19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պենդերեցկու սիմֆոնիկ մտածողությունը, ստեղծագործության հնչողությունը շատ յուրահատուկ են. Էդուարդ Թոփչյան

Փետրվարի 13-ին Քշիշտոֆ Պենդերեցկու Ջութակի թիվ 2 «Մետամորֆոզներ» կոնցերտի (մենակատար՝ Մարթա Կովալչեկ) և Հինգերորդ «Կորեական» սիմֆոնիայի ներկայացմամբ մեկնարկեց Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

Դիրիժոր Թոփչյանը նշեց, որ Պենդերեցկին 60-ական թվականներին էքսպերիմենտալ, սուպերնոր երաժշտություն էր գրում, սակայն հետագայում վերադարձավ ակադեմիական երաժշտություն։ «Այդ երաժշտությունն անգնահատելի է։ Պենդերեցկու նմանին ես չգիտեմ։ Այսօր շատ դժվար է երաժշտություն գրելը, նույնիսկ չեմ հավատում, որ Մոցարտի պես մեկը ծնվի ու շատ լավ երաժշտություն գրի, քանի որ բոլոր նոտաների հետ կարծես թե ամեն բան արված է։ Բայց կա Պենդերեցկին՝ հավասար աշխարհի ամենամեծերին, որը, իսկական երաժշտության վրա խաչ չքաշելով, հրաշալի արվեստ է ստեղծում: Նրա նման երկրորդին ես չեմ ճանաչում։ Նրա սիմֆոնիկ մտածողությունը, ստեղծագործության հնչողությունը շատ յուրահատուկ են»,- ասաց Էդուարդ Թոփչյանը։

Լեհ ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Մարթա Կովալչեկը Հայաստանում ելույթ էր ունենում առաջին անգամ։ Ներկայացնելով իր տպավորությունները՝ ջութակահարուհին նշեց, որ երևանյան համերգը միշտ մնալու է իր հիշողության մեջ՝ հրաշալի նվագախմբի և ջերմ հանդիսատեսի շնորհիվ։ Նա հույս հայտնեց, որ իր համագործակցությունը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կշարունակվի։ Մարթա Կովալչեկը, անդրադառնալով Պենդերեցկու ստեղծագործություններին, նշեց, որ դրանք բարդ, բայց միևնույն ժամանակ շատ գեղեցիկ են, և իր համար մեծ պատիվ է կատարել Պենդերեցկու ստեղծագործությունները։

Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։

Առաջիկա օրերին` մինչև փետրվարի 17-ը, փառատոնի շրջանակներում սպասվում են ևս երեք համերգներ, որոնց ընթացքում կներկայացվեն Պենդերեցկու կամերային և սիմֆոնիկ գործերը։  Փետրվարի 15-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Քշիշտոֆ Պենդերեցկու երգչախմբային երաժշտության երեկո, փետրվարի 16-ին՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում տեղի կունենա կամերային երաժշտության երեկո, իսկ փետրվարի 17-ին Պենդերեցկուն նվիրված փառատոնի փակման համերգն է. «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը կներկայացնեն Պենդերեցկու «Երուսաղեմի յոթ դարպասները»  թիվ 7 սիմֆոնիան։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ