25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դատավորն, իր արդարադատական ֆունկցիան կատարելիս, բացարձակապես անկախ է. Գագիկ Հարությունյան

Տեղի է ունեցել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի առաջին հանդիպումը հայաստանի հանրապետության դատարանների նախագահների հետ, տեղեկացնում է ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը  Գագիկ Հարությունյանը ներկայացրել է նախօրոք կատարված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները՝ Հայաստանի դատական իշխանության առջև ծառացած և հրատապ լուծում պահանջող խնդիրների և դրանց հնարավոր լուծումների ուղղությունները սահմանելու վերաբերյալ:

«Ելնելով Սահմանադրության և «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներից՝ մենք մեր որոշմամբ արձանագրում ենք և հայտարարում, որ անթույլատրելի ենք համարում հանրային իշխանության որևէ ներկայացուցչի կողմից գործը քննող դատավորի և դատարանի նախագահի հետ որևէ կոմունիկացիա՝ տվյալ գործի շրջանակներում: Սա անթույլատրելի է և ուղղակի միջամտություն դատավորի անկախությանը: Մենք չենք ընդունելու, որ իշխանության որևէ մարմին դատական իշխանությանը դիտի որպես պետաիշխանական հարաբերությունների օբյեկտ: Այդ ժամանակներն անցան: Իշխանության ցանկացած մարմին, առնչվելով դատական իշխանության հետ, պետք է նկատի ունենա, որ դատական իշխանությունը պետաիշխանական հարաբերությունների հավասարազոր սուբյեկտ է և իշխանությունների բաժանման համակարգում ունի իր առանձնահատուկ տեղը, դերը և առաքելությունը: Մենք երբեք չենք փորձի գնացքի հետևից վազողի դերակատարություն ստանձնել, և դատական իշխանությանն առնչվող ընդունման ենթակա ցանկացած իրավական ակտ պետք է անպայման նախապես դատական իշխանության ինստիտուտների կողմից արժանանա  համապատասխան  արձագանքի և մասնագիտական կարծիքի»:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նշել է, որ Խորհուրդն աշխատանքային խումբ է ձևավորելու, որպեսզի գոյություն ունեցող օրենսդրական ակտերի փորձագիտական վերլուծություն կատարվի

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դատարանների նախագահներին տեղեկացրել է, որ առաջիկայում գործարկվելու է դատական իշխանության պաշտոնական էլեկտրոնային նոր հարթակը:

«Մենք այս մշտադիտարկման օգնությամբ տալու ենք գնահատականներ. իրականացվելու է ռեյտինգավորում՝ դատավորի, դատարանի և ցանկացած մեր օղակի: Եվ այն ներգործելու է գնահատման, առաջխաղացման, նշանակումների ժամանակ, այսինքն՝ բոլոր փուլերում», – ընդգծել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

Նա նշել է, որ դատավորը, իր արդարադատական ֆունկցիան կատարելիս, բացարձակապես անկախ է ու պետք է լինի իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխավորը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անդրադարձել և որոշակի վերլուծություններ է ներկայացրել ինչպես կոռուպցիոն, այնպես էլ դատական իշխանությունն արատավորող այլ երևույթների, դրանք ծնող գործոնների վերաբերյալ՝  շեշտելով, որ Խորհուրդը հաստատակամորեն գնում է դրանք դատական իշխանությունում իսպառ բացառելու ճանապարհով:

«Հիմա ընթանում է բարեփոխման գործընթաց, և այս գործընթացում մեր համակարգը պետք է ավելի շուտ արձագանքի: Մենք պետք է կարողանանք բեռնաթափվել այն բոլոր արատներից, որոնք համակարգին խորթ են»,- նշել է նա:

Անդրադառնալով միջազգային կառույցների արձագանքներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հակիրճ ներկայացրել է միջազգային արդարադատական ծրագրի վերջին երկու տարիների ուսումնասիրությունները՝ կապված դատարանների անկախության, քրեական, քաղաքացիական, վարչական ոլորտներում արդարադատության առկա վիճակի մասին, մատնանշել մեր առկա հնարավորություններն ու ներուժը, սակայն միաժամանակ պասիվ ներգրավվածությունը՝ գիտագործնական և վերլուծական գործընթացներին:

Հաջորդ կարևոր խնդիրը, որին անդրադարձել է Գագիկ Հարությունյանը, կառուցակարգային և նյութատեխնիկական անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է դատարանների արդյունավետ աշխատանքն ապահովելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դատական իշխանությանը վերաբերող մի շարք կարևորագույն խնդիրներ:

 Իր ամփոփիչ խոսքում Գագիկ Հարությունյանը նշել է. «Հաջողության հասնելու մեր հիմնական բաղադրիչը միասնական գործելն է, և մեր ջանքերը պետք է միտված լինեն դատավորի հեղինակության հանրային ընկալման դերի բարձրացմանը»:    

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ