19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աֆրինում մնացած վերջին հայը

Սիրիայի Աֆրին քրդաբնակ քաղաքի վրա 19 օր շարունակվող թուրքական հարձակումը այնտեղ բնակվող վերջին հային՝ Հարութ Գևորգին հիշեցնում են ցեղասպանության ժամանակները: Այս մասին Գևորգն ասել է «Mezopotamya» լրատվական գործակալության հետ զրույցում:

61-ամյա Գևորգի ընտանիքը մազապուրծ է եղել Հայոց ցեղասպանությունից: Բռնագաղթվել է նախ Սիրիայի ներկայիս Ազազ շրջան, ապա՝ Աֆրին: 50 տարի առաջ Աֆրին եկած Գևորգը զբաղվում է հայերի շրջանում ժամանակին շատ տարածված մասնագիտություններից մեկով՝ երկաթագործությամբ: Դարբին Գևորգը, որն այժմ մի փոքրիկ մետաղագործական իրերի  խանութ է աշխատեցնում, հերթով ցույց է տվել փողոցի վրայի հին խանութներն ու արհեստանոցները՝ մեկ առ մեկ հիշելով դրանց հեռացած հայ տերերին:

Գևորգը պատմել է, թե ինչպես են  Հալեպում բնակվող մեծ թվով հայերի ստիպված եղել կրկին գաղթի ճանապարհը բռնել սիրիական պատերազմի հետևանքով:

Խոսելով իր ընտանիքի պատմության մասին՝ Գևորգը մասնավորապես ասել է. «Ես Այնթափի հայերից եմ: 1915-ին աքսորվել ենք այնտեղից: Ցեղասպանության ժամանակ եկանք Հալեպ, ավելի ուշ տեղափոխվեցինք Աֆրին: Ինձ հետ բազմաթիվ հայ ընտանիքներ կային: Նրանց մեծ մասը զոհվեց, մի մասն էլ պատերազմի հետևանքով արտագաղթեց: Աֆրինում միայն ես եմ մնացել: Այստեղ բնակվող մյուս բոլոր ժողովուրդների հետ հիմնվել ենք Աֆրինում ու այժմ միասին տեր ենք կանգնում մեր քաղաքին: Թուրքիան 100 տարի է, ինչ շարունակում է իր հարձակումները: Ինչպես այն ժամանակ էր կանանց ու երեխաներին սպանում, հիմա էլ նույն բանն է անում: Ցեղասպանությունը մի դար հետո կրկին գտավ մեզ»:

Աղբյուրի փոխանցմամբ վերջում Գևորգը հայերեն կոչով դիմել է միջազգային հանրությանը. «Մենք ներկայիս Թուրքիայում գտնվող մեր հայրենիքից բռնագաղթվեցինք: Եկանք այստեղ, հիմա էլ այստեղից են ուզում մեզ աքսորել: Մենք ցանկանում ենք, որ դադարեցվեն այս պատերազմն ու հարձակումները: Մեր կոչն ուղղված է աշխարհի բոլոր ժողովուրդներին»:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ