29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ես հանցագործ չեմ ու չեմ պաշտպանվում. Սամվել Բաբայանը հայտարարեց

27583508_1529867110467744_358323037_n

Վերաքննիչ քրեական  դատարանում այսօր՝ փետրվարի 2-ին շարունակվում է  Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:

Ավելի վաղ նրա շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը նշել էր, որ Վերաքննիչ բողոքով պահանջել է Սամվել Բաբայանին արդարացնել երկու մեղադրանքներով էլ եւ կայացնել արդարացման դատավճիռ:

Նախորդ դատական նիստին Սամվել Բաբայանին շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը չէր հասցրել ամբողջությամբ ներկայացնել վերեքննիչ բողոքը:

Այսօր նա շարունակեց կիսատ թողածը և անդրադարձավ իր պաշտպանյալին ներկայացված երկու մեղադրանքներին:

Քալաշյանը նշեց, որ Սամվել Բաբայանի անմեղությունը հաստատվում է ներկայացված ձայնագրություններվ:

Անդրադառնալով փողերի լվացման դրվագին Քալաշյանը նշեց.

«Ինտերպոլի տրամադրած տվյալների համաձայն նշված թղթադրամները հանված են պաշտպանիչ ներկանյութեր պարունակող բանկոմատից: Այդ թղթադրամները եղել են Եվրոպոլի պահոցում և ստուգումների արդյունքում որևէ համընկնում չի գրանցվել: Սամվել Բաբայանը հենց սկզբից հայտնել է , որ իր ծանոթ Վասիլին Մոսկվայում իրեն պարտք է եղել: Նա առաջարկել է հինգ հազար եվրո վերադարձնել պարտքից, սակայն ասել է , որ դրանք ներկոտված են: Վասիլին մի քանի թղթադրամ է ուղարկել, որը Բաբայանի իր ծանոթ Կարենի միջոցով ուղարկել է բանկ պարզելու, թե դա իսկական թղթադրամ է, թե ոչ: Երբ պարզվել է, որ թղթադրամները իրական են նա Վասիլիին ասել է, որ ուղարկի գումարը: Ներկոտած թղթադրամները փոխանակելու դեպքում բանկերը կարող էին  մինչև տաս տոկոս պահում անել, այդ պատճառով էլ նա դիմել է մարդու, ով քիմիական միջոցներով կարող էր մաքրել թղթադրամները: Բաբայանը տվել է Վասիլիի, Տիգրան Մնացականյանի անունները, որոնք այդպես էլ չեն հարցաքննվել: ըստ Թղթադրամների ներկոտված լինելու երեք վարկած կա ըստ ինտերպոլի, որից միայն մեկն է ներկայացրել պետական մեղադրողը»,-նշեց Ավետիս Քալաշյանը:

Սամվել Բաբայանն էլ հայտարարեց, որ ինքը չի պաշտպանվելու, քանի որ հանցագործ չի:

Նշենք, որ այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը եւս դիմել է  Վերաքննիչ դատարան: Նա պահանջում է բեկանել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ իրեն ճանաչել անպարտ:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց նոյեմբերի 28-ին:

Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:

Անդրանիկ եւ Կարեն Քոչարյանին, Ժորա Զաքարյանին եւ Դավիթ Հարությունյանին դատարանը մեղադրանք էր առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ըստ այդմ, Կարեն Քոչարյանը դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման, սակայն դատարանը որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Անդրանիկ Քոչարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը չկիրառվեց. Դատարանը սահմանեց փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Ժորա Զաքարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց. սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Դավիթ Հարությունյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց. սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ