26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թույլ մի տուր, որ սխալդ մի օր դառնա մեղք

Հպարտությունը մանուկ էր, և մեծացավ…

Թույլ մի տուր որ սխալդ մի օր դառնա մեղք, երբ սխալը մեղք է դառնում, այն շուտով վերածվում է վատ սովորության, իսկ վատ սովորությունը շտապում է դառնալ մահացու մեղք: Բոլոր յոթ մահացու մեղքերն էլ միանգամից չեն ծնվել մահացու անունով, նրանք վաղ տարիքում եղել են նախ` բացթողումներ, ապա` սխալներ, ապա` մեղքեր, ապա` մահացու մեղքեր: Մահացու մեղքերի շարքում առաջին տեղը դարձյալ մեծամտության պատճառով գրավել է հպարտությունը, որից էլ ծնվել են մնացածը:

Եթե ուսումնասիրենք այս մեղքի կյանքն ու գործունեությունը, ապա կտեսնենք, որ նա ծնվել է մեր պատճառով: Մենք վատ սովորություն ունենք մեր տան երեխաներին երկրպագելու աստիճան սիրելու և շփացնելու: Փոխարեն նրա հետ խոսելու, անվերջ խոսում ենք նրա մասին, կրկնակի չափազանցելով նրա ունակությունները, գեղեցկությունը, նրան ենթարկելով ֆոտոսեսիայի և նկարները տարածելով, անշուշտ ակնկալելով բազում հավանումներ և անհարկի գովեստի խոսքեր: Մենք նույնիսկ չենք նկատում, թե ինչպես կաթիլային սնուցումով ներարկեցինք երեխայի մեջ ինքնաերկրպագությունը, համառությունը և առաջինը լինելու մեծ ցանկությունը: Սա համարում ենք «սեր»` երեխայի հանդեպ:

Ծնողի հաջորդ մեծագույն սխալը զավակի բոլոր ցանկությունները կատարելն է, անհրաժեշտը տալու փոխարեն: Հպարտությունը նույնպես փոքրիկ էր, և մեծացավ երեխայի հետ: Մեծացավ նաև նրա պահանջները առավել նախապատիվ տեղերում երևալու համար: Գաղտնիք չէ, որ դալար ճյուղը ավելի հեշտ է արմատախիլ անել, քան հաստաբուն ծառը: Հետևաբար ջանք թափենք, որ նկատենք մեր սխալները, քանի դեռ ճյուղեր են…

Իրականում մենք ոչինչ չունենք, որ մենք ենք ստեղծել մեր մարմնի վրա, այն կատարյալ է ստեղծել Աստված: Մենք ընդամենը պետք է փաստենք Աստծուն, որ արդարացրինք Իր հույսերը, և արժանացանք Իր մեծ սիրուն միայն ծառայելով, ոչ թե ծառա փնտրելու մարմաջով: Իրապես մի բան չունենք հպարտանալու Աստծո և հատկապես մարդկանց առջև, քանի որ Աստված մարդկանց ստեղծեց միմյանց օգնելու համար` յուրաքանչյուրին օժտելով փոխադարձ օգտակարության շնորհներով: Այսօ՛ր թողնենք հպարտությունը, եթե այն բույն է դրել մեր մտքում…Խնդրելով Աստծու ողորմությունը, գթությունը և ներողամտությունը:

Ապաշխարության հոգեշահ օրեր եմ մաղթում բոլորիս, խնդրելով Աստծու առաջնորդությունը և միջամտությունը այս օրերին և առհասարակ:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ