17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անփոխարինելիության վտանգավոր սինդրոմը. Պուտինի տխուր օրինակը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Պուտինը ժամանել է Կեմերովո, որտեղ խորհրդակցություն է անցկացրել սարսափելի հրդեհի կապակցությամբ, որը խլել է 60 տասնյակից ավելի մարդու կյանք, հիմնականում երեխաների: Թեեւ հրդեհի վերաբերյալ քննությունը ընթանում է, եւ պարզ չեն մանրամասները, թե հատկապես ում եւ ինչ բացթողումների հետեւանքով է տեղի ունեցել ողբերգությունը, այնուհանդերձ տաք հետքով էլ պարզ է, որ բանը ամենաթողությունն է, բարձիթողությունը, երբ ոչ ոք իր տեղում չէ՝ նահանգապետից մինչեւ առեւտրի կենտրոնի շարքային աշխատակից, որ պատասխանատու է անվտանգության համար:

Ո՞ւմ վրա կբարդեն հրդեհի պատասխանատվությունը, մեղավորները կպատժվե՞ն, ավելի շուտ՝ բոլո՞ր մեղավորները կպատժվեն, թե՞ ոչ՝ պարզ չէ, սակայն մի բան ակնհայտ է արդեն, որ նույնիսկ ողբերգության վրա կառուցվում է Պուտինի, այսպես ասած, քարոզչություն, որ մինչեւ Պուտինը չի խառնվում, ոչինչ իր տեղում չէ, ոչ ոք իր տեղում չէ: Կեմերովոյի նահանգապետը նույնիսկ ներողություն է խնդրել Պուտինից, թեեւ պարզ չէ, թե ինչու Պուտինից եւ ոչ թե ողբերգության զոհերի հարազատներից:

Դաժան եւ ողբերգական պատահարներից ապահովագրված չէ որեւէ պետություն, որեւէ քաղաք, եւ ամեն տեղ ամեն ինչ սկսվում է ինչ-որ մեկի թերացումից, սակայն տվյալ պարագայում խնդիրը մոտեցումն է, որ պետական ամենաբարձր մակարդակով ցուցաբերվում է այդ դեպքում:

Տվյալ պարագայում Ռուսաստանում դաժան եւ ողբերգական ձեւով արտահայտվում է Պուտինի «անփոխարինելիության», այսպես ասած, քարոզչական թեզի հետեւանքը, որը իրականում պետական կառավարման խորքային արատ է եւ աղետ: Եթե որեւէ պետությունում առկա է կառավարչի անփոխարինելիություն, ապա դա ոչ թե խոսում է տվյալ կառավարչի իսկապես անզուգական, անփոխարինելի լինելու մասին, այլ այն մասին, որ կառավարման համակարգում վերից վար ոչ ոք իր տեղում չէ, եւ այդ բոլոր իրենց տեղում չգտնվողները կամ իրենց տեղում ոչ թե իրենց գործով, այլ մեծ ու փոքր կոռուպցիոն գործերով զբաղվածները ընդամենը մակաբուծում են «անփոխարինելիի» վրա: Իսկ այդ մակաբուծությունը հանգեցնում է պետության թե՛ ընդհանուր տկարացման՝ պաթետիկ մեծապետականության քողի տակ, թե՛ նաեւ այդօրինակ ողբերգական պատահարների, որին զոհ են դառնում քաղաքացիները:

Մինչդեռ ամեն ինչում «անփոխարինելի» Պուտինը, անկախ նրանից՝ դա այդպես է, թե ոչ, անկախ նրանից՝ նա ուզում է, թե ոչ, չի կարող լինել ամեն առեւտրի կենտրոնում, ամեն օդանավակայանում, ամեն խանութում, ամեն փողոցում, ամեն գործարանում, չի կարող լինել թե՛ նախագահ, թե՛ պահակ, թե՛ հրշեջ, թե՛ անվտանգության աշխատակից: Նա չի կարող լինել ամենուր կամ կարող է, իհարկե, բայց միայն պոստֆակտում, երբ ոչ ոքի այլեւս չես վերադարձնի:

Դա է «անփոխարինելիության» սինդրոմով կառավարվող պետությունը, այդտեղ է հասցնում պետությունն այդօրինակ սինդրոմը: Եվ ինչու է հատկապես հիմա հույժ կարեւոր այդ ամենն աչքի առաջ ունենալ, որովհետեւ այսօր Հայաստանում էլ բավականին մեծ թափով ներդրվում է այդ սինդրոմը, այդ մտածողության շիջուկը, թե կան անփոխարինելի մարդիկ: Եվ եթե անգամ դա օբյեկտիվ իրականություն է, ոչ թե քարոզչական թեզ, ապա միեւնույն է՝ ուրեմն այդ իրականությունն է քաղաքացիների կյանքի համար վտանգ պարունակող:

Պետք չեն անփոխարինելի մարդիկ, իրապես կենսունակ պետություններում եւ կառավարման համակարգերում անփոխարինելիներ չկան, բայց տեղերում միշտ կան պրոֆեսիոնալներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ