19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահների հայտարարությունները

Հարութ Սասունյան       

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները հայտարարություններ էին տարածել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ: Այս երեքից միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր ազնվություն ու քաջություն ունեցել ողբերգական իրադարձություններն անվանել իրենց անունով`Ցեղասպանություն: Նախագահ Թրամպը խուսափել էր օգտագործել ցեղասպանություն եզրույթը, իսկ Էրդողանը, ինչպես և սպասվում էր, ժխտողական հայտարարություն էր տարածել…

Նախագահ Մակրոնը ապրիլի 24-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին հղած նամակում հայտարարել է. «Ձեր կողքին մենք հիշում ենք 1915 թ. ապրիլի 24-ը և 600 հայ մտավորականների սպանդը Կոնստանդնուպոլիսում, որը վկայում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության սկիզբը: Մենք երբեք չենք մոռանա սպանված այն տղամարդկանց, կանանց և երեխաներին, որոնք իրենց վախճանը գտան աքսորի ճանապարհներին՝ սովից, ցրտից և հյուծվածությունից…. Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի հետ միասին Ֆրանսիան դեռևս 1915 թ. մայիսի 25-ին այդ ջարդերը որակել էր որպես մարդկության և քաղաքակրթության դեմ ոճիր: 1915 թ. սեպտեմբերին ֆրանսիական նավատորմը, կրակի տակ, կարողացավ փրկել Մուսա լեռան 4000 փախստականների»: Իր ցավակցական նամակում Ֆրանսիայի նախագահը հայերի զանգվածային սպանությունները մի քանի անգամ ճշտորեն սահմանել է որպես ցեղասպանություն:

Մյուս կողմից, նախագահ Դոնալդ Թրամփը, կրկնեց անցյալ տարվա հայտարարությունը՝ խուսափելով ցեղասպանություն եզրույթից և օգտագործելով «Մեծ եղեռն» բառերը, որոնք անիմաստ են ամերիկացիների մեծամասնության համար: «Մեծ եղեռնը» (Մեծ ոճրագործություն) այլ բառերի հետ միասին օգտագործվել է հայերի կողմից մինչև 1940-ական թվականներին Լեհաստանի հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից ցեղասպանություն բառի ստեղծումը: Եթե «Մեծ եղեռնը» պարզապես հայերի դեմ թուրքերի վայրագությունների նկարագրությունն է, ցեղասպանությունը միջազգային իրավունքի տերմինաբանություն է՝ համաձայն 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու կոնվենցիայի: Թրամփը օգտագործեց «Մեծ եղեռն» բառերը, որպեսզի պարզապես խուսափի ցեղասպանություն եզրույթից՝ թուրքական կառավարությանը հանգստացնելու համար: Ամոթալի է, որ ոչ ավանդական ղեկավար Թրամփը, որը հպարտանում է իր անսովոր դիրքորոշմամբ բազմաթիվ ազգային և միջազգային հարցերում, պետք է հետևի իր նախորդների խուսափողական ավանդույթին և համընթաց գնա Անկարայի ժխտողականների հետ…

Ապրիլի 24-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, ի պատասխան լրագրողի հարցի, հաստատեց, որ նախագահ Թրամփը պարզապես պատճենել էր իր նախորդների լեզուն: Սանդերսն ասաց. «Նախագահի ստորագրած բանաձևը համահունչ էր նախորդ վարչակազմերի բանաձևերի հետ»:

Նախագահ Թրամփը, կիրառելով խոսքի վարժանքեր, Հայոց ցեղասպանությունը հիշատակեց որպես «վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը», «1915-ի սարսափելի իրադարձություններ» և «անցյալի ցավոտ տարրեր»: Թրամփի խորհրդականները վատ ծառայություն են մատուցել նրան, խորհուրդ տալով ցեղասպանություն եզրույթը փոխարինել «Մեծ եղեռն»-ով: Ամերիկահայ քաղաքացիներին սիրաշահելու փոխարեն, այդ տերմինաբանությունը ավելի է հակադրում նրանց: Եթե Թրամփը ճիշտ բառն օգտագործելու խիզախություն չունի, նա չպետք է ընդհանրապես որևէ հայտարարություն հրապարակի ապրիլի 24-ին: Նախկինում նախագահ Ռոնալդ Ռեյգանը նախագահական հռչակագրում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1981 թ. ապրիլի 22-ին: Բացի այդ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 1975 և 1984 թվականներին երկու բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, իսկ ԱՄՆ կառավարությունը 1951 թվականին զեկույց է ներկայացրել Համաշխարհային դատարան՝ նշելով Հայոց ցեղասպանությունը: Հետևաբար, Հայոց ցեղասպանությունը բազմիցս ճանաչվել է Միացյալ Նահանգների կառավարության կողմից: Թրամփին մնում էր միայն վերահաստատել Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ պատմական արձանագրությունը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտեց նախագահ Թրամփի «ձախողումը՝ ներկայացնելու Հայոց ցեղասպանության ազնիվ հիշատակումը…  Թրամփի «Առաջինը Թուրքիան» մոտեցումը ամրացնում է Էրդողանի՝ ԱՄՆ-ի քաղաքականության սեղմումը՝ հայերի, հույների, ասորիների և այլ քրիստոնյաների ցեղասպանության վերաբերյալ»: Բացի այդ, Ամերիկայի հայկական համագումարը Թրամփի ապրիլի 24-ի հայտարարությունը բնութագրեց որպես «բաց թողնված հնարավորություն՝ աներկբայորեն վերահաստատելու Հայոց ցեղասպանությունը»:

Զարմանալի չէ, որ Թուրքիայի արտգործնախարարությունը մամուլի հաղորդագրություն  հրապարակեց  2018 թ. ապրիլի 25-ին՝ նախագահ Թրամփի ապրիլի 24-ի հայտարարությանը հակազդելու նպատակով. «Մենք մերժում ենք պատմության ոչ ճիշտ և սուբյեկտիվ մեկնաբանությունները, որոնք տեղ են գտել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի գրավոր հայտարարության մեջ, որը հրապարակվել է 2018 թ. ապրիլի 24-ին՝ 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ: Մեր ակնկալիքն է ԱՄՆ վարչակազմից՝ այդ ժամանակահատվածի արդար գնահատում, որի ընթացքում չափազանց տուժել են Օսմանյան կայսրության բոլոր ժողովուրդները»:

Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը, ինչպես և սպասվում էր, մի քանի լուրջ փաստացի սխալներ է պարունակում.

1) Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ «500 հազար մահմեդականների» մահը այն հավասարեցնում է 1,5 միլիոն անմեղ հայ տղամարդկանց, կանանց և երեխաների սպանդի հետ: Ցեղասպանության զոհերն ու պատերազմի կորուստները նույն բանը չեն:

2) Այն կրկնում է նույն սուտը, որ թուրքական կառավարությունը բացել է իր արխիվները հետազոտողների առջև և առաջարկել է ստեղծել «միասնական պատմական հանձնաժողով»: Իրականում, թուրքական իշխանությունները մաքրել են Օսմանյան արխիվները մերկացնող փաստաթղթերից, իսկ «միասնական պատմական հանձնաժողով»ը պարզապես խաղ է հետաձգելու Թուրքիայի մեղավորության ընդունումը:

 

3) Պարծենում է Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից 2018 թ. ապրիլի 24-ին Ստամբուլի Հայոց պատրիարքարանի հղած ուղերձով՝ «Առաջին աշխարհամարտի տարիներին իրենց կյանքը կորցրած օսմանյան հայերի» հիշատակությամբ: Մենք պետք է հիշենք, որ Հայոց ցեղասպանությունը կապ չունի Առաջին համաշխարհային պատերազմի հետ, ինչպես որ Հոլոքոստի վեց միլիոն հրեա զոհերը Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհեր չեն եղել:

Հուսով ենք, որ Էրդողանն ու Թրամփը քաջություն կունենան հայերի զանգվածային սպանություններն անվանելու իրենց իսկական անունով՝ Ցեղասպանություն: Ֆրանսիայի նախագահ Մակրոնն արել է դա, նույնը պետք է անեն Էրդողանն ու Թրամփը…

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ