20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բոլորս պաուզայի կարիք ունենք. Փաշինյան

«Բոլորս պաուզայի կարիք ունենք, որպեսզի հանգիստ պայմաններում հարցերը դասավորենք եւ զբաղվենք դրանց լուծմամբ»,-այսօր կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Երեւանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներին, ինչպես նաեւ կառավարության դիմաց հավաքված անձանց խնդիրներին:

«Իհարկե, այս տեսարանը միշտ եղել է բոլոր կառավարությունների ժամանակ: Մենք գիտենք, որ ճնշումների գործադրմամբ շատ տեղերում զսպվել են, փակվել են այդ ակցիաները, հիմա այդ ճնշումների մեխանիզմը չկա, մարդիկ ազատ արտահայտվելու իրենց իրավունքից օգտվում են, դա նորմալ է: Բայց մյուս կողմից ես կարծում եմ, որ պետք է հասկանանք, որ բոլոր հարցերը միանգամից լուծելու տրամաբանություն չի կարող գործել: Եթե մենք բոլոր հարցերը փորձենք լուծել, մենք բոլոր հարցերի լուծումը կձախողենք»,-ասաց նա:

Անդրադառնալով «Սասնա ծռերի» աջակիցների գործողություններին, որոնք երեկվանից փակել են Արշակունյաց պողոտան եւ պահանջում են ազատ արձակել «Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամներին՝ նա նշեց. «Ցանկացած ակցիա, որ արվում է, ամենավատն այն է, որ ձեւակերպված չէ, թե ում դեմ է այն արվում: Եթե որեւէ մեկն ակնկալում է, որ ես պետք է մտնեմ ու ՔԿՀ դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ: Կան ընթացակարգեր, կամ մարմիններ, եւ բոլոր հարցերը կլուծվեն»,-ասաց Փաշինյանը:

Ապա խոսելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ այլ պաշտոնյաների հրաժարականի պահանջից՝ վարչապետը նկատեց. «Եթե մենք միանգամից բոլորի հրաժարականը պահանջենք, դա ճիշտ մոտեցում չէ»:

Նրա խոսքով, պետք է հարցերին մոտենալ փուլ առ փուլ եւ հասկանալ՝ ում հրաժարականն ինչու ենք պահանջում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ