19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ, արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չելպակին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը մաղթել է նրան նորանոր հաջողություններ եւ հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-լեհական քաղաքական, տնտեսական եւ հումանիտար կապերի զարգացմանը:

Արա Բաբլոյանն անդրադարձել է նախորդ տարի իր գլխավորած պատվիրակության՝ Լեհաստան կատարած այցին` շնորհակալություն հայտնելով լեհ ժողովրդին եւ Լեհաստանի իշխանություններին՝ հայ ժողովրդի եւ հատկապես լեհահայերի նկատմամբ դարեր շարունակ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար: Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է. «Հայերն իրենց հավատարմության, աշխատանքի եւ Լեհաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի շնորհիվ արժանացել են առանձահատուկ մոտեցման: Հպարտանում ենք, որ հայ համայնքի նկատմամբ նման վերաբերմունք կա, եւ հայերն այսօր Լեհաստանի արժանի քաղաքացիներ են ու ներգրավված են բոլոր բնագավառներում»:

ՀՀ ԱԺ նախագահը մեծապես կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը՝ ընդգծելով փոխայցերի եւ պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության աշխուժացման դերն այդ հարցում:

Արա Բաբլոյանն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին՝ փաստելով, որ այս խնդիրը կարող է լուծվել բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Պավել Չելպակը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Լեհաստանը շահագրգռված է զարգացնել եւ խորացնել քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերը Հայաստանի հետ: Դեսպանի խոսքով՝ համագործակցության բնագավառների ընդլայնման գործում իրենց ուրույն դերը կարող են խաղալ միջխորհրդարանական կապերը, բարեկամական խմբերի արդյունավետ շփումները:

Պարոն Չելպակը կարեւորել է ոչ միայն տնտեսական, այլեւ մշակութային կապերի խորացմանն ուղղված քայլերը եւ ներկայացրել այն ծրագրերը եւ միջոցառումները, որ առաջիկայում պատրաստվում է կազմակերպել եւ մասնակցել Լեհաստանի դեսպանությունը:

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից մեկին՝ ԼՂ հիմնահարցի լուծմանը՝ նորանշանակ դեսպանը նշել է. «Որպես ԵՄ անդամ երկիր՝ Լեհաստանը շահագրգռված է պահպանել հավասարակշռությունն իր վարած արտաքին քաղաքականության մեջ»:

Դեսպան Չելպակը ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել նաեւ Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը Լեհաստանում՝ նշելով, որ վավերացման ժամկետները պայմանավորված են որոշակի ընթացակարգով. նա հույս է հայտնել, որ մինչեւ տարեվերջ համաձայնագիրը կվավերացվի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ