18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աղոթք Մեծ Պահքից առաջ

Հա՜յր Երկնավոր, փա՜ռք Քո Արարչագործությանը երկնքում և երկրի վրա:
Փա՜ռք Քեզ, որ արարեցիր մեզ Քո պատկերով ու նմանությամբ և մեզնից առաջ արարեցիր այն ամեն բարիքը, որ մենք վայելում ենք: Գոհություն ենք հայտնում Քեզ, որ մեր մեղսալից կյանքը տեսնելով գթացիր և ուղարկեցիր Քո Միածին Որդուն, մեր փրկության ծրագիրը Իր կամավոր տանջանքով իրականացնելու համար:

Որդի՜ Աստծո, մեր Տե՜ր Հիսուս Քրիստոս, Դո՛ւ քառասնօրյա ծոմապահությամբ ցույց տվեցիր, որ մարդու համար հնարավոր է ժուժկալությամբ և աղոթքով հասնել հոգևոր բարձունքի: Քո՛ Սուրբ Մկրտությամբ հաստատեցիր վերստին ծնունդով նոր մարդ դառնալու գաղափարը: Քո՛ երեքամյա հանրային ծառայությամբ փոխանցեցիր սերնդե սերունդ Քո ճշմարիտ Լույսը: Երախտապարտ ենք Քեզ, որ կամավոր հանձն առար Խաչի տանջալից մահը մեր մեղքերի պատճառով: Հարություն առար, երևացիր մարդկանց փաստելով Աստվածությունդ: Համբարձվեցիր և խոստացար ուղարկել Սուրբ Հոգին, որպեսզի լուսավորի Քո առաքյալներին, որոնք էլ իրենց հերթին առնելով Սուրբ Հոգին, գրի առան Քո բոլոր պատգամներն ու ուսուցումները ճշմարիտ կյանքի համար: Հաստատեցիր մեզ համար Քո Մարմինն ու Արյունը ճաշակելու Խորհուրդը, որպեսզի անմասն չմնանք Քեզնից: Ոչնչից զուրկ չթողեցիր մեզ` երախտամոռներիս: Այդ բոլորը փոխանցվեց մեզ երկու հազար և ավելի տարիներ հետո, բայց մենք արարածներս չենք կարողանում կատարել
մեր Արարչի պատգամները ինչպես որ հարկն է, միայն մեղքի պատճառով:

Մենք արժան չենք Քո մեծ ողորմությանն ու գթությանը, համբերությանն
ու կարեկցանքին, ներողամտությանն ու բարերարությանը: Մենք հավատում ենք Քեզ, և այդ հավատը այնքան տկար է որ մեր մարդկային գործոնն է իշխում մեր բանականությանը, որը տվեցիր մեզ անասունից տարբերվելու համար: Դու մեզ ուղղաձիգ ստեղծեցիր և որպես պահպանող հատկություն տվեցիր աստվածճանաչողությունը, բայց մենք դարձյալ ընտրեցինք մեղքը և թաքնվեցինք Քեզնից: Ողորմի՜ր մեզ Տե՛ր, գթա, ներիր, շնորհի՛ր մեզ ճշմարիտ ապաշխարություն, ո՛ւժ տուր մեզ, այս անգամ պատվով դուրս գալ պահքից և արժանանալու Քո Հարության պանծալի տոնին հաղորդակից լինել արժանավորապես, աղաչո՜ւմ ենք Քեզ` և Ամենասուրբ Երրորդությանդ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն աղոթք ենք վերառաքում ամենայն ակնածանքով և ողբալի աղերսներով: Լսի՜ր մեզ…
Օրհնյալ Հայր Սուրբ Աստված ճշմարիտ. Ամեն.
Օրհնյալ Որդիդ Սուրբ Աստված ճշմարիտ. Ամեն.
Օրհնյալ Հոգիդ Սուրբ Աստված ճշմարիտ. Ամեն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ