14 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2018

«Տղե՛րք, դրանց վերացրինք». Արտակի վերջին սխրանքը

27857909_881329558695044_2285134368930507152_n

«ՀԵՐՈՍ` ՀԵՏԱԽՈՒՅԶ ԱՐՏԱԿ ՄԱՆԱՍՅԱՆ

«Հայրենիքն սկսվում է մոր կրծքից, արցունքից, սիրուց ու նրանց որդիների թափած արյունից»:
Գ. Նժդեհ
Արցա՛խ: Հերոսական քաղաք Մարտունի կամ, ինչպես տեղացիներն են ասում, Մոնթեաբերդ: Սարերի լանջին փռված այս քաղաքում այնքա՜ն հերոսներ են ծնվել, որ մինչև կյանքիդ վերջ էլ փորձես գտնել հարազատներին ու պատառիկներ պոկել, մեկ է, ժամանակը չի հերիքելու:
Արցախյան գոյամարտի տարիներին կամավորական ջոկատները կազմեցին առանձին հետախուզական խմբեր, և այդ խմբերի հիմքի վրա կազմավորվեցին պաշտպանության բանակի առանձին հետախուզական ստորաբաժանումները: Հետախույզ դարձած հայ մարտիկները փայլուն էին կատարում իրենց առջև դրված առաջադրանքները:
Հայրենիքի նվիրյալ զավակ, հետախույզ Արտակ Մանասյանը մեկն էր այն մարտիկներից, ով իր մասնակցությունն ունեցավ հայրենիքի պաշտպանության գործում: 17-ամյա պատանին սխրագործեց ռազմի դաշտում և իր սխրագործությամբ փայլուն հետք թողեց հայոց ռազմական պատմության էջերում:
Արտակը ծնվել է 1975 թ.-իհուլիսի 14-ին, Արցախի Մարտունի քաղաքում՝ Արմիդա և Վլադիկ Մանասյանների ընտանիքում: Դեռ փոքր տարիքից աչքի էր ընկնում իր խելացիությամբ և քաջությամբ: Սովորել է Աբովյան քաղաքի թիվ 2 դպրոցում: Նրա սիրած առարկան ռազմագիտությունն էր: Բնավորությամբ հանգիստ էր, համեստ ու հոգատար, մեծերին հարգող, փոքրերի հետ՝ փոքր, իսկ եթե մտքին մի բան դնում էր, ապա իրականություն էր դարձնում: Դպրոցն ավարտելուց հետո պատրաստվում էր ուսումը շարունակել տեղի ավտոճանապարհային տեխնիկումում, սակայն պատերազմն սկսելուն պես թողնում է ուսումը՝ ասելով, որ ընկերները, բարեկամները կռվում են, և ինքն էլ պիտի միանա նրանց: 1992 թ.-ին մեկնում է Արցախ՝ հայրենի քաղաք, կապվում քաղաքի ազատամարտիկների հետ, ծառայության անցնում Աֆղանստանի պատերազմի մասնակից, մեծ հայրենասեր Եսայի Եսայանի վաշտում և մասնակցում Մարտունու ազատագրական և ինքնապաշտպանական մարտերին:
Նույն թվականին Արտակը մի քանի օրով գնում է Աբովյան, ծնողներին խնդրում, որ իր հետ միասին Արցախ վերադառնան, իսկ բուժքույր մորն ասում է, որ հատկապես նրա կարիքն այնտեղ մեծ է: Հետագայում տեղափոխվում է հետախուզական ծառայության՝ Կոմիտաս Ավանեսյանի հրամանատարությամբ: Ինչպես մարտական ընկերներ էին ասում՝ որտեղ Կոմիտասը, այնտեղ էլ՝ Արտակը: Հետախույզ մարտիկը, անցնելով պատերազմի թեժ կետերով, քաջ գիտակցում էր իր ծառայության վտանգն ու դժվարությունը, բայց նույնքան գիտակցում էր նաև կարևորությունը: Արցախյան գոյամարտի տարիներին մասնակցել է Մարտակերտի, Գյուլափլուի, Վերին Վեյսալուի, Աղդամի, Մարզիլուի, Ֆիզուլիի և այլ բնակավայրերի ազատագրմանը, մարտնչել՝ լեգենդար Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ:
Հետախույզ Արտակ Մանասյանին ամենադիպուկը նկարագրում են նրա մարտական ընկերները. 17-ամյա պատանու մեջ վրեժի ծարավը եռում էր, մարտի դաշտում հանդգնության աստիճան քաջություն ու խիզախություն էր դրսևորում: Նա լավագույն մարտիկներից մեկն էր, ով փորձում էր առաջինը նետվել վտանգավոր գոտի: Մարտունեցի քաջը իրենց ջոկատում տարիքով ամենակրտսրեն էր, բայց նրանց շարքերում՝ խիզախությամբ հավասար…
Արտակ Մանասյանը Արցախյան գոյամարտից հետո ծառայության է անցում ՊԲ N զորամասի հետախուզական վաշտում՝ որպես դասակի հրամանատար:
Նա իր զինակից ընկերների հետ ուժ ու զորություն էր ազգի համար, պարիսպ ու վահան հայոց սահմանին:

Հերոս հետախույզի զինակից ընկերը պատմում է. «Առաջին մարտն էր, պիտի շարժվեինք, Արտակը խնդրում էր, որ իրեն էլ տանենք: Զինակից մարտիկները հորդորում էին, որ մնա, չմիանա մեզ, բայց 17-ամյա պատանու համառության դեմ բոլորս անզոր էինք. ոչ ոք չկարողացավ կանգնեցնել նրան: Արտակը միացավ տղերքին»:
*
«Մարտակերտ պետք է գնայինք, մարտը սկսված էր: Արտակը գաղտնի ցանկանում էր միանալ, բայց տղերքից մեկը, գլխի ընկելով նրա մտադրությունը, ասաց՝ Արտա՛կ, վերադարձիր: «Հերիք է՝ Դուք ինձ երեխայի տեղ դնեք, ես ձեզանից, ու բոլորից լավ կկռվեմ»,-ասաց Արտակը»»,- Արտակի մասին հուշերը շարունակում է մեկ այլ մարտական ընկեր:

*
«1995 թվականին ծառայության անցա Վարդենիսում: Նոր տարվա շեմին էր, նորակոչիկ էի, եկան, ասացին՝ հսկիչ անցագրային կետում ինձ սպասող կա: Չէի պատկերացնում, թե ով է լինելու: Եղբայրս էր՝ Արտակը, նա ինձ էր սպասում. «Եկել եմ, որ միասին նշենք Նոր տարին»: Խնդրեցի՝ եթե հնարավոր է, թող ինձ տեղափոխի Արցախ, այնտեղ ծառայեմ: «Նույնիսկ աշխարհի ամենանկարելին կանեմ քեզ համար, բայց խնդրանքդ չեմ կատարի,-ասաց եղբայրս,- ես այնտեղ եմ և մեր բոլորի փոխարեն կծառայեմ»: Ինձ ծառայության վայրից արձակուրդային տվեցին, Արտակի հետ գնացինք Աբովյան՝ մեր տուն, Նոր տարին նշեցինք մեծ շուքով: Դա մեր վերջին Նոր տարին էր միասին: Կարծես եղբայրս զգում էր ինչ-որ բան, հորդորում էր, որ միշտ մեր ծնողների կողքին լինեմ: Ամանորից հետո ես վերադարձա ծառայության, Արտակը՝ Ղարաբաղ: Արտակին այլևս չտեսա, չլսեցի, միայն նրա ձայնն է մինչև հիմա ականջներումս», -պատմում է Արտակի եղբայրը, ու նրա աչքերում լճացած արցունքները շարունակում են խոսել նրա փոխարեն, արցունքներ կարոտի, հպարտության ու եղբայրական սիրո:
1996 թվականի հոկտեմբերի 30-ին հերոս հետախույզը վերջին մարտական առաջադրանքը կատարեց: Արտակի և զինակիցների համար դա վերջին սխրանքն էր, վերջին մարտը:
Ինչպես մարտական ընկերներն են պատմում, 11 զինակիցներով մոտենում են ադրբեջանցիների դիրքերին և ոչնչացնում նրանց կացարանը, ապա Արտակը վերցնում է զինակցի մոտի մնացած նռնակները, նետում դեպի կացարանը, այն վերջնականապես գետնին հավասարեցնում ու ժպիտով դառնում զինակից ընկերներին. «Տղե՛րք, դրանց վերացրինք»: Մարտական առաջադրանքը կատարելուց հետո վերադարձի ճանապարհին, ցավոք, Արտակը 7 զինակիցների հետո զոհվում է ականի պայթյունից:
Հետախույզ մարտիկը հետմահու պարգևատրվել է «Քաջության համար» մեդալով: Ամփոփված է Մարտունու գերեզմանատանը:
Արտակից հերոսական անունը մնաց, նրա մասին քաղցր հիշողությունները, զինվորական գոտին, զրահաբաճկոնը, որ մինչ օրս պահվում է Ստեփանակերտի թանգարանում, մեդալը, հարազատների վիշտը։
Մարտունու Նելսոն Ստեփանյանի անվան դպրոցի դասարաններից մեկը անվանակոչվել է հետախույզ լեյտենանտ Արտակ Մանասյանի անունով։ Յուրաքանչյուր աշակերտ դասարան մտնելիս պիտի՛ իմանա հայրենիքի գինը, գնահատի ու վառ պահի հայոց քաջի անունը:
Հավերժ փա՛ռք և խոնարհում հետախույզներին…»
Հեղինակ` Արմինե Կարախանյան Նռան Հատ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ