23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Գերմանացի գործիչները քննադատել են Թուրքիային՝ Աֆրինի գործողությունները չդադարեցնելու պատճառով

Գերմանացի քաղաքական գործիչները Թուրքիային ուղղված լուրջ քննադատություններ են հնչեցրել։ Պատճառն այն է, որ չնայած ՄԱԿ-ի անվտանգության խուրհուրդը նախօրեին հայտարարել է ողջ Սիրիայում  զինադադարի որոշման մասին, Թուրքիայի կողմից Աֆրինի դեմ իրականացվող ռազմական գործողությունները շարունակվում են։

Դաշնային խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ,  Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) ներկայացուցիչ Ռոդերիխ Քիսեվեթերը «Deutsche Welle»-ի հետ զրույցում նշել  է, որ Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում ուղղակի անընդունելի է։ Նա տեսակետ է հայտնել, որ Թուրքիայի գործողությունները դեմ են միջազգային իրավունքի դրույթներին։  Քիսեվեթերը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Թուրքիայի նման պահվածքը կարող ազդել Եվրամիության հետ հարաբերությունների վրա։ Նա զգուշացրել է, որ եթե Թուրքիան չփոխի իր դիրքորոշումը, ապա Մաքսային միությանը նրա անդամակցությունը և թուրք գիտնականների, ձեռներեցների ու երիտասարդների համար նախատեսվող անցագրային համակարգի հեշտացումները այլևս անհնար կլինեն։

«Կանաչների» կուսակցական ներկայացուցիչ Կատյա Քեուլը նույնպես հայտարարել է, որ Թուրքիան պետք է հետևի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի զինադադարի որոշմանը։ «Էրդողանը հայտարարում է, որ Սիրիայի հյուսիսի քրդերը ահաբեկիչներ են և դրանով փորձում է արդարացնել իր դիրքորոշումը։ Բայց դրանք անհիմն պնդումներ են։ Թուրքիան պետք է վերջ տա իր այդ պահվածքին», – ասել է Քեուլը։ Նա նույնպես Աֆրինի գործողությունը որակել է որպես միջազգային իրավական նորմերի խախտում, որը ոչ մի կապ չունի ինքնապաշտպանության հետ։ «Այդ գործողությունները նպաստում են տարածաշրջանում լարվածության սաստկացմանը և սպառնալիք ստեղծում բոլորիս անվտանգության համար»։

Քեուլը նաև մտահոգություն է հայտնել, որ Գերմանիայի իշխանությունները Թուրքիայի պահվածքի վերաբերյալ խիստ քննադատություններ չեն հնչեցնում։ Ըստ նրա՝ Գերմանիան պետք է լիովին դադարեցնի Թուրքիային որևէ տեսակի զենքի վաճառքը, քանի որ այդ զենքերը օգտագործվում են Աֆրինի գործողության ընթացքում։

Խորհրդարանում «Ազատ դեմոկրատների» (FDP) կուսակցական խմբի արտաքին հարաբերությունների խոսնակ Բիժան Ջիր-Սարային ևս կոչ է արել Թուրքիային՝ դադարեցնել ռազմագործողությունը և դրա հետ կապված բռնությունները։ Նա շեշտել է, որ Աֆրինի գործողությունը դեմ է միջազգային իրավունքի դրույթներին․ «Թուրքիայի որդեգրած այս ռազմական դիրքորոշումը որևէ տեսակետից արդարացի չէ»։  Խոսնակը կոչ է արել Գերմանիայի կառավարությանը և ՆԱՏՕ-ի պատասխանատու հանձնաժողովներին՝ դատապարտել Թուրքիայի գործողությունները։ Նա ընդգծել է, որ քանի դեռ Աֆրինի ռազմագործողությունը շարունակվում է, Գերմանիայի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցություն չի կարող լինել։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ