերջին տարիների ընթացքում ՀՀ-ում դատաիրավական և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում իրականացված քայլերին՝ կարևորելով այս ուղղությամբ կատարվող աշխատանքների շարունակականությունը և ընդգծելով այդ ոլորտում ԵՄ գործընկերների աջակցությունը քրեակատարողական համակարգի արդիականացմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև իրավական փոխօգնության ու դատական համագործակցության բնագավառում ծավալված երկկողմ և բազմակողմ համագործակցությանը:  

Հանդիպման ավարտին ԵՄ-ն վերահաստատել է իր պատրաստակամությունը խորացնելու և ընդլայնելու Հայաստանին ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրումը՝ ուղղված օրենքի գերակայության ամրապնդման, անվտանգության ապահովման, արդարադատության ոլորտի բարեփոխումների,  կոռուպցիայի, մարդկանց թրաֆիքինգի և ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում ՀՀ կողմից բարեփոխումների հետևողական իրականացմանը:

Հանդիպման արդյունքում ամրագրվել են կողմերի փոխհամաձայնությամբ ձևավորված գործառնական եզրակացությունները, որոնց կատարման ընթացքը կդիտարկվի հաջորդ նիստի ընթացքում:

 

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ