19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ներիր, բայց շատ բաներ չեմ հասկանում. բաց նամակ Ժիրայր Սեֆիլյանին

Ողջույն, Ժիրայր

Ենթադրում եմ՝ ինչ զգացողություններ կարող ես ունենալ այս օրերին: Իսկ մենք՝ դրսիններս, մի կողմից ապրում ենք ՀՀԿ իշխանության տապալման ուրախությունը, մյուս կողմից՝ շատ լավ գիտակցում ենք, որ այդ ուրախությունը չի կարող լիարժեք լինել, քանի դեռ այդ իշխանության վերջին մետաստազը չի ոչնչացվել: Եվ հենց երկրորդի պատճառով է, որ դու, քո զինակից մյուս ընկերները և մնացյալ քաղբանտարկյալները դեռևս ազատության մեջ չեն: Ժիրայր ջան, կարծում եմ՝ տեղյակ ես, որ Գարեգին Չուգասզյանը հացադուլի մեջ է արդեն 23 օր: Նա հյուծված է, և պարզ է, որ այդ հյուծվածությունը կարող է խիստ վտանգել նրա առողջությունը: Համացանցում տարածված նրա նկարներն արդեն իսկ լավ տրամադրություն չեն ներշնչում:

Մեծապես գնահատելի է Գարեգին Չուգասզյանի անձնազոհությունը ձեր բոլորիդ ազատության համար: Սակայն մի՞թե մարդկային կյանքն այդքան էժան մի բան է՝ այս հանգրվանում զոհ տալու համար: Իսկ հանգրվանը, կրկնում եմ, հետևյալն է. ունենք նոր իշխանություն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, և այս իշխանությունը ամեն օր դժվար քայլերով առաջ է գնում Սերժ Սարգսյանի իշխանության փտած արմատները մեկ-մեկ հողից հանելու համար, որպեսզի նույն այդ հողում մեր երազների երկրի սերմերը ցանի: Եվ այս ճանապարհին պետք չէ, որ մենք զոհեր ունենանք կամ տկար մարմնով զինվորներ:

Խնդրում եմ, Ժիրայր, կոչ արա Չուգասզյանին՝ հացադուլը դադարեցնելու: Հացադուլը պայքարի ծայրահեղ միջոց է և գուցե իմաստ ունենար, եթե այսօր մենք չունենայինք այն, ինչ ունենք: Իսկ ունենք մի իրավիճակ, որի համար տարիներ շարունակ պայքարել ենք ու վերջապես ձեռք բերել: Ով՝ ով, դու լավ գիտես, վստահ եմ՝ հրաշալի հասկանում ես, թե ինչ է նշանակում պահել դժվարությամբ ձեռք բերած հաղթանակը: Մեր հակառակորդը, նույն ինքը՝ ՀՀԿ-ն, դեռ իր ազդեցությունն է բանեցնում իր իսկ նշանակած դատավորների, ողջ դատական համակարգի վրա, իսկ գլխավոր դատախազը հայտարարում է, թե երկրում քաղբանտարկյալներ չկան:

Եվ այս պայմաններում, ներիր եղբայր, ի՞նչ է պահանջում Գարեգին Չուգասզյանը, ի՞նչ են պահանջում Արշակունյաց պողոտան փակողները: Այս օրերին, երբ նոր իշխանությունն ընդամենը մեկ շաբաթվա կյանք ունի, նման գործողությունները՝ հացադուլը, փողոցներ փակելը, միայն կարող են հարված հասցնել նոր կառավարության մեջքին, ուրիշ ոչինչ:

Նիկոլը մեկ անգամ չէ, որ խոստացել է օր առաջ լուծել քաղբանտարկյալների հարցը, որի համար նոր կառավարությունը ճանապարհներ է որոնում: Հավատա, որ եթե կառավարությունը հավատարիմ չմնա իր խոստմանը, առաջինը ես դուրս կգամ փողոց՝ ի պաշտպանություն բոլորիդ: Բայց եթե «Սասնա ծռերի» համակիրները շարունակեն այս գործողությունները՝ ներառյալ փողոցներ փակելը, որը չէին անում Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, շատերիս մոտ կարող է կասկած առաջանալ այս հանգրվանում նրանց բարի մտադրությունների նկատմամբ: Փողոց փակելը հարցի լուծում չէ, հեղափոխությունն այդ մասով ավարտվեց, այժմ պետք է պայքար տանել ներքին խարդավանքների, սաբոտաժի դեմ, որը պակաս կարևոր չէ վերջնական հաղթանակի համար:

Ներիր, բայց ես, որ երբեք չեմ կասկածել քո, Վարուժանի և մյուսների հայրենասիրության վրա, այսօր շատ բաներ չեմ հասկանում: Չէի կարող սա չգրել. շիտակությունը նախընտրում եմ հաղորդակցման բոլոր ձևերից:

Ժիրայր, դու ինձ ճանաչում ես, կարծում եմ՝ հիշում ես, թե ինչերի միջով եմ անցել 2008-ից սկսած, գիտես նաև, որ հարգում և գնահատում եմ քեզ:

Ուստի իմ ընկերական, բարեկամական խնդրանքն եմ հղում. հորդորիր Գարեգին Չուգասզյանին՝ դադարեցնել հացադուլը, և մյուսներին՝ դադարեցնել փողոցներ փակելը: Այս գործողությունները հավասարապես վնաս են հասցնում և՛ նոր կառավարության աշխատանքին, և՛ ձեր հեղինակությանը: Հուսով եմ՝ չես կասկածում ազնիվ մղումներիս վրա և կհասկանաս խնդրանքս:

 

Հարգանքով՝ լրագրող Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ