23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Պուտինի Եվրասիական Միությունը եւ Հայաստանի “ոչ”-ը

Ներկայացնում ենք  “Ժառանգություն” կուսակցության վարչության անդամ Լուսինե
Պետրոսյանի “Պուտինի Եվրասիական նախաձեռնությունը եւ Հայաստանի “ոչ”-ը
վերտառությամբ հոդվածը, որը գրվել է European Union Foreign Affairs
Journal-ի (EUFAJ) (“Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների
հանդես”) սեպտեմբերյան թողարկման համար:

Մինչեւ հոդվածի հրատարակությունը ամսագրի սեպտեմբերյան համարում, ՆԱՏՕ-ի
գլխավոր քարտուղարի հայաստանյան այցի նախօրեին այն հրապարակվել է ամսագրի
համացանցային բլոգ-ում www.eufaj.eu Libertas Blog:

 

ՆԱՏՕի գլխավոր քարտուղարի այցի նախօրեին   

Եվրասիական Միությունը ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից առաջադրված գաղափար է, որը շատերին թվում է երկու տասնամյակ առաջ աշխարհի քարտեզից վերացած ԽՍՀՄ-ի հոգեդարձման փորձ: Թերեւս զուր… խորհրդային ՊԱԿ-ում ծառայած մարդը հազիվ թե իրականության համարժեք ընկալման այնքան խնդիրներ ունենա, որ կարծի, թե այսօրվա Եվրոպայում կամ Ասիայում հնարավոր է ԽՍՀՄ-ի կամ դրա որեւէ նմանակի վերականգնում: ՊԱԿ-ի կադրային սպայից շատ ավելի սպասելի է, որ առաջնաբեմի իր գործողություններն ու քայլերը քող ծառայեն կուլիսներում պրագմատիկ խնդիրներ լուծելու, “ծրագիր մաքսիմում” թմբկահարելով “ծրագիր մինիմում” իրականացնելու համար:

 

 

Պայքար Ղազախստանի համար

Եվրասիական Միության մասին ռուս պաշտոնյաները աշխարհագրական որ լայնություններում էլ խոսեն, այդ վիրտուալ միության քանի մայրցամաք միավորող սահմաններ էլ օդում գծեն, Եվրասիական նախաձեռնության էությունն ու մտահոգությունը Ղազախստանը Մոսկվայի ազդեցության ուղեծրում պահելն է:

Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւին, ում “կարմիր սուլթան” են կոչում, ԽՍՀՄ փլուզումից ի վեր հրաշալիորեն հաջողվեց իր երկիրը բարեկեցության հասցնել եւ միջազգային աճող դերակատարություն երաշխավորել` վերածելով այն Միջին Ասիայի առաջատար տերության: Այսօր Ղազախստանում կան թե´ արեւմտյան կապիտալ եւ խոշոր ընկերություններ, թե´ ռուսական տիեզերակայան, գիտա-կրթական, մշակութային կապեր եւ թե՛ հեռավոր-արեւելյան հսկաների, հատկապես Չինաստանի ընդլայնվող ազդեցություն:

Արեւմուտքի ներկայությունը Ղազախստանում Ռուսաստանին մեծ առումով չի մտահոգել, քանի որ նախադրյալ չունի ֆինանսա-տնտեսական հարթությունից դուրս գալու. Ղազախստանը թե´ աշխարհագրորեն, թե´ քաղաքակրթական պատկանելությամբ շատ հեռու է Եվրոպայից:  Մինչդեռ Չինաստանի աճող ազդեցությունը, միաժամանակ միգրացիոն, ֆինանսա-տնտեսական եւ քաղաքական էքսպանսիայի տարրերով, այլ պատմություն է:

Եթե Չինաստանի միայն ֆինանսա-տնտեսական առաջխաղացումը աֆրիկյան մայրցամաքում կարող է անհանգստացնել Եվրամիությանը, ապա միգրացիոն ու քաղաքական ուղղությունների հավելումով իրականացվող էքսպանսիան Միջին Ասիայում որքա՜ն ավելի մտահոգիչ պետք է լինի Ռուսաստանի համար: Նման ընթացքի վերջը կարող է լինել ուղղակի Չինաստանի աշխարհագրական ընդլայնումը` Միջին Ասիայում երկրների համագործակցության ինչ-որ ֆորմատ ստեղծելով:

Բուն Ղազախստանի` հետզհետե Չինաստանի ազդեցության դաշտ տեղափոխվելը դեռ Ռուսաստանի կես դժբախտությունն է: Ռուսաստանի ամբողջ դժբախտությունն այն է, որ դա ֆիզիկական կայսրություն է առանց հոգեւոր լիցքի, եւ ռուսական Սիբիրը բնակեցնող ազգությունները, իրենց փոքր կամ ընդարձակ ինքնավարություններով, նայում են ոչ միայն Մոսկվային: Ղազախստանում Չինաստանի ազդեցությունը չի կարող վաղ կամ ուշ չպրոյեկտվել ռուսական Սիբիրի վրա:

 

Կյանքն այն է, ինչ դրա մասին մտածում ենք

Ապագայում ինչ-որ պահի ՆԱՏՕ-ի «Վանկուվերից-Վլադիվոստոկ պաշտպանական վահանի» առաջարկը կարող է փաստացի վերածվել Ռուսաստանի տարածքային ամբողջականության պահպանման երաշխիքի: Առայժմ տեսանելին այն է, որ պատմությունը կրկնվում է: Ինչպես նոր հազարամյակի առաջին տասնամյակում Ռուսաստանը հեռացավ Եվրոպայից, եւ ՌԴ եվրոպական սահմանի ամբողջ երկայնքով հաստատվեց ՆԱՏՕ-ն, այնպես էլ երկրորդ տասնամյակում ՌԴ-ն կարող է հեռանալ Միջին Ասիայից, եւ հեռավոր-արեւելյան հսկաները ընդլայնեն ազդեցությունը Ռուսաստանի հարավային սահմանի երկայնքով:

Ինչպես անցյալ տասնամյակում Չեչնիայի պատերազմով Պուտինին հաջողվեց ռուսաստանցիներին հզորության իմիտացիա ներշնչել եւ Եվրոպայում առհավետ ազդեցություն կորցնելը ռուս հասարակության համար զգալիորեն աննկատ անցավ, այնպես էլ հիմա՝ Եվրասիական Միության նախաձեռնությամբ եւ իմիտացիոն զարգացումներով Միջին Ասիայի համար պայքարելու, իսկ չհաջողելու դեպքում` ռուս հասարակության համար գոնե անցավ ու աննկատ նահանջելու խնդիր կլուծվի: Կեցվածքով արդյունք փոխհատուցել Պուտինին ակնհայտ հաջողվում է:

Հրաշալորեն հասկանալով խաղը՝ առաջին խոչընդոտն ու բարդությունը Եվրասիական Միության ճանապարհին ստեղծում է հենց Ղազախստանը: Նազարբաեւը սպառիչ հստակությամբ հայտարարել է, որ Եվրասիական Միությունը միայն տնտեսական համագործակցության ձեւաչափ է, որը չի կարող եւ չի հետապնդում քաղաքական միավորման նպատակ: Հանուն Ղազախստանի ներգրավման ստեղծվող կառույցում դժվար է Ղազախստանի դիրքորոշմանը հակադրվել:

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այց եվրասիական զարգացումների փոխարեն

Եվրասիական քաղաքական միավորում ձեւավորելու հավակնությունների համար Ղազախստանի անհամաձայնությունը գրեթե ֆիասկո է նշանակում: Այս առումով Ռուսաստանը հազիվ թե իլյուզիաներ տածի: Ներկայում այն ավելի շուտ տարածում է իլյուզիաներ՝ հասնելու համար հոգեբանական ճնշման եւ էֆֆեկտի այն երկրներում, որոնց կցանկանար տեսնել Եվրասիական Միությունում:

Թերեւս ռուսական քարոզչությունը հենց այդ նպատակն էլ հետապնդում էր անցնող  հուլիս-օգոստոսին, երբ նախ մի քանի բարձրաստիճան ռուս էմիսարներ այցելեցին Հայաստան եւ հայտարարություններ արեցին Եվրասիական Միության մասին, այնուհետ ՀՀ նախագահի 8.08.2012-ին ծրագրված մոսկովյան այցի նախօրեին ռուսական ԶԼՄ-ները անվերջ եւ համառորեն հաղորդեցին Եվրասիական Միությանը անդամակցելու Հայաստանի սկզբունքային համաձայնության մասին, որը հայտարարվելու էր  նախագահների հանդիպմանը:

Հայաստանը Եվրասիական Միության նախատիպ ծառայող Մաքսային միության երկրներից (ՌԴ-Բելառուս-Ղազախստան) ոչ մեկի հետ չունի սահման, հետեւաբար Հայաստանի ներգրավումը այդ մաքսային ակումբի մեջ դե ֆակտո կնշանակեր քաղաքական երեւույթ հաղորդել տնտեսական կառույցին՝ առերեւույթ հակակշռելով քաղաքական միավորմանն ասված Ղազախստանի «ոչ»-ը:

Օգոստոսի 8-ին ՀՀ նախագահի այցը Մոսկվա իհարկե կայացավ… Կրեմլից եւ ՀՀ նախագահի աշխատակազմից տարածվեցին մամլո հաղորդագրություններ, նույնիսկ տրվեց համատեղ մամուլի ասուլիս, բայց… ինչպես եւ պետք էր սպասել, ի հեճուկս ԶԼՄ-ների բարձրացրած ողջ ժխորի, Եվրասիական Միության հիշատակություն չեղավ: Նույնիսկ հայտնի չդարձավ` թեման քննարկվե՞լ է նախագահների հանդիպմանը, թե ոչ:

Եթե քննարկվել է, ապա ակնհայտորեն Հայաստանը տեղի չի տվել Եվրասիական Միությանը անդամակցելու Մոսկվայի հորդորներին եւ ճնշումներին, ինչպես 2008-ի ռուս-վրացական ռազմական բախումից հետո տեղի չտվեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ռուսական պահանջներին:  Այն ժամանակ Հայաստանը փաստարկել էր, թե ինքը չի ճանաչել անգամ Լեռնային Ղարաբաղի անկախությունը (հայկական անկլավ, որն անջատվել է Ադրբեջանից եւ անկախություն է հայտատարել ավելի քան 20 տարի առաջ): Այժմ Հայաստանը փաստարկում է, թե չունի ընդհանուր սահման Մաքսային Միության երկրների հետ, որոնց շուրջ ձեւավորվում է Եվրասիական Միությունը:

Փաստարկները իրականության մեկնաբանություն են, բայց դրանք նաեւ կամքի արտահայտություն են:  Թերեւս Հայաստանի այդ կամքը տեսանելի է եղել եւ դրա շնորհիվ էլ նվազեց աղմուկը Պուտինի Եվրասիական նախաձեռնությանը Հայաստանի միանալու շուրջ: Ավելին, դեռ ամռան սկզբին հայտարարվել էր, որ սեպտեմբերին նախագահ Պուտինը պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան: Բայց սեպտեմբերը եկավ՝ բերելով այլ նորություն. սեպտեմբերի 5-6-ը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Հայաստան. սիմվոլիզմ, որ ինքնին խոսուն է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ