19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երաժիշտ, գործիքավորող Տարոն Ավետիսյանի՝ վերջին մեկ տարվա աշխատանքի պտուղները

Մեր մշակութային արժեքները՝ այդ թվում երգարվեստն անաղարտ պահելը, գալիք սերունդներին փոխանցելը յուրաքանչյուրիս պարտքն է, և, իհարկե, այս հարցում առավել կարևոր ու պատասխանատու դերակատարում են ստանձնում երաժիշտները, երգիչները, այդ ստեղծագործությունները հանրությանը ներկայացնողները։

Մեր այս հրապարակմամբ փորձել ենք անդրադառնալ երաժիշտ, գործիքավորող Տարոն Ավետիսյանի ՝ վերջին մեկ տարվա իրականացրած ծավալուն ու արդյունավետ աշխատանքներին։ Վերջինս հայտնի է տարբեր ժանրերի ստեղծագործությունների գործիքավորմամբ, դրանց յուրահատուկ շունչ, նոր գույներ ու երանգներ հաղորդելու վարպետությամբ։

Վերջին մեկ տարվա ընթացքում Տարոն Ավետիսյանի շնորհիվ կյանքի են կոչվել բազմաթիվ նախագծեր, թողարկվել են ձայնասկավառակներ և, իհարկե, առանձին ստեղծագործություններ։ Անդրադառնանք այդ համագործակցությունների որոշ մասին։
Բոլորովին վերջերս համացանցում հայտնվեց և կարճ ժամանակում սիրվեց հաղորդավար Կարեն Քոչարյանի 60-ամյակի հոբելյանական երգը՝ Տարոն Ավետիսյանի գործիքավորմամբ։

Վերջին մեկ տարվա ընթացքում Տարոն Ավետիսյանն ակտիվորեն համագործակցել է նաև սիրված ու հայտնի երգիչների հետ, ինչպիսիք են Ալլա Լևոնյանը, Արսեն Գրիգորյանը (Ասո), Վարդան Բադալյանը, Ռազմիկ Բաղդասարյանը (ձայնագրել է ամբողջական CD), Արմեն Հայտապետյանը, Արման Խաչատրյանը, Լիաննա Ստեփանյանը, Մարիաննա Ավետիսյանը (ձայնագրել է ամբողջական CD), Թեմուր Ասլանյանը, բեյրութահայ Լիզա Սվաջյանը, իսլանդահայ Լիլիթ Ալոյանը, սփյուռքահայ Սաքո Բուդուզյանը, ամերիկահայ Սալպի Քելեշյանը, սիրիահայ Րաֆֆի Հալեպյանը և այլք․․․․ Տարոն Ավետիսյանը ակտիվորեն համագործակցել է նաև «Բերդ» անսամբլի, մանկապատանեկան «Արևներ» անսամբլի, ինչպես նաև երգերի հեղինակների, երաժիշտ-կարատողների հետ՝ գուսան Հայկազուն, աշուղ Ռազմար Սասունցի, Եվա Զարգարյան, Հասմիկ Բալեյան, Լիլիթ Հեյբաթյան, Աննա Գզրարյան․․․․

Իսկ առաջիկայում Տարոն Ավետիսյանի ակտիվ մասնակցությանբ տեղի է ունենալու կանադահայ երգահան Գրիգոր Բանանցի հեղինակային երգերին նվիրված համերգ՝ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ մեկտեղ։ Ընդգծենք, որ Տարոն Ավետիսյանը բավական երկար ժամանակ է, ինչ ակտիվորեն համագործակցում է Գրիգոր Բանանցի հետ։

Տարոն Ավետիսյանի մարդկային ու մասնագիտական որակների մասին ամբողջական պատկերացում կազմելու համար մեր թղթակիցը զրուցել է վերջինիս հետ համագործակցած արվեստի գործիչների հետ։
«Արևներ» մանկապատանեկան անսամբլի գեղարվեստական ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, խոսելով Տարոն Ավետիսյանի մասին, ասաց․ «Նրա հետ երկար տարիներ ենք աշխատում։ Մեր ծրագրի ժողովրդական ժանրի բոլոր երգերի գործիքավորումները վստահում ենք հենց Տարոն Ավետիսյանին։ Լինելով ճաշակով, պրոֆեսիոնալ երաժիշտ՝ շատ հմտորեն կարողանում է գործիքավորման միջոցով ճիշտ արտահայտել երգի բնույթը, որը օգնում է երգողներին նաև հետագայում՝ բեմադրությունների ժամանակ։ Շատ կարևոր է ազգային գործիքները տեղին օգտագործելը, ինչը և վարպետորեն անում է Տարոնը՝ ունենալով տարիների մեծ փորձ»։

Հաղորդավար Կարեն Քոչաչյանն էլ ընդգծեց՝ թեև ինքը երաժշտական կրթություն չունի, բայց, այդուամենայնիվ, վերջին տարիներին փորձում է երգել։

«Նախկինում ձայնագրվել են երգեր՝ պատրաստի գործիքավորումների հիման վրա, իսկ վերջերս,երբ նշվեց իմ ծննդյան 60-ամյակը, կինս՝ Եվա Զարգարյանը, որն արդեն մի քանի երգի երաժշտության հեղինակ է, առաջարկեց կատարել իր վերջին երգերից մեկը, որի խոսքերը գրել է Լիլիթ Հեյբաթյանը։ Տարոնի հետ ծանոթանալու առաջին իսկ պահից հասկացա, որ իմ դիմաց կանգնած է երիտասարդ, բայց իր գործում բանիմաց մասնագետ: Երգի գործիքավորման, ձայնագրման գործընթացը տևեց բավական երկար, քանի որ կատարվեց մանրակրկիտ աշխատանք: Աշխատում էի հաճույքով: Ամեն մանրուքի, փոփոխության հարցում խորհրդակցում էր, և կարևորն այն է, որ շատ սրտացավորեն մոտեցավ գործին: Մի խոսքով՝ անչափ գոհ և շնորհակալ եմ, որ իմ առաջին լուրջ աշխատանքը երգարվեստում՝ «Կա՛նգ առ, ժամանակ» երգը, վստահվեց Տարոն Ավետիսյանին: Կարծում եմ՝ մենք դեռ երկար կհամագործակցենք նրա հետ, քանզի նրա մեջ մի հրաշալի սինթեզ կա․ կարգին, հայրենասեր մարդ պլյուս փայլուն մասնագետ», – ասաց Կարեն Քոչարյանը։

ՀՀ վաստակավոր արտիստուհի Ալլա Լևոնյանի և Տարոն Ավետիսյանի համագործակցության մեկնարկը տրվել է Գրիգոր Բանանցի «Քելե յարո» երգով։ Ալլա Լևոնյանն ընդգծեց՝ սովորաբար, ուրիշ հեղինակների երգերը չի կատարում, քանի որ ինքը հեղինակ-կատարող է, բայց, իհարկե, եղել են դեպքեր, երբ շատ է հավանել ուրիշ հեղինակի գրած ստեղծագործությունը և կատարել դրանք։ Գրիգոր Բանանցի «Քելե յարո» երգը ևս Ալլա Լևոնյանի երգացանկում այն բացառիկ ստղծագործություններից է, որի հեղինակը երգչուհին չէ։

Խոսելով Տարոն Ավետիսյանի մասին՝ Ալլա Լևոնյանը նշեց․ «Ես կուզենայի առավելապես շեշտը դնել նրա մարդկային տեսակի վրա․ Տարոնը շատ ազնիվ, հրաշալի անձնավորություն է, որի հետ աշխատելը շատ հաճելի է։ Ճիշտն ասած՝ ես շատ պահանջկոտ եմ գործիքավորողների, ձայնագրման ստուդիայում աշխատողների ու ինքս իմ նկատմամբ, որովհետև թվում է ՝ երգերը պարզ են, բայց եթե չգտնենք, օրինակ, այն կոլորիտը, որը հե՛նց Ալլա Լևոնյանինն է, այդ երգը ուրիշների նման կդառնա։
Տարոնն անմիջապես և՛ իմ ներաշխարհը, և՛ իմ կոլորիտը զգաց։ Նա հարմոնիայի հիանալի զգացողություն ունի, որը շատ քիչ երաժիշտներ ունեն։ Թեև ես բազմաթիվ երաժիշտների, գործիքավորողների հետ եմ աշխատել, բայց ինձ զարմացրեց նրա՝ գործիքավորման ոճը։ Տարոնն այդ բարդագույն երգը, որը շատ շուտով կլինի հեռուստաէկրաններին, կարողացավ ճիշտ գործիքավորել, մատուցել։ Այդ երգը որպես այդպիսին՝ չափ չունի․ այն ունի սկիզբ, վերջ, բայց ընթացքում դու պիտի կարողանաս չափի զգացողությունը տալ երգին, քանի որ չկա կրկներգ, քառյակ, և այլն․․․ Այդ երգը շատ ազատ է, և այն պիտի իր չափի մեջ կարողանաս ներկայացնել։ Ես առաջին անգամ եմ աշխատել մի երաժիշտի, գործիքավորողի հետ, ով ինձ ասել է՝ Դուք երգե՛ք առանց երաժշտության՝ ակապելլա, այնպես, ինչպես զգում եք։ Այնուհետև նա իմ երգածի վրա զարմանալիորեն հավաքեց գործիքավորումը։ Սովորաբար, գործիքավորումն արվում է, հետո նոր մտնում են ստուդիա և երգում ըստ այդմ, բայց այստեղ լրիվ հակառակ պատկերն էր։ Տարոնը շատ նուրբ երաժշտական զգացողություն ունի։ Ես ինքս շատ մինիմալիստ եմ կյանքում ու երաժշտության մեջ․ ավելորդ մելիզմատիկա, ծորացող տաքություն, արևելյան երանգներ․․․ այդ ամենն ինձ համար չէ։ Տարոնը կարողացավ ճիշտ գտնել Ալլա կնոջ, Ալլա Լևոնյան երգչուհու և գործքավորման ընդհանրությունը։ Մի խոսքով՝ նա ինձ համար բացահայտում է․ ուրախ եմ, որ ճանաչում եմ նրան։ Այդ երգից հետո սկսվեց մեր երկրորդ աշխատանքը՝ իմ և Ասոյի՝ Արսեն Գրիգորյանի զուգերգը։ Կարծում եմ՝ հենց իմ հեղինակային երգերով էլ շարունակելու եմ համագործակցել իր հետ։ Ես, իսկապես, ոգևորված եմ խոսում, քանի որ գտել եմ մեկին, ում հետ նույն կերպ ենք մտածում երաժշտականորեն, իսկ դա շատ թանկ բան է։ Ես Տարոնին շատ եմ հարգում, գնահատում։
Տիգրան Մանսուրյանը շատ է սիրում իմ արվեստը․ մենք ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք, և նա լսում է իմ երգերը, խորհուրդներ տալիս։ Այս երգը, որի մասին խոսում եմ, Տիգրան Մանսուրյանը լսել և հավանել է։ Այն լսել են նաև այլ երգիչներ, երաժիշտներ ու, իսկապես, շատ դրական կարծիքներ են արտահայտել։ Պետք է նշեմ՝ կարող է երգը լավը լինել, երգիչը կարող է լավ երգել, բայց եթե չկա երաժշտական ճաշակ, գործիքավորման նուրբ զգացողություն, այդ ստեղծագործությունը կարող է տուժել։ Տարոնը կարողացավ վարպետորեն հիանալի գործիքավորում ստանալ։ Նա, իսկապես, հրաշալի երաժիշտ է և գործիքավորող», – նշեց Ալլա Լևոնյանը։

ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը՝ Ասոն, մեր թղթակցի հետ զրույցում նշեց՝ Տարոն Ավետիսյանն այն եզակի երաժիշտներից է, որ տեղյակ է և՛ հայկական ֆոլկից, և՛ ժամանակակից երաժշտությունից․ նա մանրամասնորեն ուսումնասիրել է դրանք։

«Տարոնը ներքուստ անդավաճան է հայկական ժողովրդական երգարվեստի արմատներին։ Ճիշտ է՝ նա տարբեր ոճերի ստեղծագործություններ է գործիքավորում, բայց վերջինս խորությամբ ուսումնասիրել է մեր երաժշտարվեստը։ Պետք է ասեմ՝ Տարոնի նման երաժիշտներ իմ կյանքում հազվադեպ են հանդիպել։ Հիմա համագործակցում եմ նրա հետ և գրեթե վստահ եմ, որ մեր համագործակցությունը դեռ երկար է շարունակվելու։ Հենց այնպես չէ, որ Տարոնը լավ հասկանում է երաժշտությունից։ Իրենց ընտանիքը լուրջ, մտավորական ընտանիք է ՝ Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ․ այնպես որ, Տարոնը մեր երաժշտարվեստին արմատապես տիրապետում է և շատ բաձր երաժշտական ճաշակ ունի։ Ամենակարևորը, նա հոգու խորքում, սրտի ներսում միշտ անդավաճան է մեր ազգային մշակույթին», – նշեց Արսեն Գրիգորյանը։

Սիրիահայ սիրված երգիչ Րաֆֆի Հալեպլյանը, խոսելով Տարոն Ավետիսյանի մասին, ասաց․ «Երաժիշտ, գործիքավորող Տարոն Ավետիսյանի հետ իմ առաջին համագործակցության արգասիքը եղավ գուսան Հայկազունի հեղինակած «Քառօրյան» երգը։ Չնայած տարածքի հեռավորությանը՝ Տարոնը ցուցաբերեց շատ արհեստավարժ մոտեցում։ Մենք միասին աշխատել ենք տեսազանգերի միջոցով, քանի որ ես այդ ժամանակ Սիրիայում էի, այնուհետև ժամանել եմ Հայաստան և ձայնագրվել։ Նա բծախնդիր է յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ։ Գործը կատարելության հասցնելու՝ նրա անխոնջ աշխատանքը մեր ծրագիրը հաջողության հասցրեց, ինչի արդյունքում ունեցանք հիանալի երգ։ Իմ առաջիկա ծրագրերն իրականացնելու համար առանց մեկ րոպե վարանելու մեծ սիրով շարունակելու եմ համագործակցել Տարոնի հետ»։

Ամերիկահայ երգչուհի Սալպի Քելեշյանն էլ իր հերթին ընդգծեց՝ Տարոն Ավետիսյանը մեր երաժշտարվեստում եզակի անձնավորություն է։
«Տարոնի հետ համագործակցելու առանձնաշնորհում ունեցա, երբ Սաքո Բուդուզյանի հետ զուգերգ երգեցինք։ Երգը կոչվում է «Կոմիտաս»։ Նա իր գործիքավորած երգերին յուրահատուկ երանգներ է տալիս։ Տարոնը կարողանում է երգի բառերը, երաժշտությունը ներդաշնակ կառուցել․ նա յուրահատուկ երաժշտական ճաշակ ունի։ Նրա գործիքավորած երգերը կարելի է տասնյակ անգամներ լսել և ապրել այդ երգի աշխարհում, զգալ այն։ Թո՛ղ նրա նման տաղանդավոր երիտասարդները շատ լինեն մեր դարում»։
Սփյուռքահայ Լիզա Սվաճյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց՝ Տարոն Ավետիսյանի հետ աշխատելիս համոզվել է ՝ նա շատ տաղանդավոր երաժիշտ է։

«Նա բարի ու ազնիվ մարդ է և նույնպիսի ազնվությամբ աշխատել է իմ երգի վրա։ Տարոնն ինձ համար դեռ մեկ երգ է ձայնագրել, բայց ապագայի հետ կապված՝ նոր ծրագրեր ունենք։ Ես շատ եմ հավանում նրա կատարած աշխատանքը և շարունակելու եմ համագործակցել իր հետ», – նշեց Լիզա Սվաճյանը։

Սփյուռքահայ Սաքո Բուդուզյանն ընդգծեց՝ Տարոն Ավետիսյանի հետ ծանոթացել է գուսան Հայկազունի միջոցով։

«Մեր առաջին համագործակցությունը եղավ գուսան Հայկազունի հեղինակած «Զինվորի կտակ» ստեղծագործությունը, երկրորդը «Կոմիտաս» ստեղծագործությունն էր, որը կատարեցի Սալպի Քելեշյանի հետ։ Սալպին գտնվում է ԱՄՆ-ում, ես՝ Ֆրանսիայում, բայց այս ամենը Տարոնին չխանգարեց։ Դա, իհարկե, հեշտ բան չէ, բայց Տարոնը հիանալի աշխատանք կատարեց։ Ընթացքում մտերմացա նրա հետ։ Ես կուզենամ ընդգծել, որ նա հիանալի մարդ է։ Տարոնն օժտված է մարդկային բոլոր արժանիքներով, նա նրբաճաշակ արվեստագետ է․ հայի հոգին զգացվում է նրա գործիքավորումներում։
Նա համագործակցում է բոլոր տեսակի երգիչների հետ, քանի որ բոլոր ոճերում կարողանում է իրեն դրսևորել։ Տարոնը երգչի հետ գործակցելիս նրա ձայնին, ոճին համապատասխան գործիքավորում է կառուցում։ Առանց չափազանցնելու պիտի ասեմ, որ եթե այսօր Տարոնը լիներ արտերկրում, եվրոպական մի երկրում, ապա կարող եմ ասել՝ նա մրցակից կդառնար համաշխարհային հռչակ ունեցող երաժիշտներին, ինչպիսին ասենք՝ Յաննին է։ Նա կարող է օրկեստրային հիանալի գործիքավորումներ կառուցել։ Ցավոք, Հայաստանը փոքր երկիր է, ինչպես ասում են՝ ձուկը Հայաստանում չի մեծանում։ Իսկապես, Տարոնը բացառիկ օժտվածություն ունեցող երաժիշտ է», – նշեց Սաքո Բուդուզյանը։

Իսլանդիայում բնակվող տաղանդավոր երգչուհի Լիլիթ Ալոյանը ևս անդրադաձավ Տարոն Ավետիսյանի աշխատանքին։ Երգչուհին նշեց՝  ուրախ է, որ նրա հետ աշատելու պատիվ է ունեցել։ Լիլիթ Ալոյանը նշեց՝ առաջիկայի հետ կապված՝ Տարոն Ավելիստանի հետ համագործակցության  նոր ծրագրեր կան։

«Տարոն Ավետիսյանն ամեն նոր երգ անցկացնում է իր միջով, զգում է այդ երգը և էական չէ, թե ինչ լեզվով   է  այն։ Ես իսլանդական երգ եմ երգել՝  դուդուկի նվագակցությամբ։ Նույնսիկ առանց թարգմանության նա հասկացավ երգի իմաստը և ճիշտ գործիքավորում կառուցեց։ Ամենակարևորը, Տարոնը դա արեց բարձր և նուրբ ճաշակով։ Հույս ունեմ, որ էլի առիթ կունենանք միասին աշխատելու», –  ասաց Լիլիթ Ալոյանը։

Ակնհայտ է՝ Տարոն Ավետիսյանն իր տարիների աշխատանքով վաստակել է ոչ միայն երգիչների ու երաժիշտների, այլև ժողովրդի սերն ու հարգանքը։ Ներկայացնելով վերջին մեկ տարվա ընթացքում նրա կատարած աշխատաքները՝ պարզ է դառնում, որ նա կարճ ժամանակահատվածում ահռելի աշխատանք է կատարել։ Վերոնշյալ կարծիքներից հետո, թերևս, նրա աշխատաոճը կամ տաղանդը վերլուծելն ավելորդ ենք համարում՝ նրան մաղթելով համագործակցության նոր հորիզոններ ու բեղուն ստեղծագործական օրեր։
Թո՛ղ մեր երաժշտարվեստում շարունակեն հնչել Տարոն Ավետիսյանի գործիքավորած բարձրաճաշակ ու գեղեցիկ ստեղծագործությունները, և թո՛ղ նրա ստուդիայում ծնվեն նոր ու բազմաժանր ստեղծագործություններ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ