26 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2018

Շուտով գալու է ճշմարտությունը ասելու ժամանակը. Գրիշա Սարգսյան

27972452_755603624629945_1355058708410151571_n

ՕՄՕՆ-ի վետերանների միության նախագահ, ազատամարտիկը գնդապետ Գրիշա Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Արցախյան շարժման 30 ամյակի առիթով.

«Սիրելի հայրենակիցներ, իմ հզոր և խիզախ մարտական ընկերներ: 
Պատիվ ունեմ ողջունելու և շնորհավորելու ձեզ և ձեր ընտանիքներին՝ մեզ բոլորիս համար թանկ ու նվիրական մի տարեդարձի՝ Համազգային Շարժման 30-ամյակի կապակցությամբ:

Նորագույն պատմության հիմքերը սասանած այդ հուժկու Շարժումը, ի պատիվ ձեզ ու մեր մարտական հարյուր հազարավոր քաջակորով մարտիկների, անթիվ ու անհամար հերոսական իրադարձություններով լի մի նոր էջ բացեց մեր ազատատենչ ժողովրդի համար և մենք ձեռք բերեցինք բաղձալի անկախությունը:

Այո, 1988 թվականը բեկումնային եղավ հայ ժողովրդի պատմության մեջ: Երեք տասնամյակ առաջ այս օրերին համայն հայությունը համախմբվեց, դարձավ մի բռունցք՝ ողջ աշխարհին ազդարարելով սեփական բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու համար մաքառելու իր պատրաստակամության մասին:

Համաժողովրդական այս պոռթկումը մարտահրավեր էր բռնատիրությանը, հալածանքներին, մարդու իրավունքների խախտումներին, բոլոր այն արհավիրքներին, որոնց միջով անցել է մեր ժողովուրդը իր բազմադարյա պատմության ընթացքում: 
Եվ այս շարժման պսակը դարձավ հայոց անկախ պետականության վերականգնումը:

Փառք ու պատիվ և հավերժ հիշատակ մեր զոհված քաջորդիներին, ես գլուխ եմ խոնարհում Շարժման օրերից ի վեր՝ ներառյալ նաև ապրիլյան քառօրյա պատերազմը, մեր Հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված հերոս տղաների շիրիմներին:

Ուզում եմ առանձնակի հարգանքով, հպարտությամբ ու մեծարանքով հիշենք Արցախյան ազատամարտի տարիներին անարգ թշնամուն մեր տարածքներից վռնդած և Հայրենիքի սահմանների անառիկության համար առաջինը ոտքի կանգնած մեր առաջամարտիկներին` Հայաստանի միլիցիայի այն տասնյակ հարյուրավոր ծառայողներին` միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների մարտիկներին, որոնք ճակատագրի բերումով մասնակիցը եղան բազում փորձությունների` տխրահռչակ ԿՈԼՑՈ օպերացիա և այլն, և որոնց հիմքի վրա հետագայում ստեղծվեց և կայացավ հայոց կանոնավոր բանակը:

Սիրելի հայրենակիցներ, ես գիտեմ, որ այս երեք տասնամյակների ընթացքում տեղի ունեցան նաև բազմաթիվ անարդարություններ, գիտեմ, որ սոցիալ-կենցաղային անասելի ծանր պայմաններում են ապրում իմ հարյուրավոր մարտական ընկերները, և հաղթանակի ու գովաբանության դափնիները շատ հաճախ վայելում են անարժանները:
Մինչդեռ այդ ամենի լիիրավ տերերը, որոնց հետ ես մարտական ուղի եմ անցել, այսօր հանիրավի անտեսվում և մեկուսացվում են, և մեր կյանքի շատ ու շատ բնագավառներում գլուխ է բարձրացրել անարդարությունը։

Այս ամենը բոլորիս պարզ ու տեսանելի է, իմ սիրելի ու նվիրական մարտական ընկերներ, և այսօր ես ապավինում եմ ձեր բոլորի իմաստնությանը և համբերությանը։ 
Այսպես շարունակվել չի կարող և շուտով գալու է ճշմարտությունը ասելու ժամանակը:

Ես, կարծում եմ նաև ձեզանից շատերը, ակնկալում եմ, որ այդ կարևորագույն հարցերը առաջ կքաշվեն բոլորիս համար անչափ կարևոր առաջիկա ժամանակահատվածում, երբ մեր երկիրը անցում է կատարում կառավարման նոր համակարգին:

Մենք հույս ու հավատով սպասում և ակնկալում ենք, որ մոտ առաջիկայում Հայաստանում ամբողջովին կփոխվի բարոյական մթնոլորտը և անցյալի գիրկը կանցնեն մեր միասնականությունը ջլատող բազմաթիվ բացասական երևույթները:

Նորից ու նորից շնորհավորում եմ բոլորիդ՝ Շարժման 30-ամյակի կապակցությամբ և ուզում եմ հավաստիացնել, որ սերունդների հերթափոխն այսօր հուսալի ձեռքերում է և մեզ փոխարինելու են եկել մեզ արժանի առյուծասիրտ տղաներ, ովքեր գիշեր ու զօր պաշտպանում են մեր Հայրենիքի սահմանները և հարկ եղած դեպքում արժանի հակահարված տալիս նենգ և դավադիր հակառակորդին:

Այդպես եղավ 2016-ի ապրիլյան քառօրյայի ընթացքում, այդպես կլինի միշտ…

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ