24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սկսվեց “Հարսնաքարի” դատավարությունը. հաջորդ նիստը սեպտեմբերի 24-ին /վիդեո/

Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ մեկնարկեց “Հարսնաքարում” սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի գործով դատաքննությունը:

Ըստ մեղադրական եզրակացության`Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին  Գարիկ Սողոմոնյանին , Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

“Վահե Ավետյան” հասարակական շարժումը  դատարանի դիմաց կազմակերպել է պիկետ:

Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը,  դատարանի մասնաշենքում արտակարգ իրավիճակ է: Բոլոր քաղաքացիներին եւ լրագրողներին, ովքեր ցանկանում են ներկա գտնվել դատական նիստին, դատական կարգադրիչները ոտքից գլուխ մետաղաորսիչ սարքավորումներով ստուգում են  եւ խնդրում դատարակել գրպանները: Ինչ վերաբերում է դահլիճի ներսում կատարվող իրադարձություններին, ապա նշենք, որ դահլիճում են “Վահե Ավետյան” հասարակական շարժման ներկայացուցիչները, Վահեի հարազատները, իսկ դատարանի կողմից նախապես չի ապահովվել բարձրախոս:

Շարժման անդամներից Նվարդ Մանասյանը դատավորին խնդրեց բարձր խոսել կամ  ապահովել տեխնիկայով: Դատավորը Նվարդ Մանասյանին հայտարարեց նախազգուշացում նիստը խանգարելու համար: Նվարդ Մանասյանը հրապարակավ լքեց նիստերի դահլիճը` հայտարարելով, որ եթե ոչինչ չի լսվում, ապա անիմաստ է շարունակել նիստը:

Այս  պահին դատավորը հրապարակում է Վահե Ավետյանի իրավահաջորդ Գառնիկ Ավետյանի դիմումը, որով լիազորում է փաստաբան Վահե Գրիգորյանին դատարանում պաշտպանելու իրենց շահերը: Նշենք, որ չնայած դատարանի դահլիճը մեծ է, բայց լեփ-լեցուն է:

Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը դատախազ Արթուր Դավթյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց:  Նրա խոսքով, դատախազը քրեական գործ հարուցվելու օրվանից սկսած, իրականացրել է դատախազական հսկողություն, սակայն տեղեկանալով, որ գործի նախաքննությունը ընթանում է խախտումներով, ոչինչ չի ձեռնարկել: Ըստ փաստաբանի,  իր պաշտպանյալի նկատմամբ ապացույց  չկա եւ որ “արհեստականորեն նրան միավորել են մյուսների հետ”:

Նա ասաց, որ դատախազը ոչ օբյեկտիվ կարծիք ունենալով, չի կարող իրականացնել արդարադատություն եւ որ կանխակալ վերաբերմունք ունի կատարվածի վերաբերյալ: Դատավորը ընդմիջումից մերժեց դատախազին բացարկ հայտնելը:

Այնուհետ  դատավարը առաջարկեց հետաձգել նիստը: Պատճառը ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան չունենալու հանգամանքն էր: Նա հրաժարվում է  պաշտպան ունենալուց: Սակայն դատարանը որոշեց, որ հաջորդ դատական նիստին նա հանդես գա փաստաբանով, ով կիրականացնի իր շահերի պաշտպանությունը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 24-ին ժամը 15.00-ին:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ