29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Երիտասարդ կանանց է հավաքագրել Հայաստանից եւ Ղարաբաղից, տարել Դուբայ. Ժամանակ

05-10

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Բավական Խաչատրյանի հերթական գործով բերված բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ:

1977 թվականին ծնված Բավականը մեկ այլ գործով, բայց նմանատիպ մեղադրանքով դեռ 2014 թվականի մայիսի 31-ին դատապարտվել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

Ըստ այդ դատական ակտի՝ Բավականը, ներկայանալով «Աննա» անունով, ՀՀ և ԼՂՀ տարբեր բնակավայրերից հավաքագրել է երիտասարդ կանանց և ուղարկել է Դուբայ, որտեղ կազմակերպվել է նրանց սեռական շահագործումը:

Բավականը թրաֆիքինգով զբաղվող կազմակերպված մեծ խմբի անդամ է եղել՝ ըստ մեղադրանքի, այդ խմբի անդամ եղել նաև Բավականի քույր Հերիքնազը: Խումբը, ըստ դատական ակտերի, ղեկավարել է ԱՄԷ-ում բնակվող Նելլի Ն.-ն: Դուբայ ուղարկվող յուրաքանչյուր մարմնավաճառուհու համար Բավականը ստացել է 600 դոլար:

Ըստ իր հայտարարության՝ Բավական Խաչատրյանը որպես մենեջեր աշխատել է «Լիդեր» աշխատանքի տեղավորման գործակալությունում: Նեղ կացության մեջ գտնվող կանանց նա առաջարկել է «շահավետ աշխատանք»…

36-ամյա Բավական Խաչատրյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտով 2014 թվականին մեղավոր է ճանաչվել թրաֆիքինգի և թրաֆիքինգի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 34-132 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով, և դատապարտվել է 11 տարի 6 ամիս ազատազրկման:

Այնուհետև Բավականին նոր մեղադրանք է առաջադրվել, համաձայն որի՝ նա 2008 թվականի փետրվարին Հրազդանում խաբեությամբ՝ Դուբայում հագուստի առևտրով համատեղ զբաղվելու կեղծ առաջարկով, բայց իրականում Դուբայում սեռական շահագործման ենթարկելու նպատակով հավաքագրել է Թագուհի Ա.-ին (անունը փոխված է):

Թագուհու անձնագրի պատճենը Բավականն ուղարկել է Դուբայ՝ Նելլի Ն.-ին, ով կազմակերպել է մուտքի հրավերը և ուղարկել Բավական Խաչատրյանին:

Վերջինս 2008 թվականի մարտի 1-ին Թագուհուն ճանապարհել է Թբիլիսի, որտեղից վերջինս մեկնել է Դուբայ: Երբ Թագուհին հասել է Դուբայ, Նելլի Ն.-ն Բավական Խ.-ին ուղարկել է նրա հերթական հասանելիքը՝ 600 դոլար:

Թագուհի Ա.-ն Դուբայում սեռական շահագործման է ենթարկվել մինչև 2009 թվականի մայիսի վերջը:

Ամբաստանյալ Բավական Խաչատրյանն առաջադրված մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում Բավականը հայտնել է, թե թրաֆիքինգով զբաղվող կազմակերպված խմբի անդամ դարձել է նախ իր քույր Հերիքնազը, ով ներկա պահին նույնպես պատիժ է կրում Հայաստանի Հանրապետությունում:

Ըստ Բավականի նախաքննական ցուցմունքի՝ 2007 թվականին Հերիքնազը, ով պարբերաբար գումար էր ուղարկում Դուբայից, հեռախոսով հայտնել է, թե Դուբայում ունի կին ղեկավար՝ «մամա», զբաղվում է մարմնավաճառությամբ՝ այդ ղեկավարի պայմանների համաձայն:

Հերիքնազն ասել է, թե ինքն ու մարմնավաճառությամբ զբաղվող մյուս կանայք իրենց ղեկավարին պարտավոր են տալ օրական վաստակը՝ նվազագույնը՝ 600 դոլար, իրենք գտնվում են մշտական հսկողության տակ: Իրենց անունից իրենց ընտանիքներին գումար է ուղարկում ղեկավարը: Նա մարմնավաճառուհիներին առձեռն գումար չի տալիս: Հերիքնազն ասել է, թե ղեկավարն իրեն խոստացել է Երևանում բնակարան գնել, բայց հետագայում ոչ մի բնակարան էլ չի գնել:

Հերիքնազը Բավականի հետ զրույցի ժամանակ ասել է նաև, որ Հայաստանից բարետես ու երիտասարդ աղջիկների կարող է հավաքագրել և ուղարկել Դուբայ, ինչի համար ղեկավարը «մաղարիչ» կանի: Մշտական աշխատանք չունենալով՝ Բավականն այդ առաջարկը «լավ տարբերակ» է համարել:

2010 թվականին Հերիքնազին արտաքսել են Դուբայից, նա մոտ երկու ամիս մնացել է Հայաստանում, փոխել է անձնագիրն ու նորից մեկնել է Դուբայ:

2007 թվականին, ըստ Բավականի, Հրազդանի իրենց տուն է գնացել իրենց հարևանի բարեկամ Թագուհին: Նա խոսակցության ժամանակ պատմել է, որ երկար ժամանակ եղել է Թուրքիայում, զբաղվել է մարմնավաճառությամբ, գիտի, որ Հերիքնազը Դուբայում է, կցանկանար ինքն էլ մեկնել Դուբայ՝ նույն արհեստով զբաղվելու: Ինքը Թագուհուն խոստացել է օգնել այդ հարցում, զանգել է Հերիքնազին ու ասել է, որ Թագուհին ուզում է Դուբայ գնալ: Հերիքնազը խոսել է իր ղեկավարի հետ, հետո ասել է, թե ղեկավարը գումար կուղարկի, որ Թագուհու համար տոմս գնեն:

Ինքը վերցրել է Թագուհու անձնագրի պատճենը, էլփոստով ուղարկել է Դուբայ: Այնտեղից գումար են ուղարկել՝ 128 հազար դրամ՝ Դուբայի տոմս գնելու համար, և՝ ԱՄԷ մուտքի թույլտվություն:

Ինքը տեղյակ է, որ Թագուհին մեկնել է Դուբայ, բայց նրան այլևս չի հանդիպել: Մոտ մեկ տարի անց Հերիքնազից տեղեկացել է, որ Թագուհուն արտաքսել են Դուբայից: Թագուհու մեկնելուց հետո Հերիքնազի ղեկավարն իր քույր Գայանեի անունով ուղարկել է 600 դոլար:

Բավականը նկարագրել է Թագուհուն՝ այն ժամանակ 30-31տարեկան բարձրահասակ, նիհարավուն, բաց գույնի մազերով կին, ուներ մեկ մանկահասակ երեխա…

Երբ դատարանում հրապարակվել է ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը, վերջինս ասել է, որ այն ճիշտ է:

Դատարանն արձանագրել է, որ գործով ձեռք բերված ու հետազոտված ապացույցներով հերքվել է Բավականի նախաքննական ցուցմունքների այն մասը, թե Թագուհին ինքն է ցանկացել մեկնել Դուբայ՝ մարմնավաճառություն անելու:

Տուժող Թագուհի Ա.-ն հայտնել է, որ Բավականին ճանաչում է, դա այն անձն է, ով իր «անցյալը վերածել է դժոխքի»:

Թագուհին նշել է, որ Բավականին հանդիպել է իր հոր մահվան տարելիցին: Նա իրեն Դուբայից ապրանք բերելու գործ է առաջարկել: Քանի որ ինքը նյութական շատ ծանր վիճակում էր՝ նոր էր ամուսնալուծվել, մեկ տարեկան երեխա ուներ, վարձով էր ապրում, երեխային մոմի լույսի տակ էր մեծացնում, պարտքեր ուներ, համաձայնել է Բավականի առաջարկին: Բավականը չի ասել, որ իրեն տանում է «ծախելու», նա ասել է, թե ապրանք պիտի բերեն, Վրաստանում և Թուրքիայում վաճառեն: Ասել է՝ իբր ինքը երեք օրը մեկ տանն է լինելու: Բայց այդպես չի եղել: Ինքը, ճիշտ է, տարիներ առաջ եղել էր Թուրքիայում, բայց երբեք մարմնավաճառությամբ չէր զբաղվել…

Բավականն իրեն խաբել, տարել է Ղարաբաղ, այնտեղից ուղարկել է Վրաստան, որտեղից էլ իրեն ճանապարհել են Դուբայ:

Դուբայում ինքը գնացել է հյուրանոց: Հետո Նառա անունով մի կին իրեն տարել է մի բնակարան՝ մեկ սենյականոց բնակարան էր, յոթ կին էին ապրում: Իրենից վերցրել են անձնագիրը՝ ասելով, թե փաստաթղթերը կարգավորելու համար է պետք:

Երկու-երեք օր մնացել է այդ բնակարանում, հետո նոր իրեն բացատրել են, թե իրականում ինչ պիտի անի: Ինքը չի համաձայնել: Ասել են, թե իրեն հիմարի տեղ է դնում, մի՞թե չգիտեր՝ ինչի համար է գալիս Դուբայ: Ինքը չի ցանկացել մարմնավաճառություն անել, բայց իրեն ասել են, թե արդեն պարտքեր ունի կուտակած՝ մի քանի օր ապրել է Դուբայում, իրեն նոր շորեր են հագցրել, տոմսի փող են տվել, գումար են տվել, որ տանը թողնի՝ երեխայի համար… Այդ բոլոր պարտքերը պիտի փակի իր մարմնավաճառական աշխատանքով: Եթե պարտքերը մարի, կարող է մեկնել Հայաստան:

Ինքը նրանց ասել է, որ եթե գումար ունենար, չէր հասնի Դուբայ, կմնար ու իր երեխային կպահեր:

Իրեն ստիպողաբար աշխատեցրել են, բայց իր պարտքերը գնալով ոչ թե պակասել, այլ ավելացել են: Որոշ ժամանակ հետո հանդիպել է մի հաճախորդի՝ Քրեգին, պատմել է, թե ինչ վիճակում է գտնվում, խնդրել է, որ նա իրեն օգնի: Նա խոստացել է օգնել, եթե ինքը ամուսնանա նրա հետ:

Քրեգը շոտլանդացի է, իրենից մեծ է 25 տարով: Քրեգը այդ մարդկանց առաջարկել է փակել իր պարտքերն ու իրեն ազատել, բայց նրանք չեն համաձայնել, պարտադրել են, որ ինքն աշխատի: Եթե Քրեգն իրեն չօգներ, ինքը չէր կարողանա դուրս պրծնել…

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ Բավական Խաչատրյանը տուժող Թագուհի Ա.-ի նկատմամբ կատարած հանցավոր արարքի համար ենթակա է պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Բավական Խաչատրյանը դատապարտվել է 10 տարի ազատազրկման: Այս պատիժը մասնակիորեն գումարվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2014 թվականի դատավճռով սահմանված պատժին, Բավական Խաչատրյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել 12 տարի ազատազրկումը:

Պատժի սկիզբը՝ 2013 թվականի ապրիլի 6-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Բավական Խաչատրյանի շահերի պաշտպանը՝ պահանջելով բեկանել դատավճիռը, ապացույցների անբավարարության հիմքով արդարացնել իր պաշտպանյալին կամ գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննություն կատարելու:

Վերաքննիչ քրեական դատարանում բողոքը քննվում էր դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ: Սակայն այդ դատավորի վատառողջության ու ժամանակավոր անաշխատունակության պատճառով գործը մակագրվել է մեկ այլ դատավորի՝ Անդրանիկ Մնացականյանին, ում նախագահությամբ հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 23-ին:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ