24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքական ազգայնական լրատվամիջոցի անդրադարձը հայկական եկեղեցուն (լուսանկարներ)

Թուրքական «Yeni Akit» ազգայնական թերթի կայքն անդրադարձել է Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար շրջանում գտնվող հայկական Սբ. Երրորդություն եկեղեցու թեմային: Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից վերջերս վերանորոգված եկեղեցին նախատեսվում է ծառայեցնել մշակութային միջոցառումներ անցկացնելու համար:

Աղբյուրը, նկարագրելով եկեղեցու ընդհանուր տեսքը, գրում է, որ այն դրսից արևելք-արևմուտք ձգվող ուղղանկյունաձև, ներսից եռանավ եկեղեցի է:  

«Երկու զանգակատուն ունեցող եկեղեցու մուտքի դռան վերևում 2 սրբեր են պատկերված, որոնց ներքևում գտնվող արձանագրության կողքին էլ հրեշտակի պատկեր կա: Երևացող ու չերևացող որմնանկարներով զարդարված եկեղեցու հյուսիսային կողմում մկրտության սենյակ կա, իսկ հարավային մասում՝ հոգևորականի սենյակ:

Եկեղեցու ճակատային մասի պատուհաններից յուրաքանչյուրի վերևում 1881 թիվն է խորապատկերված: Եկեղեցու գլխավոր մուտքից ներս մտնելիս 2 հարկ ունեցող մի հատված կա: Հավանաբար դրա 2-րդ հարկում երգչախումբ է եղել, իսկ 1-ին հարկի մի կողմում համայնքի հավատացյալ կանայք են նստել, մյուս կողմում՝ տղամարդիկ»,- գրում է թուրքական կայքը:

Աղբյուրի տեղեկությամբ՝ 1853-1856 թթ Ղրիմի պատերազմի ընթացքում Օսմանյան Աբդուլ Մեջիդ սուլթանը Սիվիրհիսարում մեծ թվով հայեր է բնակեցնում: «Այդ ընթացքում Սիվիրհիսարում մոտ 4500 հայեր են բնակեցվում: Սակայն դատելով այստեղ գտնված 1830-ականներին թվագրվող գերեզմանաքարերի առկայությունից՝ Սիվիրհիսարում դրանից առաջ էլ հայեր են ապրել: Հայերն այստեղ ապրել են մինչև 1916 թվականը: Նրանց տները եղել են սարի երկու փեշերին»,- ավելացրել է աղբյուրը:

Տեղեկացնենք, որ վերանորոգման ընթացքում Թուրքիայի մշակույթի նախարարությունը եկեղեցու տարածքում շուրջ հինգ տասնյակ թուրք գործիչների արձաններից բաղկացած «Արձանների պուրակ» է հիմնել: Տեղադրվել են այնպիսի հայտյաց պատմական դեմքերի արձաններ, ինչպիսիք են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ու Քյազիմ Կարաբեքիրը: Կան նաև մշակութային գործիչների արձաններ՝ բանաստեղծ Յաշար Քեմալ, նկարիչ Աբիդին Դինո և այլք:

Սիվրիհիսարի Սբ. Երրորդություն հայկական եկեղեցին կառուցվել է 1650 թվականին: Հրդեհից լրջորեն վնասվել է 1876 թվականին: Վերակառուցվել է 1881 թվականին: Թուրքական պետության կողմից եկեղեցու վերականգնումը սկսվել էր 2010 թվականին, երբ Սիվրիհիսարի շրջկենտրոնի սեփականությունը համարվող եկեղեցին հանձնվել էր մշակույթի նախարարությանը: 

Աղբյուր` ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ