16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Զգույշ եղիր պոռնիկներից

Արևելքում ազգությամբ ասորի, Եփրեմ անունով մի եղբայր կար, որը աստվածապաշտ և ամեն տեսակ չար գործերից հեռու մարդ էր: Նա ցանկացավ տեսնել Եդեսիա քաղաքը և աղոթք անելով՝ ասաց. «Տե՛ր և Աստվա՛ծ Հիսուս Քրիստոս, արժանացրո՛ւ ինձ տեսնելու Եդեսիա քաղաքը, և իմ` այնտեղ գնալուց հետո արժանացրո՛ւ ինձ քաղաքում այնպիսի մարդու պատահելու, որ սիրահոժար ինձ հետ քննության առնի Գրքերը»: Երբ հասավ քաղաքի դռներին, նրան հանդիպեց մի կին, որը պոռնիկ էր: Աստծո ծառան, տեսնելով նրան, կանգնեց տրտում և ինքն իրեն ասաց. «Տե՛ր, անտեսեցիր ծառայիդ աղաչանքը. ինչպե՞ս կարող է դա Գրքով խոսել ինձ հետ»:

Իսկ պոռնիկը կանգնած նրան էր նայում: Սուրբ Եփրեմը նրան ասաց. «Ասա՛, կի՛ն, ինչո՞ւ ես ապշած նայում ինձ»: Եվ պոռնիկն ասաց. «Ես պետք է քեզ նայեմ, որովհետև քեզնից դուրս եկա, բայց քեզ վայել չէ նայել ինձ, այլ՝ հողին, որտեղից առնվեցիր»: Այս լսելով՝ սուրբ Եփրեմը զարմանքով փառավորեց Աստծուն, որ կինը այդպիսի իմաստուն պատասխան բարբառեց՝ հասկանալով, որ Աստված անտես չառավ իր աղաչանքը: Քաղաք մտնելով` իջևանեց իշխանական վաճառատան մոտ, և այնտեղ՝ ոչ շատ օրեր անց, տեսավ մեկ այլ պոռնիկի, որը, սատանայից դրդված, մոտեցավ նրա պատուհանին, որպեսզի գայթակղեցնի նրան: Երբ տեսավ, որ սուրբը տաք կերակուր էր պատրաստում, ասաց. «Օրհնի՛ր, հա՛յր»: Եփրեմն ասաց. «Ամենասուրբն Աստված օրհնի քեզ, դո՛ւստր»:

Պոռնիկն ասաց.. «Քո կերակուրից ի՞նչ է պակաս»: Եվ սուրբն ասաց. «Երեք քար և մի քիչ ցեխաշաղախ, որպեսզի գոցեմ և ծեփեմ այդ պատուհանը, որին դու կռթնել ես»: Կինն ասաց. «Ինչո՞ւ ես ինձ այդպես բարկությամբ պատասխանում. ես կամենում եմ ննջել քեզ հետ, իսկ դու ինձ հետ այդպես ես խոսում»: Սուրբն ասաց. «Եթե այդպես ես կամենում, ուր ես ասեմ` ե՛կ, և կննջենք միասին»: Պոռնիկն ասաց. «Ասա՛ ինձ տեղը, և կգամ` ուր կամենաս»: Հայր Եփրեմն ասաց. «Եթե ցանկանում ես ննջել ինձ հետ, ուրիշ տեղ չկա, բացի քաղաքի հրապարակից»: Կինն ասաց. «Չե՞նք ամաչում մարդկանցից, որ այդ գործը քաղաքի մեջտեղում անենք»:

Հայր Եփրեմն ասաց. «Եթե մարդկանցից ամաչում ենք, ապա որքա՜ն ևս Աստծուց պետք է ամաչել և զարհուրել, որ գիտե մարդկանց գաղտնիքները, քանզի նա Ինքն է, որ դատում է ողջերին և մեռածներին և յուրաքանչյուրին հատուցում է ըստ իր գործերի»: Այս լսելով պոռնիկը և սթափվելով այդ խոսքերի վրա` եկավ և ընկավ սուրբի ոտքերը, լաց եղավ և ասաց. «Ծառա՛ Աստծո, առաջնորդի՛ր ինձ դեպի փրկության ճանապարհը, որպեսզի իմ բազում և չար գործերից փրկվեմ»: Իսկ հայր Եփրեմը մեծապես հուսադրեց նրան Սուրբ Գրքով և հաստատելով նրան ապաշխարության մեջ՝ վանք մտցրեց և ապրեցրեց նրա հոգին:

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ