19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սեֆիլյանը Փաշինյանի միջամտության կարիքը չունի. Հրապարակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հույսեր են կապել հատկապես քաղբանտարկյալների հարազատներն ու համակիրները։ Փաշինյանի ընտրվելու նախորդ օրը «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց, ինչն էլ հիմք հանդիսացավ այնպիսի խոսակցությունների, թե անհապաղ Ժիրայր Սեֆիլյանը, Գեւորգ Սաֆարայնը, Շանթ Հարությունյանը, «Սասնա ծռերը» պետք է ազատ արձակվեն։ Երեկ էլ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ասել էր՝ մի փոքր համբերություն, եւ Ժիրայր Սեֆիլյանն ազատ կարձակվի։

Սեֆիլյանի փաստաբաններից Արայիկ Պապիկյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ ոչ իրենք եւ ոչ էլ իրենց պաշտպանյալը չեն սպասում, որ վարչապետը կամ այլ պաշտոնատար անձ պետք է զանգի կամ հրահանգ տա, որպեսզի Սեֆիլյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվի․ «Դա պետք է կատարի բացառապես դատարանը։ Գործը գտնվում է Վերաքննիչ քրեական դատարանում, կա նախագահող դատավոր, ով վարույթ է ընդունել գործը, թեեւ որոշում մենք չենք ստացել, կազմը հայտնի է։ Գործը վարույթ ընդունելու ժամանակ որոշումներից մեկը վերաբերում է խափանման միջոցի հարցին, այսինքն՝ ենթադրում ենք, որ հավանաբար էդ որոշումը իրենք չեն էլ համարձակվում ավարտել, ստորագրել, թեւե պետք է ստորագրած լինեին։

Խափանման միջոցը այս փուլում փոխելու հարցը իրավական առումով ամենապարզունակ հարցն է, որ պետք է լուծված լիներ։ Ուղղակի դատավորները շարունակում են հին ռեժիմի ձեւով մտածել,որ պետք է իրենց զանգեն, ասեն, իրենք համարձակություն չունեն, որ որպես դատավոր հանդես գան, սովորել են, որ իրենց պետք է անպայման ասեն։ Չեն հասկանում, որ հիմա այլեւս այդպես չպետք է լինի, դա հուշում է, որ այդ դատարանը չի կարող ուղղակի նման գործեր քննել, իրենք պետք է հրաժարականի դիմումը գրեն։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Իսկ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի կամ որեւէ մեկի ազդեցությունը դատարանի վրա, դրա կարիքը չունի ոչ պարոն Սեֆիլյանը, ոչ էլ նրա պաշտպանները։ Նրա միջամտության անհրաժեշտությունը չենք տեսնում»։

Փաստաբանը համոզված է՝ խափանման միջոցը Վերաքննիչ քրեական դատարանը փոխելու է, ինչպես արեց Անդրիաս Ղուկասյանի դեպքում․ «Դատավորը, որը Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը չէր փոխում, որովհետեւ վախենում էր, որ Սերժ Սարգսյանը, ով իրեն դատավոր է նշանակել, հաջորդ օրը իրեն գործից հանելու է։ Հիմա նույնն էլ նույն դատավորների դեպքում է,հաճոյանալու համար նոր իշխանություններին կսկսեն արդարացի որոշումներ կայացնել»։

Անդրադառնալով «Սասնա ծռերին» ազատ արձակելու ոչ միանշանակ պնդումներին՝ Պապիկյանը հստակեցրեց՝ նրանք եւս պետք է ազատ արձակվեն․ «Մահվան ցավալի դեպքեր կան, մենք գիտենք, որեւէ մեկը գիտի՞, թե ով է ենթադրյալ հանցագործություններ կատարել, պատահականության սկզբունքով մեղադրանք են առաջադրել։ Ես՝ ինքս՝ որպես այդ գործում ներգրավված փաստաբան, կասկած անգամ չունեմ, եթե Սեֆիլյանի դեպքում մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ, այս դեպքում մենք ապստամբության իրավունքի հետ գործ ունենք։

Հետեւաբար, «Սասնա ծռերի» դեպքում խնդիրը նույնքան պարզ եւ հասարակ է, որքան Սեֆիլյանի գործի դեպքում։ Ոմանք որ փորձում են շահարկել այս հանգամանքը, դրանով ջուր են լցնում Սերժիկի նախատեսված սցենարին, որը եղել է։ Ոչ ոք թող չշահարկի մահվան փաստերը, կրկնում եմ՝ շատ ցավալի է, բայց այդ մահվան գործերով մեղադրանքները հիմնազուրկ են»։

Հիշեցնենք՝ վարչապետ ընտրվելուց առաջ Նիկոլ Փաշինյանը «Սասնա ծռերին» ազատ արձակելու հետ կապված ասել էր, որ այս հարցով պետք է կայացվեն ոչ թե միանձնյա կամ նեղ թիմային որոշումներ, այլ պետք է քաղաքացիական հասարակության փորձագետների շրջանակների կարծիքները հաշվի առնվեն։

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ