25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գժության համաճարակ. Ժամանակ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի պատասխանները Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ կարելի է համարել ծրագրային: Եթե նրա ասածները կարճ ձևակերպենք՝ կստացվի այսպես. Հայաստանը աշխարհի ամենաարագ և դինամիկ զարգացող երկիրն է, տարածաշրջանում որևէ երկիր չի կարող աճի տեմպերով համեմատվել մեզ հետ, իսկ գնաճը այնքան աննշան է, որ երկրի բնակչությունը նույնիսկ տեղյակ էլ չի դրա մասին:

Մեկ տարի առաջ վարչապետը խոստումներ էր տալիս բազմամիլիարդանոց ներդրումների, երկիրը ծանր տնտեսական վիճակից հանելու մասին, և «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, լինելով լոռեցի ու այդ իմաստով միամիտ, մտածում էր, որ ժամանակն է վարչապետից հաշիվ պահանջել իր խոստումների իրականացման մասով, և նրան թվում էր, որ իր այդ հարցով նեղը կգցի վարչապետին, ով երևի պատասխանելու, կամ ներկայացնելու որևէ բան չի ունենա: Մարուքյանը հարցնում էր, թե ինչ է կատարվել այդ մեկ տարվա ընթացքում, և ինչ ներդրումներ են կատարվել: Վարչապետ Կարապետյանն էլ իր խոստումները գերակատարած մադու հպարտ կեցվածքով հայտարարեց, որ խոստումները իրականացվել են և 850 մլն դոլարի չափ ներդրումներ են կատարվել: Իզուր էր Մարուքյանը փորձում հստակ տեղեկություններ ստանալ, թե հատկապես որտեղ են իրականացվել այդ ներդրումները, նա ուզում էր հաջող իրականացված ներդրման մի օրինակի մասին լսել, բայց Կարեն Կարապետյանը ոչ մի օրինակ էլ չնշեց: Ոչ թե այն պատճառով, որ ներդրումներ չկան, ու չկա մի օրինակ, որը հնարավոր լինի ցույց տալ, այլ ըստ նրա՝ ներդրումները այնքան շատ են, որ ինքը չգիտի, թե որ մեկը ցույց տա: Ջերմոցներ են կառուցվել, վերամշակող ձեռնարկություններ ու էլի շատ բաներ: Յուրաքանչյուրս կարող է իր շուրջը նայել և հաստատ կտեսնի այդ մեկ տարվա ընթացքում իրականացված բազմաթիվ ներդրումներից առնվազն մի քանիսը: Մեկ այլ հարցի պատասխանելիս, վարչապետ Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսական աճը 2017-ին կազմել է 7․7 տոկոս, իսկ գնաճը ընդամենը 2․6 տոկոս, ինչը աննախադեպ ցուցանիշ է տարածաշրջանում:

Կարելի է նրան հակադրել Համաշխարհային բանկի ցուցանիշները, ըստ որոնց՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է 3․7 տոկոս, կարելի է ասել, որ բնակչությունը այդ 2․6 տոկոսը զգում է որպես առնվազն 15-20 տոկոս: Բայց սա անիմաստ զբաղմունք է, որովհետև արդեն պարզ է, որ Հայաստանի կառավարությունը ունի աճի ու զարգացման իր ցուցանիշները, որ իրեն բացարձակապես չեն հետաքրքրում միջազգային կառույցների տվյալները, Հայաստանի բնակչության գնահատականները: Եթե վաղը Կարեն Կարապետյանը հայտարարի, որ Հայաստանի ՀՆԱ-ն բացարձակ թվերով ավելի մեծ է, քան ԱՄՆ-ինը, կամ Հայաստանի բնակչության կենսամակարդակը անցել է Շվեյցարիայի բնակիչների կենսամակարդակից, դրա վրա պետք չէ զարմանալ, որովհետև, երբ մարդ ամեն ինչ վերածում է զավեշտի, դրան չափ ու սահման չի կարող լինել:

Հայաստանի իշխանությունները համոզում էին, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը լայն հնարավորություններ է բացում Հայաստանի համար, որ Հայաստանը ստանում է 170 մլն շուկա, և երկրի տնտեսությունը զարգանալու է հենց այդ ուղղությամբ: Երեկվա հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարապետյանը հերքեց նաև այդ թեզը: Պարզվեց, որ ԵԱՏՄ-ի անդամ Հայաստանը շարունակում է ավելի մեծ չափերով հարաբերություններ զարգացնել այլ երկրների, քան ԵԱՏՄ-ին անդամակցողների հետ: Այսպես. ըստ Կարապետյանի՝ 2016թ. հունվարի համեմատ 2017 հունվարին արտահանումը աճել է 43 տոկոսով, որից միայն 19 տոկոսն է բաժին հասնում ԵԱՏՄ երկրներին, իսկ ներմուծումը աճել է 55,8 տոկոսով և դարձյալ 19 տոկոսն է ԵԱՏՄ երկրներից, իսկ մնացածը՝ այլ երկրներից:

Կարեն Կարապետյանը այդպես էլ չկարողացավ հստակ պատասխանել Մարուքյանի այն հարցին, թե Ռուսաստանի իշխանությանը մոտ կանգնած գործարարների նկատմամբ Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից կիրառվող պատժամիջոցները ինչ ազդեցություն են ունենալու Հայաստանի տնտեսությունում կատարվելիք ներդրումների վրա, եթե հաշվի առնենք, որ պատժամիջոցները տարածվում են նաև ներդրման խոստում տված գործարարների վրա: Կարապետյանը ըստ էությայն հաստատեց, որ այդ մարդկանցից ներդրումներ այլևս չարժի սպասել՝ ասելով, որ ներդրումները միայն Ռուսաստանից չէին լինելու: Սա ուղղակիորեն նշանակում է, որ Ռուսաստանից եկող ներդրումներից հույսներդ կտրեք: «Նախ բոլորը Ռուսաստանից չի, աշխարհագրությունը կտանք»,- Մարուքյանին խոստացավ վարչապետը:

Ինչու է Հայաստանում, մեղմ ասած, գժական բարոյահոգեբանական մթնոլորտ, և ինչու են մարդիկ ավելի շատ ոչ ադեկվատ վարքագիծ դրսևորում, որն այնքան տարածված է, որ կարելի է բնորոշել որպես ոչ ադեկվատության համաճարակ: Դրա պատասխանը երկրում առկա երկու իրականությունների առկայությունն է. մեկը այն իրականությունն է, որը նկարագրում և փորձում են որպես ճշմարտություն մատուցել իշխանությունները: Այսպես՝ մարդը լսում է, որ տնտեսությունը զարգանում է, որ գնաճ գրեթե չկա, կա արդար դատական համակարդ, ու չկա կոռուպցիա, բայց երբ դուրս է գալիս իրական կյանք, տեսում է՝ անընդհատ թանկացող կյանք, համատարած կոռուպցիա և արդարադատության իսպառ բացակայություն: Նա չգիտի՝ իր աչքերին հավատա, թե ականջներին: Նախկինում մենք հարցնում էինք, թե որքան մարդը կարող է դիմանալ այդ գժությանը, հիմա արդեն պարզ է, որ հանրության դիմադրողականությունը վերջնականապես կոտրվել է:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ