19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գործընթացի նախաձեռնողները արդեն ճանաչել են են Խորհրդարանի լեգիտիմությունը

Հաշվի առնելով բազմաթիվ լրատվամիջոցների հետաքրքրությունը՝ կապված Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների  առնչությամբ ՕԵԿ դիրքորոշման հետ՝ կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը վերոնշյալ գործընթացների վերաբերյալ մի քանի հարց ուղղեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, գրում է hartak.am-ը:

-Պարոն Բաղդասարյան, վերջերս Նիկոլ Փաշինյանը, խոսելով Էդմոն Մարուքյանի իրենց շարժմանը չմիանալու մասին և ինստիտուցիանալ ճանապարհով գնալու առաջարկին, նշել էր, որ այդ ճանապարհն արդեն տրորվել է ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի կողմից: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Ես ողջունում եմ քաղաքական ու քաղաքացիական պայքարի ցանկացած դրսևորում, եթե այն իր մեջ պարունակում է արդյունքին միտված հստակ նպատակ, ծրագիր և բովանդակություն: Քաղաքական իմ գործունեության մեջ հեղափոխական չեմ եղել երբեք և չեմ ձգտել երբեք փոփոխությունները և բարեփոխումներն այդ ճանապարհով անցկացնել:

Ես ինստիտուցիոնալ հենքով քաղաքական պայքարի ջատագով եմ: Ինստիտուցիոնալ հենքով ստեղծել եմ կուսակցություն, որ շուրջ 20 տարի եղել է խորհրդարանական ուժ քաղաքական դաշտում, հենց այդ գործիքների կիրառմամբ խորհրդարանական և նախագահական ընտրություններում հավաքել եմ ծանրակշիռ քվեներ, նույն ինստիտուցիոնալ գործիքներով ժամանակին ղեկավարել եմ Ազգային ժողովը և Անվտանգության խորհուրդը, և այդ ինստիտուցիոնալ գործունեության պտուղներն այնքան տեսանելի են եղել, որ նույնիսկ չարախոսներն են ընդգծել: Նույն մտածողությամբ և գործելաոճով Հայաստանում հիմնադրել եմ Ֆրանսիական համալսարանը, Եվրոպական համալսարանը, Ֆրանս-գերմանական բարձրագույն ինժեներական ինստիտուտը, ՀԱՊԿ և ԵՎՐԱԶԵՍ ակադեմիան, որոնք այսօր արդյունավետ գործունեության փայլուն օրինակներ են:

Քաղաքականության մեջ ևս մենք մշտապես հանդես ենք եկել հանուն բարեփոխումների և փոփոխությունների, և այդ համատեքստում համախմբված և հետևողական պայքարի արդյունքում հեղինակել ենք ավելի քան 250 օրենք` հիմք դնելով ավանդների վերադարձից մինչև անվճար միջին մասնագիտական կրթություն և բազում այլ լուսավոր օրինակներ:

 վերջո, պարոն Բաղդասարյան, ո՞րն է լինելու Ձեր դիրքորոշումը այս օրերին Սերժ Սարգսյանին “ոչ” ասող ուժերի նախաձեռնած պայքարին: ՕԵԿ-ը կարո՞ղ է միանալ այս գործընթացին:

-Ըմբռնումով մոտենալով որևիցե քաղաքական պայքարի նախաձեռնողներին, այդուհանդերձ ՕԵԿ-ը նախաձեռնված գործընթացին չի մասնակցի հետևյալ դրդապատճառներից ելնելով.

Առաջին` նույն այս գործընթացը նախաձեռնողները ոչ միայն արդեն իսկ ճանաչել են այս խորհրդարանի լեգիտիմությունը, այլև մասնակցել կամ քվեարկել են այս խորհրդարանի ընդունած բազնաթիվ որոշումներին: Այս իմաստով այսօր ոչ մի իրավական հիմք չկա, որ նույն խորհրդարանը չկարողանա ընտրել իր իսկ նախընտրելի մեծամասնության թեկնածուին` անկախ թեկնածուի անձից: Ի տարբերություն նրանց` մենք դեմ ենք եղել սահմանադրական փոփոխություններին, որոնցով էլ հենց Հայաստանում հիմք դրվեց այս գործընթացին:

Երկրորդ` ձևավորված իշխանությունը ոչ մի պատճառ չունի իրավունքի ուժով հետամուտ չլինելու իր լիազորությունների իրականացմանը նույնիսկ հարուցվելիք խոչընդոտների պայմաններում:

Երրորդ` եթե ընդդիմության այդ հատվածը, որ սահմանադրական և խորհրդարանական ընտրությունների  լեգիտիմությունը կասկածի տակ չի առել, և ավելին, այսօր էլ կասկածի տակ չի առնում, և  համագործակցության դաշտ է ձևավորել ինչպես նախընտրական, այնպես էլ խորհրդարանական ձևաչափով տարբեր ներքին և արտաքին գործընթացներին առնչվող հարցերում, ապա այս պարագայում իշխող քաղաքական մեծամասնությունն իրավունք ունի առաջադրելու այն թեկնածուին, ում ինքն անհրաժեշտ է համարում:  

Չորրորդ` ինչպես հայտարարել եմ ՕԵԿ վերջին համագումարում`ինքս կողմ լինելով քաղաքականության մեջ հրապարակային, այլ ոչ ստվերային գործընթացներին, կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ վարչապետ ընտրվի այն անձը, ով փաստացի ղեկավարում է իշխող ուժը, այլ ոչ թե ձևականորեն նշանակվի մեկը, բայց ղեկավարի բոլորովին այլ անձ:

Հինգերորդ` դատելով գործընթացի նախաձեռնողների հրապարակային ելույթների և հայտարարվելիք հնարավոր գործողությունների մասին հայտարարություններից, ինչպես նաև հաշվի առնելով իշխանությունների հնարավոր վարքագիծը և գործողությունների տրամաբանությունը՝ ակնհայտ է դառնում հնարավոր ցնցումների և բախումների հնարավորությունը, ինչը մեզ համար չի կարող ընդունելի լինել, քանզի ելնելով մեր քաղաքական մոտեցումներից՝ մենք երբեք մեր քաղաքական պայքարի ողջ ընթացքում կողմ չենք եղել բռնությունների, բախումների միջոցով իշխանափոխություն իրականացնելու մոտեցումներին: Նույն տրամաբանությամբ վարվեցինք 2008թ. փետրվար ամսին և չնայած տարաբնույթ չարախոսություններին` հենց մեր հավասարակշիռ կեցվածքն էր, որ հնարավորություն տվեց խուսափել ավելի մեծ արյունահեղությունից:

Եթե նույն այս գործընթացը նախաձեռնվեր նախընտրական շրջանում, շատ ավելի մեծ կլիներ դրանց ազդեցությունը այդ ընտրությունների քաղաքական ելքի վրա և այսօր կլիներ բոլորովին այլ իրավիճակ: Ցավոք, սակայն այդ ժամանակահատվածները Հայաստանում որոշ պատվերով ընդդիմադիրներ օգտագործում են նույն ընդդիմադիրներին փնովելու և վարկաբեկելու համար` “աշխարհի վերջի” գալու հիմնավորմամբ մի քանի ձայն ավել փախցնելու տարածված գործելաոճը հիմք ընդունելով:

Թվարկումը կարելի է շարունակել, բայց բավարարվենք այսքանով:

-Արդյո՞ք դա չէ պատճառը, որ ՕԵԿ-ին մեղադրում են մեկ ընդդիմություն, մեկ իշխանություն լինելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս մոտեցումը:

Գիտեք, մենք գործ ունենք քաղաքագիտական պարզագույն նոնսենսի հետ: Ի՞նչ են ցանկանում ասել նման մոտեցումների կրողները: Որ քաղաքական ուժը պետք է լինի միշտ իշխանությո՞ւն կամ միշտ ընդդիմությո՞ւն: Այդ դեպքում ինչի՞ համար է քաղաքական պայքարը: Ում մտքով այսօր ցանկացած եվրոպական երկրում կարող է անցնել, որ մի կուսակցություն, օրինակ` Ֆրանսիայում կամ Բելգիայում, Բուլղարիայում կամ Ռումինիայում, միշտ կարող է լինել իշխանություն, մյուսը` ընդդիմություն: Սա իսկապես աբսուրդ է և հենց այս պատճառով էլ ցանկացած քիչ թե շատ քաղաքակիրթ երկում իշխանական քաղաքական ուժերը պարբերաբար փոխում են իրենց տեղերը` ընդդիմությունը դառնում է իշխանություն, իշխանությունը` ընդդիմություն, ձևավորվում են տարաբնույթ կոալիցիաներ, դաշինքներ` ելնելով ընտրությունների արդյունքներից: ՕԵԿ-ի, ինչպես ցանկացած քաղաքական ուժի, նպատակը իշխանությունն է` իր ծրագիրը կյանքի կոչելու համար: Իշխանությունը կարող է լինել ամբողջական, հատվածային: Դա կախված է քաղաքական ուժերի դասավորությունից և ընտրությունների արդյունքներից: Սա է պարզ քաղաքագիտական ճշմարտությունը: Բերեմ կոնկրետ ժողովրդավարության օրրաններից մեկի` Ֆրանսիայի օրինակը: Աջերը իշխանության էին 10 տարի առաջ` Սարկոզիի գլխավորությամբ, ընտրություններին դարձան ընդդիմություն, սոցիալիստների հաղթանակով Օլանդը դարձավ նախագահ, իսկ անցյալ տարի արդեն Մակրոնը հաղթանակեց այլ քաղաքական ուժերի հետ կազմած կոալիցիայով: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:

-Այդ դեպքում ո՞րն է լինելու ՕԵԿ-ի դիրքորոշումը Հայաստանի քաղաքական դաշտում` հաշվի առնելով ժողովրդի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, ժողովրդագրական ճգնաժամը, խորացող կոռուպցիան և օլիգարխիկ համակարգը:

Իսկապես, Հայաստանում համակարգային դարձած խնդիրների շարունակական անտեսումը և կիսատ-պռատ լուծումները բավականաչափ ծանրացրել են իրավիճակը երկրում: Վճռական փոփոխությունների հրամայականը դարձել է անհրաժեշտություն: Ընդդմադիր ուժերի դիրքորոշումների հստակեցումը ևս կարևոր է ներկայիս պայմաններում: Ըստ էության այսօր քաղաքական դաշտը գտնվում է հետևյալ վիճակում՝ օլիգոպոլ իշխանություն, խորացող սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական ճգնաժամով և մարտահրավերներին հաղթահարելու անկարողությամբ և ընդդիմություն, որն ունի ըստ էության երկու ճանապարհ. առաջին` ընդդիմադիր  գործունեությամբ ,,ծռության,,  ճանապարհը, այն է` փողոցային պայքար, հարթակներ,  հանրահավաքներ, քաղաքացիական ընդվզում և, եթե կուզեք, արմատական, հեղափոխական խնդիրների առաջադրման և լուծման միջոցով: Այս ճանապարհը քաղաքական այն ուժերի համար է, որոնք ինչպես նախկինում, այնպես էլ այժմ հանդես են եկել կոշտ, արմատական ընդդիմության դիրքերից՝ ընդունելի համարելով քաղաքական պայքարի բոլոր ճանապարհներն ու մեխանիզմները: Այս ճանապարհի կողմնակիցները պետք է լինեն հենց այն քաղաքական ուժերը, որոնք պարբերաբար հենց այս թեզերն են գերակա համարել և իրենց քաղաքական գործունեության ընթացքում խորհրդարանում և թե խորհրդարանից դուրս հարթակներում հանդես են եկել “Մահ ռեժիմին”  և նմանատիպ այլ կարգախոսներով:

Ընդդիմության երկրորդ խումբը՝ առավել ինստուտցիոնալ քաղաքականության կրողներն են: Այո, արմատական փոփոխություններ երկրում, այո, համակարգային պայքար, բայց ոչ թե սոսկ փողոցներում և հրապարակներում, այլ առավել քաղաքակիրթ՝ զուգակցելով ըստ անհրաժեշտության հանրահավաքային պայքարը հրապարակային պայքարի այլ դրսևորումների հետ, հիմք ունենալով խորքային բարեփոխումներ` ինստիտուցիոնալ գործիքների կիրառմամբ մեխանիզմ և գործիքակազմ, որ կիրառվում է ողջ քաղաքակիրթ աշխարհում: Այսօր նույն ժամանակակից Եվրոպայում շատ քչերի մտքով է անցնում իշխանափոխություն անցկացնել զենքի ուժով, բռնի կոչերով, ապստամբելով և այլն: Իշխանության հասնելու ցանկացած ձևով և եղանակով` մերը չէ, անկախ նրանից ո՞ւմ է դա դուր գալիս, ում` ոչ: Մենք ունենք մեր տեսլականը, մեր բանաձևը, հարգանքով վերաբերվելով ցանկացած այլ տեսակետի ու մոտեցման: Այլ խոսքով ասած մեր մոտեցումը պարզ է` այլընտրանքի արմատավորումը ինչպես հեղափոխական ընդդիմության, այնպես էլ օլիգոպոլ իշխանության միջև: Հենց սա էլ լինելու է ՕԵԿ-ի քաղաքական ճանապարհը ընդդիմադիր այս բևեռում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ