28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ում վիզաների հետ կապված խարդախության մեղադրանք է առաջադրվել երեք հայերի

F8264317-8791-474C-BDAA-7F108525E26D_cx0_cy10_cw0_w1023_r1_s

ԱՄՆ-ի իրավապահները մեղադրանք են առաջադրել երեք հայզգի անձանց՝ վիզաների հարցով խարդախություն իրականացնելու համար: Մեղադրանք առաջադրված անձանցից մեկը ԱՄՆ-ի քաղաքացի է, երկուսը՝ Հայաստանի, հայտնում է Ամերիկայի ձայնը։

Նյու Յորքի Արեւելյան շրջանում երեք անձանց առաջադրվել է մեղադրանք երկար տարիներ վիզաների հետ խարդախություն իրականացնելու համար, որի միջոցով վերջիններս անօրինական կերպով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են տեղափոխել Միացյալ Նահանգներ:

Դրա մասին են տեղեկացրել դաշնային և նահանգային իշխանությունների իրավապահ մարմիններն ու ԱՄՆ-ի պետքարտուղարությունը:

Վիզաների խարդախության համար Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դատարանում մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ-ի քաղաքացի 47-ամյա Ստելա Բոյաջյանին և ՀՀ քաղաքացիներ 30-ամյա Հրաչյա Աթոյանին ու 41-ամյա Դիանա Գրիգորյանին: Բոյաջյանին ու Գրիգորյանին է ներկայացվել նաև փողերի լվացման մեղադրանք , իսկ Ստելա Բոյաջյանը նաև մեղադրվում է ինքնության կեղծման մեջ:

Ըստ մեղադրական եզրակացության, վերջիններս կազմակերպել են ՀՀ քաղաքացինների անօրինական մուտքը Միացյալ Նահանգներ՝ մշակութային միջոցառումների մասնակցելու պատրվակով: Նրանք դիմում էին ԱՄՆ-ի հյուպատոսական բաժիններ՝ խնդրելով այդ անձանց տրամադրել P-3 տեսակի ոչ ներգաղթային վիզա, որը նախատեսված է ԱՄՆ ժամանակավոր այցելության համար՝ այստեղ մշակութային միջոցառումների մասնակցելու, այս ոլորտում ուսանելու կամ դասավանդելու համար: Այս տեսակի վիզա ստանալու համար անհրաժեշտ է ամերիկյան գործատուի կամ աջակցող կազմակերպության կողմից I-129 ձևի ներկայացումը ԱՄՆ-ի քաղաքացիության և ներգաղթի հարցերով զբաղվող գերատեսչությանը:

Մեղադրվող անձինք, ըստ ԱՄՆ-ի դատախազության, կազմակերպում էին կեղծ մշակութային խմբեր, մարդկանց տրամադրում ավանդական զգեստներ, լուսանկարում նրանց ու ներկայացնում որպես մշակութային խմբի անդամներ: Խարդախության իրականացման համար, ըստ մեղադրական կողմի, Ստելլա Բոյաջյանը օգտագործել է իր հիմնած «Big Apple Music Awards Foundation» հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև ԱՄՆ-ում և Հայաստանում իր կապերը երաժշտական ոլորտի ասպարեզում:

Մեղադրական կողմը պնդում է, որ մեղադրվող խումբը ՀՀ քաղաքացիներից ստանում էր 3 հազարից 15 հազար ԱՄՆ դոլար՝ I-129 ձևի մեջ նրանց անունները ընդգրկելու համար: Բոյաջյանն ու նրա հանցակիցները, ըստ դատախազության, պատրաստել են կեղծ վկայագրեր և այլ կեղծ նյութեր, ներառյալ մարդկանց բազմաթիվ լուսանկարներ ազգային տարազներով: Այնուհետև այդ բոլոր նյութերը ներկայացվել են ԱՄՆ-ի հյուպատոսական ծառայություն՝ վիզա ստանալու նպատակով հարցազրույցի համար: Նրանք վիզա ստացող անձանց նախապատրաստել են, թե ինչպիսի պատասխաններ պիտի տան հյուպատոսի հարցերին հարցազրույցի ընթացքում:

Հանցավոր խմբին վճարումները իրականացվել են ԱՄՆ ժամանելուց հետո: Բացի այդ, հավելյալ վճարի դիմաց խումբը օգնել է որոշ անձանց դիմել ԱՄՆ-ի իշխանություններին ՝ Միացյալ Նահանգներում վերջիններիս մնալու ժամկետները երկարաձգելու համար: Ամերիկյան իրավապահները հաղորդում են նաև, որ այսպիսի անօրինական ճանապարհով ԱՄՆ մուտք գործած մի շարք ՀՀ քաղաքացիներ չեն վերադարձել Հայաստան և անօրինական կերպով հաստատվել են ԱՄՆ-ում:

Գործը բացահայտվել է ամերիկյան դաշնային ու նահանգային մի շարք համապատասխան գերատեսչությունների համատեղ աշխատանքի արդյունքում: Այն գտնվում է Նյու Յորքի նահանգային դատախազության հսկողության ներքո:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ