16 Օգոստոսի, Հինգշաբթի, 2018

Սեֆիլյանի գործով կդիմեն միջազգային ատյաններին

jirayr-sefilyan

«Սեֆիլյանի նկատմամբ իրականացվել է բացահայտ քաղաքական հետապնդում: Նա ենթարկվում է անձնավորված հետապնդման: Դատավճիռը գրեթե ամբողջությամբ մեղադրական եզրակացության կրկնօրինակն էր: Դատավորը որևէ ջանք չէր գործադրել՝ համապատասխան տեքստ ու բովանդակություն ներկայացնելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց 10,5 տարվա ազատազրկման դատապարտված Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

 Արայիկ Պապիկյանի խոսքով՝  դատավճռի մեջ չկա որևէ վերլուծություն, գրեթե բացակայում է պատճառաբանությունը.« Կոնկրետ Ժիրայր Սեֆիլյանի դեպքում մնացել են այն ենթադրությունները, որոնք ներկայացվել էին նախաքննության ժամանակ, առաջադրված մեղադրանքում: Առանց որևէ պատճառաբանության դատարանը ՀՀ անունից կայացրել է դատական ակտ»,-ընդգծեց փաստաբանը:

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպաններ Արայիկ Պապիկյանը, Տիգրան Հայրապետյանն ու Տիգրան Եգորյանը  հայտնեցին, որ պատրաստվում են դիմել միջազգային ատյաններին:

«Չկա այն դատական համակարգը, որից կարող ենք արդարադատություն պահանջել՝ հատկապես Սեֆիլյանի և մյուսների գործով: Ուստի, ցանկություն ու մտադրություն ունենք սպառել ներպետական բողոքարկման հնարավոր միջոցները և միջազգային ատյաններում բողոքարկել ու կարգի հրավիրել ՀՀ իշխանություններին, որպեսզի դադարեցնեն այս ամենը»,-եզրափակեց   Արայիկ Պապիկյանը:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի հինգ ամսվա ազատազրկման: Դատավորն ամբողջությամբ ապացուցված էր համարել այն, որ Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և այլն, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ:

Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 5.5 տարվա ազատազրկման: Դատավորը, սակայն, հաշվարկեց մեկ այլ՝ «տոնածառի» գործով Սաֆարյանի արդեն կրած երկու տարվա պատժաչափը: Այսինքն՝ Գևորգ Սաֆարյանն, ըստ էության, դատապարտվեց 3.5 տարվա ազատազրկման: Այս գործով անցնող մյուս մեղադրյալներ Սասունիկ Կիրակոսյանը և Ներսես Պողոսյանը դատապարտվեցին 3.5-ական, Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանն էլ՝ 3-ական տարվա ազատազրկման:

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ