25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպես հայ զինվորը փրկեց ԱՄՆ-ի ապագա սենատորի կյանքը

«Կյանքիս փրկության համար պարտական եմ հայ զինվորին»: Այս բառերով է սկսել իր ելույթը Միացյալ Նահանգների նախկին սենատոր Մարկ Քըրքը, ում ուրբաթ օրը Վաշինգտոնում գտնվող Հայաստանի խորհրդարանականները պարգևատրել են Ազգային Ժողովի պատվո մեդալով, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»

Տարիներ առաջ Հայաստան ժամանելով դեռեւս որպես ԱՄՆ-ի Կոնգրեսի շարքային աշխատակից Մարկ Քըրքը այցելել էր սահմանագիծ՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով, սակայն, եթե ապագա սենատորի կողքին չլիներ հայ զինվորը՝ այդ այցը կարող էր վերջինը դառնալ, պատմում է նա.

«Մենք խրամատում էինք, Տերտերի մոտակայքում, նայում էինք ադրբեջանական դիրքերի վրա: Ես սխալմամբ գլուխս բարձրացրեցի եւ հենց այդ պահին օձիքիս վրա զգացի հայ զինվորի ձեռքը, որն ինձ հետ քաշեց: Անմիջապես այն տեղով, որտեղ մեկ վայրկյան առաջ գլուխս էր, անցավ ադրբեջանական գնդակը: Հայ զինվորն իմ կյանքը փրկեց, իսկ ինձ համար դաս եղավ, որ չի կարելի գլուխը բարձրացնել խրամատից»:

Այդ այցելությունից սենատորը եւս մեկ դաս քաղեց, նշում է նա: Հայ ժողովրդի նկատմամբ պատմությունն անարդար էր եւ անհրաժեշտ է վերականգնել պատմական արդարությունը, առաջին հերթին ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ո՞վ է հիշում հայերին, կրկնում է սենատոր Քրքը Ադոլֆ Հիթլերի սարսափելի հարցը.

«Ո՞վ է հիշում հայերին՝ ե՛ս եմ հիշում հայերին, եւ մեզանից ոչ ոք չպետք է մոռանա Հայոց ցեղասպանությունը, չպետք է մոռանա հայ ժողովրդին՝ հրաշալի, արարիչ ժողովրդին»:

Սենատորի պաշտոնին Մարք Քըրքի հայանպաստ աշխատանքի ծավալն աննախադեպ էր, նշում են ԱՄՆ-ի հայ համայնքի կարեւորագույն կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի ու Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչներ Բրայըն Արդունին ու Արամ Համբարյանը: ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն էլ Հայաստանի անունից է շնորհակալություն հայտնում.

«Դուք ձեր ուրույն տեղն եք գրավել մեր սրտներում, մենք էլ հույս ունենք, Հայաստանը ձեր սրտում իր տեղն ունի»:

Պատվո մեդալը փոխանցելիս Ազգային Ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը նշում է, որ տարիներ առաջ հետեւելով Մարկ Քըրքի գործունեությանը չէր պատկերացնում, որ հենց ինքն է հանձնելու մեդալը.

«Ես նույնիսկ չէի կարող երազել, որ պատիվ կունենամ այս մեդալով պարգեւատրել հարգարժան սենատորին»:

Տեղեկանալով, որ Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում է Հայաստանի խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը, սենատոր Քըրքը, ով ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության անդամ է, անմիջապես կատակում է՝ «Եթե ԱՄՆ-ում իրադարձությունները վատ ընթանան եւ Դոնալդ Թրամփի հանրապետական վարչակազմը ձախողվի, մենք՝ ԱՄՆ-ի հանրապետականներս, հավանաբար Հայաստան կտեղափոխվենք՝ ապաստան խնդրելու»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ