29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հոգեւոր Նժդեհը

slug-35535

Նախ Հովհաննեսի Ավետարնում ասվել է. «ՍԿԶԲԻՑ ԷՐ ԲԱՆԸ» և «ԱՄԵՆԱՅՆ ԻՆՉ ՆՐԱՆՈՎ ԵՂԱՎ … ԱՌԱՆՑ ՆՐԱ ՉԵՂԱՎ ՈՉԻՆՉ, ՈՐ ԵՂԵԼ Է… ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆՈՎ ԵՂԱՎ…ԿՅԱՆՔԸ ՆՐԱՆՈՎ ԷՐ»։ 
Ուստի իրավունքն Աստծո խոսքինն է, քանի որ ամեն ինչ նրանով է: Ճշմարիտ իրավունքն ուրեմն Բանն Աստծոյինն է, այլ խոսքով ասած` Աստծո Բանականությանը, որ խոսքով է արտահայտվում: Նրանով է Կյանքը, նրանով է Ճշմարտությունը:

ԵՎ, հայտնի է, որ Խոսքով է ամեն ինչ լինում: Եվ չարն անգամ խաբելով մարդկանցս, օգտվում է Աստծո տված մեր այդ ոսկե զենքից` Խոսքից, խաբվողների Բանականությունը հենց իրենց դեմ մոլորեցնել-դարձնելով: Հենց խոսքով` համաձայնություն գտնելով մեր մեջ, որպես ինքն առավել է և այդպես` Խոսքը մոլորեցնելով, ոչինչ դարձնելով հենց մեզ համար:

Եվ արդյունքն ավերմունքն է լինում, հոգեխեղումը բազմաթիվներիս, երբ կեղծ բարեկամ կամ կեղծ ծնունդ է հայտնվում մեր բանական դաշտում: Բազում գիտնականների ու Աստծո այլ շնորհակիրների Բանի փոխարեն մի կտոր մարմնի հացի հրապուրելով է չարն այդ անում` մոլորվածներին ծառայեցնելով կամ գցելով կորստի ու ավերածության ոտքերի տակ: Նախ զրկում է նրանց Աստծո տված հանապազորդ խելամտությունից, ապա պատրում է ու գայթակղում: Իսկ պատրանքն այն է, որ մեծ ճարպկությամբ խաբելով մեր սրտերը` նա չարը բարի է ներկայացնում, բարին` չար: Եվ հոգևոր աշխարհի մոլորումը որպես սպանդ է արտահայտվում նաև մարմնավոր աշխարհում:

Առանց Աստծո Խոսքի, Բանի և բանականության որևէ գործընթաց կամ շարժ երբևէ տեղի չի ունենում: Աստված ասաց` և ասածը եղավ: Սակայն ով Աստծուն է հետևորդում` կյանք է գտնում, ով չարին` նույն Աստծո Բանը չարափոխելով` ապա վերջում գտնում է մահ ու պատիժ, կորուստ, մոլորում և հոգեխեղում, մանավանդ ավելացրած այն վնասների չափերը, որ իր խարդախություններով շրջապատում առաջացրեց:

Եվ ինչպես նախորդ գլխից տեսանք՝ «Ուժն է ծնում իրավունքը» խոսքը երեկ Հիսուսին սպանողների և այսօր դերաքրիստոսի (սուտ քրիստոսի) ճանապարհը նախապատրաստողների խոսքն է Նժդեհը մեջբերում, որ իմանանք թե չարերն են Հիսուսին և հային խաչողներն ու ծաղրողները և ոչ թե քրիստոնյաները: Երբ Սատանան խոսում է ընդդեմ Աստծո Բանին և Հային։

Ուժն է ծնում իրավունքը, միևնույնն է, եթե պնդեին թե` մարմնավորինն է եկեղեցու կամ պոեզիայի կամ երաժշտության իրավունքը, այլ ոչ թե հոգունը, այլ ոչ թե սրբերինը, շնորհինն ու Աստծո մշակույթի զորությանը, իբր ոչ թե տաղանդինը կամ տաղանդավոր մարդկանցը, այլ գողերինն ու կիսանասուններինը, որ իրենց ուժը նյութի հարստությամբ ավերմունքներ գործելու մեջ են տեսնում ։ ՈՒժ, որ ոչ թե ի զորու է ծառայել մշակույթին ու եկեղեցուն, ժողովրդին, այլ ձգտում է տիրել նրանց և ապաշխարություն ապականել, խեղել ու փչացնել, քանի որ այդ ամեն ճշմարտությունից ոչինչ չի հասկանում: Իրենից ճշմարտություն չի ծնվում, քանի որ իրենով անհնար է ճշմարտություն լինի կամ հաստատվի: 

ՑՈՒԼԸ ՄԱՐԴՈՒՑ ՈՒԺԵՂ Է, ԲԱՅՑ ԻՄԱՍՏՈՒՆ ՄԱՐԴԻԿ ՑԼԻՆ ԹԱԳԱՎՈՐ ԿԱՄ ՔԱՀԱՆԱ ԿԱՄ ՈՒՍՈՒՑԻՉ ՉԵՆ ԿԱՐԳՈՒՄ ԵՒ ՈՉ ԷԼ ՑՈՒԼԸ ԼԱՎ ԵՐԳԻՉ Է ԼԻՆՈՒՄ, ԳՐՈՂ ԿԱՄ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ: ԵՎ ՑԼԻ ԲԵՐԱԾ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԱՐԶԱՊԵՍ ԶԱՎԵՇՏ ՈՒ ՓՈՐՁԱՆՔ ՊԻՏԻ ԼԻՆԵՐ ԵՒ ՇԱՏԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԼԽՈՎԻՆ ԽԱՅՏԱՌԱԿ ԵՒ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ։ ԻՆՉՊԻՍԻՆ ՈՐ Է, երբ սրբության պահպանությունը մնում է գողերի ու ավազակների ձեռքում:

Իսկ Շնորհը. Շնորհը հոգևոր Զորություն է տրված մարդուն, ճշմարիտ սիրո ներկայություն, ձիր ու տաղանդ, կյանք հավիտենական, որ թե մարդը մեռնի էլ որպես մարմին, սակայն շնորհների ի Տեր գործադրումներով կենդանի է մնում հավիտյան և հոգով գործուն, ինչպես օրինակ մեր Նարեկը: Եվ Նարեկացու նմանը կրկին Աստծով պիտի հառնի, ավելի սուրբ մարմին ստանա, քանի որ Շնորհների շնորհիվ հոգով կենդանի է մնում: Անկարելի է այլ կերպ կամ այլ մի բան մարդու համար, երբ հավիտենությունը կա, որ ինչպես գիտենք, կա` անվերջանալի և անսկիզբ: Կյանքն առանց այդ ճշմարտության շարունակական լինել չէր կարող: Ծնունդը կարող է որպես սկիզբ դիտվել ժամանակի սահմանափակումների մեջ, բայց ոչ երբեք հավիտենությունը:

Հավիտենականությունը սկիզբ չունի և չունի վերջ։ Իսկ մեր հոգին հավիտենության կենդանի մի մասնիկն է և հավիտենական սերմնահատիկն է մահկանացու մեր մարմնում։ Մարմին, որ նաև ժամանակավոր ուժի չափանիշն է: Այս ուժը պիտի ծառայեցնել Աստծո շնորհներին և ոչ թե Տեր կամ հրամայող դարձնել մեր հոգու և շնորհների վրա: Ուստի, ով հոգին է սնում, կատարյալ խելամիտ է, իսկ ով Շնորհները ծառայեցնում է չարին և մարմնի կամքին` չարամիտ է դեռ և ուշացած է փոշմանելու, եթե այդպես շարունակի:

Բան, որ շատերն են ճանաչել ու վկայել: Աստծո զորավորը մահից այն կողմ էլ է շնորհներով զորավոր ու կյանքի մեջ հավետ կենդանի։ Սոսկ մարմնապես ուժեղը, հոգևոր չլինելով՝ մահից այն կողմ պիտի վերածվի աղբի։ Աստծո դեմ ապստամբները ստակրոնությունից կամ մոլեկրոնությունից կամ անհավատության մեղքից կարծում են լավ է անհոգի և անխելամիտ լինելով՝ սոսկ մարմնապես ժամանակավոր ուժեղ-անասնականը լինել-ընտրելը։ Սակայն Աստծո որդիները՝ սուրբարդար Շնորհներով են զորավոր, որին հասնում են Քրիստոս հագած ապաշխարության դարձով։ Մարմնավոր ուժը հանկարծահաս կոտրվողն է, իսկ սուրբ զորությունը կամ ապաշխարությամբ ձեռքբերվածը՝ արժանիի վրա ընդհատում չունի, այլ անընդհատ զարգացում է դեպի առավելն ու ավելի առավելը: Եվ հավետ ու անընդհատ է՝ թե այս աշխարհում, և թե առավելով՝ այն։

Բան, որ շատերն են ճանաչել ու վկայել: Եվ ինչպես Աստծո ճանաչեցրածն է` իրավունքը Վերին Սիրուն է պատկանում, իսկ երկրում` անխաբ մարդասիրությանը: Ուժն, այսինքն` ծառա է միայն իմաստունների և սրբերի, Աստծո մարդկանց կամքին, և տաղանդավորներին ենթակա լինելով է միայն օգտակար: Ինչպես ձեռքն ու ոտքը սրտին և գլխին ենթարկվելով են օգտակար: Ինչի՞ նման կլինի, եթե սիրտն ու գլուխը ենթակա լինեն ձեռքին ու ոտքին: Երբ ղեկավարը բանականությունն է, որ սիրտն ու գլուխն են իրագործում` հրաման տալով ոտքին ու ձեռքին, որ սրանք օգտակարը գործեն: ԵՎ եթե ձեռքն ու ոտքը ապստամբեն բանականության դեմ` մարդիկ կվերածվեն անասունների և նրանցից ցած էլ կիջնեն: Բնականաբար, նման ապստամբությունը հանկարծակի և խայտառակված կընկնի և նրան երբևէ պահող չի լինի, քանի որ ուժը անասնական է, եթե Աստծո Կամքի բանականությամբ չի ուղղորդվում:
Նապոլեոնն ասել է.

«ԵՍ ՈՒ ԱԼԵՔՍԱՆԴՐԸ (ՄԱԿԵԴՈՆԱՑԻՆ) ՍԽԱԼՎԵՑԻՆՔ, ՄԵՆՔ ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԵՑԻՆՔ ՈՒԺԻ ՎՐԱ ԵՒ ՊԱՐՏՎԵՑԻՆՔ, ԻՍԿ ՔՐԻՍՏՈՍ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԵՑ ՍԻՐՈ ՎՐԱ ԵՒ ՀԱՂԹԵՑ, ՄԻՆՉԵՒ ԱՅՍՕՐ ԷԼ ՀԱՂԹՈՒՄ Է ԵՒ ՎԱՂՆ ԷԼ Է ՀԱՂԹԵԼՈՒ»։

Առաքելոց վանքի կռվում Զորավար Անդրանիկը 30 մարդով, միայն չախմախե հրացաններով 20 օր շարունակ կռվեց թուրքական 6 հազարանոց կանոնավոր զինյալ բանակի դեմ։ Եվ երբ մեր Հերոսի փամփուշտները վերջացան, նա հեռացավ՝ ոչ այլ մի ճանապարհով, քան… թուրքական բանակի միջով։ Երկու զոհ տվեց Անդրանիկը, այդ երկու զոհն էլ չէր լինի, եթե Անդրանիկի` ԱՍՏԾՈ ԲԱՆԱԿԱՆ ՄԱՐԴՈՒ հրահանգները ժամանակին և ճշտությամբ պահեին։ Իսկ թուրքերի զոհերը 1800 են հաշվվել։ Որովհետև մարմնային ուժը թուրքերի կողմն էր, իսկ բանական իրավունքը, զորությունը, որ նշանակում է Արդարությունն Աստծո, սերն Աստծո, օրհնությունն Աստծո՝ զորավիգ էին Անդրանիկին։ Եվ բանական իրավունքն է Աստծո, որ ինչպես Ոգու Արծիվն է ապստամբած ճնճղուկներին միշտ հաղթում, այդպես ի վերջո հաղթելո՛ւ է մարմնավոր վեր թռած ուժին՝ բոլոր ժամանակներում։ 

Նույնն է նաև սուրբ Վարդանանց օրինակը։ Պատերազմ՝ զորությամբ։ Զորությունն է, արդարության ոգին, որ մարդուն կամ ազգերին անվախ է դարձնում և նահատակվելո՛վ էլ նրանք չեն պարտվում. այլ մտնում են հավիտենական կյանքի դռներից ներս, քանի որ բանական հաղթողներն են հոգով կենդանի թե այս, թե այն աշխարհում։ Մարմնավոր ուժին տուրք տված միլիարդավոր մարդիկ չեն հիշվում, նրանք մարդակերպ ստվերների պես եկան-անցան, բայց Վարդանը հոգով կենդանի է և այսօր էլ է իր հաղթության Վարդով և զորությամբ գոտևորում մեր ազգի գիտակցական դաշտի որդիներին։

Նույնը հոգու զորությամբ արեց սաղմոսերգու Դավիթը, որ երբ դեռ նորելուկ պատանի էր, մեն մի պարսատիկով և ոտաբոբիկ ելավ հսկայակազմ ու ոտից գլուխ զինված ու զրահավորված Գողիաթի դեմ, որի դեմ վախենում էին մարտնչել կոչված հսկաներն անգամ։ Բայց Դավիթ պատանին ճշմարտության իրավունքով, սիրո և մարդասիրության, կյանքի իրավունքով, Աստծո Բանն իր մեջ ունենալով, վերին այդ զորությամբ ասաց. «Ես իմ Աստծով եմ գալիս քո դեմ, ով Աստվածհայհոյ Գողիաթ» և պարսատիկի քարը մեխեց հսկայի ճակատի ճիշտ մեջտեղում ու նրան իր հսկա ուժի հետ տապալեց գետնին, թե՝ հող, քո մարմնական ուժի հպարտանքով ու բամբասանքով ինչպե՞ս ես ելնում Հավիտենարժեք Բանի դեմ, որ չպարտվող զորությամբ է։ Երբ Աստծո Բանի զորությամբ լեցուն ահա անգամ մի երեխա կարող է քո սևը մշտապես և ամեն ժամանակ բերել։

Այդպես է Տեր Աստծով եղել և լինում բոլոր ժամանակներում: Աստծո իրավունքի զորությամբ, սիրո ու մարդասիրության զորությամբ, Աստվածաշնչյան դատավոր Սամփսոնը` մեն մենակ, էշի մի ժանիք ձեռքին` հակառակորդի բանակներն էր կոտորում, լափում էր հակառակորդին, ինչպես կրակն է երաշտից չորացած արտն սպառում։ Սա ուժ չէ, այլ Գիտակցված զորությունն Աստծո։ Սա ուժ չէ, այլ ոգեղեն Աստվածընտիրների սուրբ մի տեսակ, երկնային տեսակ, բանական մարդարծիվ կերպարների տեսակ, երգելով կռվող մշտահաղթների տեսակ։ ԱՆԿՈՏՐՈՒՄ ՈԳԻ: Զորավար Անդրանիկն ևս իր զինվորներին բանական նույն ոգեկոչն էր հրահանգում.

«Մեր զինվորները հարկ չէ որ հայհոյեն, ինչպես հակառակորդը, այլ հարկ է, որ մեր զիվորները երգեն ու կռվեն»։ Որովհետև հոգու սնունդը, զորանալը, այդ զորությամբ հազարավորներին հաղթելը` շնորհներով է, իսկ երգն ու երգի խոսքը, սրտանց աղոթքը` շնորհներով հոգին զորացնել, սնել է նշանակում: Այդ պատճառով` երգելով կռվողներն են արծվանում և ոչ երբևէ Գողիաթի նման հայհոյիչները:

Ինչպես գիտենք, Դավիթը, ում Քրիստոս մոր կողմից հայր անվանեց, պատանի օրերին մերկ ձեռքերով առյուծ էր սպանում, սակայն նա առաջին հերթին Սաղմոսերգու էր և Աստծու Խոսքն ու Շնորհքն էր նրա մեջ գերմարդկային այդ զորությունը, որպես նաև ուժ առաջացնում: Ոգու արծիվ էր, ուրեմն և ոչ թե միայն մարմնով ուժեղ մարդ և… երգելով էր զորավորվում, ուժով լցվում, կռվում ու հաղթում իրենից քանիցս զորավորներին։ Հայտնի է, որ սուրբ Գևորգ և սուրբ Սարգիս անպարտելի զորավարները նույնպես երգելով էին ելնում մարտի, նույն հաղթող Դավթի սաղմոսները երգելով։
Քրիստոսի սիրով զգեցած մեր Կամսարական իշխանների հեծյալ խումբը, մեկ տասնյակի չափ, շրջափակվում են մոտ 20 000 անոց պարսկական բանակով։ Դիմում են Հիսուսին և իրենց վրա զգում Երկնքից իջած նրա Բանական զորությունը։

Մշտապես և ամենքին Հաղթող Հիսուսի կենդանի զորությունն իրենց մեջ տեսնելով՝ մարգարեանում են, թե՝ ահա ճեղքելու ենք թշնամու բանակը և անգամ մի քերծվածք չենք ստանալու։ Եվ ապա Աստծո Բանի զորությամբ իրենք են հարձակվում և ինչպես դանակը կարագը ճեղքի՝ կոտորելով ու կտրելով թշնամու ամուր շարքերը, անվնաս դուրս են գալիս շրջափակումից, պարսից հրամանատարներին թողնելով ապշանքի մեջ: Ճշմարիտ որ` քերծվածք անգամ չստանալով են ելնում գերությունից։

Եվ ապշահար պարսիկները հրավիրում են Կամսարական իշխանին, որ իրենց զորքերի սպարապետը դառնա ու՝ դառնում է։ 

Այս մեկն էլ վկայություն իմ կյանքից։ Այն մասին, որ՝ արդար Քրիստոնյայի զորությունը, հիրավի, մահից այն կողմում էլ է կենդանի, մասնակից այս աշխարհում իրենց մերձավորների, հայրենակիցների, բանական դաշտի մարդկանց, երեխաների, որբերի կյանքին։ 

Ծնողներս մահացան, երբ ութերորդ դասարանում էի։ Բարեկամներս ինձ տարան արհեստագործական մի ուսումնարան, ուր սնում էին, հագցնում, գիշերելու տեղ տալիս։ Ստեղծագործում էի։ Մի օր ինձ ու ընկերոջս, թաղի «գող» տղերքը՝ 7-8 հոգի, սկսեցին ծաղրել ու ծեծել։ Ընկերոջս դեմ ինչոր բան ունեին։ Ընկերոջս հաջողվեց փախչել։ Քիչ անց ինձ էլ հաջողվեց։ Փողոցի այն կողմն էի վազում։ Ետ նայեցի։

Մեկը, որ քիչ օրեր անց մեր ուսումնարանի տղերքից մեկին դանակահարեց ու կյանքը չհաջողվեց փրկել, նույն այդ մեկը դանակը բաց հասնում էր ինձ։ Շարունակեցի վազել, և… անդորր եղավ հանկարծ, ու որոտընդոստ մի ձայն լսեցի։ Հոգևոր ձայն, միայն ինձ լսելի։ «Կանգնի՛ր, ես Անդրանիկ Զորավարն եմ, ե՛տ դարձիր»։ Ես ետ դարձա։ Այդժամ, զգացի, որ մինչև գոտկատեղս Զորավարի սուրբ Հոգին իջավ իմ մեջ և ձեռքս (այդ պահին՝ պայմանականորեն էր իմ ձեռքը) ետ գնաց ու հզոր ապտակ իջավ հետապնդողիս դեմքին։

Նա երկայնակի փռվեց փողոցի մեջտեղում ու թպրտում էր։ Ես ավելի դանդաղ, հանգիստ վազքով անցա փողոցն ու մտա ուսումնարան։ Ուժը չէր իմ կողմը, այլ՝ ճշմարիտ իրավունքը, որ որբ էի ու տարիքով երեխա` միայն մարմնով մեծ և ուժեղ և լկտի իմ հակառակորդի առաջ։ Իրավունքս չանտեսվեց Աստծուց, որ նախապես ասել էր իր ընտրյալներին, թե. «որբի իրավունքը կպահեք» և Տիրոջ ընտրյալներից Անդրանիկը, որ ժամանակին բազմաթիվ որբերի էր փրկել, այդ օրն էլ շնորհի հետևորդիս ապրելու իրավունքը պահեց՝ արդեն իր առավել հոգևոր աստիճանակարգում, աշխարհի մեջ։

Մի աստիճանակարգ, որտեղ կենդանի հոգով սրբերն են գործում: Այդ օրն իմ առաջ բացվեց երկնքի վարագույրի անդենային մասից մի զորավոր ու կենդանի, ապրող պահ։ ԵՎ ակնհայտ տեսա, որ` ինչ կյանքով էլ ապրենք, այդ մեր նախնի մեծերից անտես չէ և եթե բարին ենք գործում` առանց նրանց չէ: Ուստի և, անգամ մտքի մեջ մեղք գործողը տեսնվում է նրանցից, օգնության արժանին` օգնություն գտնում: «Սրբերի բարեխոսություն» որ ասում ենք` սրբերի նման միջնորդությունները նկատի ունենք: Որոնք ակնհայտ բաներ են:

Հոգևոր հարազատություն: Հոգևոր-բանական ազգ-ընտանիք: Իզուր չէր հոգևոր Նժդեհը պատերազմի ելնելիս մեր նախնի մեծերից աղոթքով խնդրում նրանց կենդանի զորակցությունը: Խնդրածը` նրանց կենդանի ոգու զորակցությունն էր, որով զորավարը հաղթում էր մարմնով և թվաքանակով ուժեղներին: Իսկ Նժդեհն այդ ամենը գիտեր, որովհետև քահանայի որդի էր և մանկուց Աստվածաշնչից էր սնվել` մարմնական ուժի հանդեպ Շնորհի զորության գերակայությունը առաջնային տեսնելով: Նույնն է թե, մանկականորեն ասած, Նժդեհի ժամանակում, նրանից մարմնապես ուժեղ տասնյակ հազարավոր մարդիկ կային, ովքեր սակայն պատիվ էին համարում խոնարհ լինել Նժդեհի Աստվածային տաղանդների, Շնորհների զորության առաջ: Որովհետև բանականության արծիվն էր հոգևոր Նժդեհին և գլուխ և ղեկավար:

Հոգևոր կյանքի, այն է՝ Աստծո Բանի զորության նվիրապետական այս բանալին մեր օրերում էլ է հրաշքներ գործում։ Ո՞վ չի հիշում Շուշի քաղաքի ազատագրումը։ Քահանայի թոռ Արկադի Տեր-Թադևոսյանն իր փոքրաքանակ զինվորներին հրամայեց աջ ձեռքերի և մեջքի վրա Փրկչի Խաչի նշանը դնել և Խաչի հովանու տակ ելնել պատերազմի։ Եվ ԽԱՉԻ ԵՐԵՒՄԱՆ ՏՈՆԻ ՕՐԸ ՀԱՐՁԱԿՎԵՑԻՆ ԵՒ ՏԱՐԱՆ ՔՐԻՍՏՈՍԻ ԽԱՉԻ ՊԱՏՎԻՆ ԱՐԺԱՆ ՍՔԱՆՉԵԼԻ ՀԱՂԹԱՆԱԿ։ Խաչի նշանով պատերազմի ելնելու Տերունական խրատն եղավ Կոստանդինոս արքայի օրոք։ Նա փոքրաթիվ իր զորքով կամենում էր հաղթել մեծաքանակ բարբարոսներին:

Չհպարտացավ, որ գնար-ջարդվեր, այլ` սրտանց խնդրեց Աստծուն թե՝ ինչպե՞ս վարվել։ Այդժամ երկնքում, ամենքին ի տես, հայտնվեց մի դրոշ՝ վրան Խաչի նշանը և գրված՝ ՔՐԻՍՏՈՍ և վերստին գրված. «Սրանո՛վ հաղթիր»։ Եվ ինչպես մեր Կոմանդոսը վարվեց, Կոստանդինոսն էլ, իր զինվորներին զենքից բացի զինեց Քրիստոսի Խաչի նշանով: Եվ մեկը մյուսի ետևից մեծաթիվ հակառակորդների դեմ տարավ փառավոր հաղթանակներ։ Ապա Կոստանդինոսը, ասում են, դարձավ աշխարհի ամենահավատացյալ արքան: Թվում է, մինչ այսօր չգերազանցված: Կոստանդինոսը մեր Տրդատի ու Լուսավորչի ժամանակակիցն էր։ Բնականաբար, այս ևս, ինչպես մյուս օրինակներում` Աստծո զորության, Բանական ոգու հաղթանակն էր` սոսկ մարմնով ուժի հպարտության հանդեպ:

Այս ամենը մեզ համար իմանալը նախ մեզ համար էլ կարևոր է, որովհետև մենք փոքր ազգ ենք, բայց Աստծո զորությամբ կարող ենք մեծերի խարդավանքները պատժել: Բանալին կա այսինքն: Նույն հավատի զորությամբ, երբ Շուշին լցված էր Էլչիբեյի զորքերով՝ ֆիդայի Ալֆրեդ Ներսիսյանը, որ կենսաբանության գիտությունների թեկնածու է, այժմ՝ Բնապահպանության նախարարության վարչության պետ, արձակագիր Վրեժ Իսրայելյանի, արվեստաբան լրագրող՝ Սպարտակ Ղարաբաղցյանի և մի օդաչուի հետ, օրը ցերեկով, տաքսի մեքենայով ուխտի գնաց գերավար Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։ 

Եվ ազերի զինվորներն ու ազերի «բնակիչները« Շուշիի փողոցներում լսում էին Զորավար Անդրանիկի մասին Ալֆրեդ Ներսիսյանի երգերն ու չէին կարողանում ո՛չ որևէ բան հասկանալ, ո՛չ ձեռնարկել, ո՛չ պատասխան տալ։ Որովհետև ուխտագնացությունը վստահ Հույսով և Հավատով էր. ԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՍՏԾՈ և ոչ երբեք միայն մարմնական ուժով, այլ՝ հավատի Քրիստոսատուր արդեն հաղթանակած Բանական ոգով: Շուշիի ուխտագնացությունը Տիրոջ այն խոստմամբ էր, որ հավատավորի ներսում Աստված է բնակվում, իսկ Աստծո առաջ անհնար կամ դիմակայող ոչինչ չկա:

Իսկ մեր փոքր ժողովրդի մեջ ամո՛թ է Քրիստոսի հանդեպ հավատ չունենալը կամ սակավ հավատ ունենալը, քան անհրաժեշտ է հավիտենական մեր կյանքին։ Քա՛ջ լինենք՝ հավատալ, ըստ այս մեծ ու վեհ հավատավոր մարդկանց ընտիր օրինակների էլ։ 

Մեր «Սասունցի Դավիթ» էպոսն իսկ Աստծո զորության այս հիմնաքարով է: Երբ մեր գենի արտահայտիչ նախնին` Սանասարը, Աստվածածնի պատվերով մկրտվում է սուրբ Ավազանում, այդժամ դառնում է յոթնապատիկ հսկա և զորավոր, քան էր: Հորինվածք չէ մեր էպոսը, այլ հայկական գենի կենդանի սերմնահատիկ, որ ննջած է մեր հոգում, և որ մեր քրիստոնեական կյանքով պիտի արթնացնենք և մեր այդ տեսակին մենք հավատարմենք:

ԵՎ պիտի քրիստոնեավայել ապրենք, որ այդ սերմնահատիկն առավել աճեցնի Աստված բազում բարի ու առատ պտուղներով:
Զորությունն Աստծո, որ երկնքի այն արծիվն է, որի երևալով միաբանված ուժովները՝ մանր կենդանիների նման զարհուրած, ճողոպրում են։ Եվ որքան այդ կենդանիները շատ լինեն, անկարելի է, որ արծվի հանդեպ զարհուրհանքը երբևէ անբանական իրենց միաբանությամբ հաղթահարեն, որովհետև չգիտեն, թե՞ որ մեկին կբռնեցնի։ Զարհուրելի է կենդանի Աստծո ձեռքն ընկնել, վկայում է Սուրբ Գիրքը: Որովհետև եթե բանական լինեին, այսինքն, եթե արծիվ լինեին՝ Արծվի կողմից կլինեին, նրա ճշմարիտ թագավորությունը կընդունեին և չէին հակառակի։

Եվ այդպես՝ ամենն են զարհուրում Աստծո Բանի զորությունից, Աստծո Արծվից. եթե անգամ միաբան լինեն՝ ո՞վ կարող է իր Ստեղծողի դեմ ելնել ու կենդանի մնալ, խեթ նայել ու մեծապես չվնասվել կամ հավետ չկորչել, կամ հավետ չխեղվել, եթե ժամանակին դարձ չանի իր հպարտանքներից։ 

Քրիստոս Բանականություն Արծվից, ինչպես Հայտնության Գրքում է գրված, պիտի խայտառակությամբ պարտվի համաշխարհային թագավորների ողջ միությունը, որ այսօր կազմավորվում է և այժմ դեռ հաջողում է մարմնավոր իր պատիր ուժը որպես իրավունք դիտել տալ մարդկությանը: Այսինքն. Ուժն է ծնում իրավունք ասողները պիտի խայտառակվեն Քրիստոսի հայտնվելուց: ԵՎ ամեն բան, որ բաբելոնացվելով որպես ուժ կապստամբի Աստծո Բանի, Աստծո Արծվի դեմ` խայտառակվելով պիտի ընկնի՛ Աստծո սրի առաջ, որ Խոսքով է ծագում աշխարհի վրա։ Եվ թող մարդասերն Աստված թողություն տա մեր` հավատացյալներիս մեղքերին և որ ժամանակին դարձ ապրենք, քանի որ` ինչու՞ ուշանանք:

Տկա՞ր ես, ջանք արա: Ճիշտ է, այդ ամեն ինչ չէ, բայց այդ էլ է մի բան, քան ոչինչը: Հին Կտակի մարգարեներից մեկը` Դանիելը պատմում է, որ երբ Աստծո զորությունը սկսեց մոտենալ, բոլոր ուժովները, մարմնապես կուշտերը, այսինքն` մարդակերպ ցուլերն ու գայլերը, ի ծնե շները նաև, հանկարծ զգայական սարսափ զգալով՝ փախան այդ վայրից և միայն ինքը մնաց, որ պահքով մարմնապես տկարացել, բայց հոգով զորացել էր։ Իսկ Տիրոջ հրեշտակն երևաց նրան մարդու որդու նմանությամբ և նրան անվանեց. «Սիրելի մարդ»։

Անսիրտ մարդակերպ ցլերին, շներին, գայլերին սիրելի մարդ չէր անվանի. նրանք թեպետ արտաքնապես կուշտ և ուժեղ, սակայն սարսափահար փախչում էին Տիրոջ մոտեցող զորությունից, Շնորհի պայծառությունից։ Որովհետև այդ զորության ներկայությունից կարող էին մեռնել կամ սարսափից ցնորվել, կամ վերածվել աղբի։ Ինչպես տեսնում ենք՝ մարմնապես ուժովներինը չէ երբևէ ճշմարտությունն ու իրավունքը և ոչ էլ` առավել ևս` Տիեզերական իշխանությունը, և ոչ էլ ճշմարիտ կյանքը և առավել ևս` ոչ էլ սուրբ Սերը։ Որովհետև իրավունքը հոգևոր, ոգեղեն իմաստնություն է՝ զորությամբ Տիրոջ։

Մեր օրերի վերջում, ինչպես ասացինք, և ինչպես արդեն լինում է, Աստծո զորության Արծվի դեմ միաբանվելու են երկրի գրեթե բոլոր թագավորները, ոչ թե Աստվածերկյուղ, այլ՝ վայ-նյութապաշտ, կաշառասեր իշխանավորները, բայց Բանի զորության Արծիվը տարերային աղետներով բռնացնելու է նրանց և զարհուրանքից ոչ մի թագավոր պահպանված չի զգալու ինքն իրեն, չգիտեն՝ ո՞ր մեկին է բռնեցնելու կարկուտով, ցունամիով, երկրաշարժով կամ արևի տապով (գլոբալ տաքացմամբ), համաճարակով. (գրվածքն ասում է` և հայտնի և մեզ անհայտ տարերային աղետներով) մինչև մեր Տիրոջ ամեն հակառակողներն էլ հալվեն, մաշվեն ու ընկնեն՝ Աստծո անսպառ զորության Արծվի առաջ: Ուրեմն, հաղթող այն թագավորն է կոչվելու, որ Տիրոջով հովվի ու խնամի իր երկիրը: 

«ԵԹԵ ՉԱՊԱՇԽԱՐԵՔ, ԱՄԵՆՔԴ ԷԼ ՊԻՏԻ ԿՈՐՉԵՔ», նախօրոք ասել է Հիսուս:  Եվ այն թագավորները, որ Քրիստոս Տիրոջով չեն կամ Աստծո օրենք են արհամարհում, դրանք իրենց հակառակ իմաստի փոխում, պիտի ընկնեն իրենց չարով և ոչ թե բարիով միաբանվելու պատճառով։ Միթե չե՞նք տեսնում, որ ինչքան աշխարհը բաբելոնացվում է, անբարոյականությունն ու պոռնկությունն այդքան ավելանում են, և նույնքան էլ տարերային աղետներն են շատանում, մեծանում ու հսկայանում, ինչպես գրվածքում խոստացել է Աստված` աղետները մեծացնել, երբ նրա տված բանականությանն ու սիրոն հակառակ` աշխարհը բաբելոնանա ու ապականվի:

Եվ խոստացել է թե` վայ է լինելու կողմնակցողներին, կամակիցներին: Եվ քանի՜ քանիսը ուշացած, շատ ուշացած պիտի հասկանան երկնքի Արծվի՝ Քրիստոսի խոսքը թե. «Եթե (ժամանակին) չապաշխարեք, ամենքդ էլ կորչելու եք»։ Եվ բաբելոնացող մարդկությանը Աստված խոստացել է ոչ թե ջրհեղեղով այս անգամ կործանել, այլ կրակով այրել: Եվ պարզից պարզ. աշխարհի ապականման հետ մեկտեղ, ողջ երկրագունդն սկսել է տաքանալ: Սակայն մարդիկ դրանից անհանգստացած, ասես աչքերը կապված, չեն խոսում Աստծո զգուշացման մասին, թե` «Կրակով այրելու եմ ապստամբներին», այսինքն` անբան ուժը (մահը) իրավունք կարծեցնողներին: Այսինքն. լսողներիս համար, լսել-հասկանալու պահն իսկ` դարձի կոչնակ է, և ինչպես Տիրոջով ժամանակին ամենքիս է ասվել հինգ իմաստուն կույսերի առակով. «Երանի ժամանակին լսողներին, ոչ թե ուշացածներին»: 

Չէ՞ որ շատերս ենք փափագում հավիտենության հետևորդ լինել և ոչ թե անցնող ժամանակի: Կյանքի հետևորդ լինենք և ոչ թե դժբախտության և անմիտ փորձությունների կամ ահռելի աղետների մեջ ընկնելը փնտրողների:
ՈՒՍՏԻ, ԻՐԱՎՈՒՆՔԸ ԱՍՏԾՈՆՆ Է, ՆՐԱ ՍԻՐՈՎ ԵՎ ԸՆԿԵՐԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՂԻՆԸ։
Տերունական աղոթքում, պատահականորեն չէ, որ ասում ենք՝ ՔՈՆՆ Է ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ, ՉԵՆՔ ԱՍՈՒՄ ՈՒԺԸ, որ խիստ ցածր ու խիստ ստվերային բնորոշում կլիներ։ 

Հոգևոր Նժդեհի խոսքի այն հատվածը, ուր հայն է նկարագրվում խաչի վրա, ցնցող և զորավոր է մեր ամենքի համար։ Սակայն հարկ է անխարդավ կարդալ և թշնամու խոսքը Նժդեհին չվերագրել, քանի որ մենք զորության «ոգեղեն» ժողովուրդ ենք և ոչ որպես թե` մեր կոչումով ժամանակավոր, իբր նյութագոյության մահ ուժին կեր ժողովուրդ կամ նյութին կուլ գնացող ժողովուրդ։ «ՈԳԵՂԵՆ», այսինքն՝ ԶՈՐՈՒԹՅԱՆ ժողովուրդ ենք, որ Խաչվելով էլ գիտի սքանչելիորեն հաղթել և հարություն առնել:

Հոգևոր ժողովուրդ, որ մարմնասեր, նյութապաշտ որպես թե ուժեղ հպարտներին պիտի թողնի իրենց պարտության և շարունակական ամոթի ու տաժանքի մեջ, իսկ ԱՍՏԾՈ զոհագործման նպատակի հակառակները ավելի վատ վիճակում պիտի մի օր հայտնվեն և որպես թե անկասելի ուժեղ որքան հակառակեն` է՛լ առավել պիտի պատժվեն։

Մաքսիմ Ոսկանյանի  «Հոգևոր Նժդեհը» գրքից

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ