15 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2018

Այնպես չէր, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի թշնամին էր

1524379549-3178

Շաբաթ օրվանից Հայաստանն ունի արդեն նոր կառավարություն։ Կադրերի մասնագիտական ու մարդկային որակների մասին դատողությունների պատասխանատվությունը թողնենք վարչապետին․ նա է առաջարկել, նա էլ ունի իր հիմնավորումներն ու բացատրությունները: Հիմա խոսենք մի փոքր այլ պրիզմայով:

Կադրերը` կադրեր, կա խնդրի առավել կարևոր կողմը` կառավարության ձևավորման սկզբունքը: Ակնհայտ է, որ այս կառավարությունն իրավիճակային ու կոմպրոմիսային է և բնավ համարժեք չէ թավշե հեղափոխության առաջադրած պահանջներին ու նպատակներին: Պարզապես ելք է ստեղծված իրավիճակից: Ի սկզբանե անվանված է, որ կառավարությունն անցումային է` մինչև ԱԺ արտահերթ ընտրութուններ, և դա մասամբ արդարացնում է կառավարության կոմպրոմիսային կազմը: Բայց նշանակումից հետո կառավարությունը պիտի սկսի գործել, ու այս կետից սկսվում են հարցականները:

Ու՞մ են ենթարկվելու նախարարները` վարչապետի՞ն, թե՞ կուսակցությանը, որ իրենց առաջադրել է նախարար: Այս կետի վրա սայթաքել են ՀՀ բոլոր բազմակուսակցական կառավարությունները: ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի նախարարների գործունեության առանցքում դե յուրե լինելու է կառավարության ծրագիրը, որ դեռ պիտի ներկայացվի ԱԺ հաստատմանը, իսկ դե ֆակտո՞: Դարակազմիկ գաղտնիք չէ, որ բոլոր կուսակցությունները` խորհրդարանական ու արտախորհրդարանական, պատրաստվում են ընտրությունների, չե՞ն օգտագործելու այդ կուսակցություններն իրենց վարչական լծակները հօգուտ իրենց ձայներ ապահովելուն: Ի՞նչ լծակ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարներին պահելու ծրագրային ու սկզբունքային դաշտում:

Եթե «Իմ քայլի» նպատակը ոչ միայն «Մերժիր Սերժինն» էր, այլ` համակարգ փոխելը, ինչպե՞ս պիտի համակարգից պոկված մասերը պայքարեն համակարգի դեմ: Տեսականորեն նույնիսկ գեղեցիկ ու տպավորիչ է հնչում` ժողովրդի կողքին լինել, ժողովրդի ցավը տանել և այլն, և այլն, գործնականում անգամ կիսաքանդված վիճակում համակարգի ինքն իր դեմ պայքարելու կամ իրեն վերականգնելու հավանականությունը 50։50 է: Ինչպե՞ս պիտի օլիգարխի գլխավորած կուսակցությունը պայքարի օլիգարխիայի դեմ: Ձևավորելով այս կոմպրոմիսային կառավարությունը` Հայաստանի թավշե հեղափոխությունն այս փուլում արժեքային նահանջ է արձանագրում: Մեծ հարց է` ուժերի վերականգնումից հետո ո՞ր արժեքները կգերակայեն՝ ձևակա՞ն ժողովրդավարության, թե՞ բովանդակային:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում լինելու են անակնկալներ: Արդեն իսկ ուրվագծվում է, որ ՀՀԿ-ն միասնական չի մնալու․ նվազագույնը ՀՀԿ նախագահն ու առաջին փոխնախագահն ընտրություններում միասին չեն լինելու: Կարեն Կարապետյանը Սամվել և Կարեն Կարապետյանների հետ միասին փորձելու է քաղաքական նոր դեմքով մասնակցել ընտրությունների․ դա ոչ միայն ու ոչ այնքան քաղաքական խնդիր է, որքան ֆինանսական: Ս. Կարապետյանը թեթևամտորեն չափազանց մեծ ներդրումներ է արել Հայաստանում ու այնքան սեփականություն ունի, որ չի կարող թողնել բախտի քմահաճույքին: Լինելու է նաև ՌԴ քաղաքական պատվերը` նոր ԱԺ-ում ունենալ իր թևը: Համենայն դեպս, ապահովության համար:

Հայկական թավշե հեղափոխությունն ուներ մեկ գերակա խնդիր` վերականգնել ՀՀ ինքնիշխանությունը: Միայն անկախության պարագայում է հնարավոր տնտեսական հաջողություններ ունենալ: Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստ է զարգացնել հայ-վրացական, հայ-իրանական, հայ-չինական, հայ-հնդկական հարաբերությունները: Հրաշալի է, իսկ Ռուսաստանը թողնելու՞ է, որ զարգացնի: Այնպես չէր, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի թշնամին էր ու ուզում էր ծաղկեցնել արտագաղթը, աղքատությունը, քայքայել տնտեսությունը: Իշխանության լեգիտիմության պակասը նրան կախման մեջ էր դնում ՌԴ-ից:

Նիկոլի իշխանության նույնիսկ 1000 տոկոսանոց լեգիտիմությունը նրա համար դեռ չի ապահովում մենաշնորհների վերացում տնտեսության մեջ ու ազատ մրցակցության հաստատում: Կարողանալու՞ է Փաշինյանի կառավարությունը վերացնել «Գազպրոմի» մենաշնորհային դիրքը և Իրանի գազը բերել Հայաստան ու Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր` Իրանից Եվրոպա գազ արտահանելու համար:

Կարողանալու՞ է Փաշինյանի կառավարությունն այնքան անկախ քաղաքականություն վարել, որ Չինաստանն իր «Մետաքսի մեծ ճանապարհի» ցամաքային հատվածներից մեկն անցկացնի Հայաստանով` ապահովելով ներդրումներ ու ենթակառուցվածքների զարգացում: Նիկոլի վրա մի կասկածեք, նրա նշանակած նախարարներն ունենալու՞ են այդ ցանկությունը և աշխատելու՞ են այդ ուղղությամբ, եթե և՛ ԲՀԿ-ն, և՛ ՀՅԴ-ն սերտ շաղկապված են ռուսական քաղաքական ու բիզնես էլիտաներին ու նրանց թելադրանքով գործելու մեծ փորձ ունեն, իսկ վտանգի պահին` ՌԴ-ից Հայաստանի վրա ճնշում գործադրելով հարցերը լուծելու պրակտիկա:

Վերջապես ե՞րբ է Փաշինյանը հասկանալու, որ սիրաշահել չի նշանակում անվտանգ դարձնել, որ առավոտից երեկո Ռուսաստանին հավատարմության երդումների արանքում պարտավոր է հիշել, որ կա ԵՄ, կա Ֆեդերիկա Մոգերինի, որ օրը երկու հայտարարություն էր անում, որ Նիկոլին ազատ արձակեն ու բռնությունների չդիմեն, կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ, որ այսքան տարի պահել է միանշանակ հայամետ դիրքորոշում ամենատարբեր հարցերում` թեկուզ միայն Իրանի հետ ՀՀ հարաբերությունների զարգացումը պատժամիջոցներով չկաշկանդելը: Կա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիա ու Ֆրանսիայի նախագահ, որ հոկտեմբերին գալու է Հայաստան:

Նոր կառավարությունն ունի 100 օրվա անքննադատ գործունեության չգրված իրավունք: Իսկ կգործի՞ այդքան նոր կառավարությունը` 3 ամիս ու ավելի, եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններն են օրակարգի թիվ 1 հարցը: Կամ ի՞նչ իրավիճակ կստեղծվի կառավարության գործունեության հետևանքով:

Շարունակելի…

 Արթուր Գասպարյան

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ