20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ներկայումս Հայաստանում ներդրումներ անելու համար լավագույն ժամանակն է․ Կարեն Կարապետյանի հարցազրույցը РИА Новости-ին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լայնածավալ հարցազրույց է տվել ռուսական РИА Новости գործակալությանը։ Նա ասել է, որ Եվրասիական տնտեսական միությունը թույլ տվեց Հայաստանին ավելի ընդլայնել տնտեսական հնարավորությունները։ 

«Այսօր Հայաստանը ունի զարգացող տնտեսություն, դեռ 2017-ի վերջնական տվյալները չեն հրապարակվել, բայց արդեն այսօր կարող եմ ասել, որ տնտեսական աճն ավելին կլինի, քան որ կանխատեսում էինք 2016ին»,- ասել է նա։

Կարեն Կարապետյանը հիշեցրել է, որ նոյեմբերի 13-ին Երևանում «Տաշիր» ընկերությունների խումբը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը «Հայաստանի ներդրողների ակումբ» նախաձեռնության շրջանակում ներկայացրել են հանրապետության էներգետիկ ոլորտում ներդրումային ծրագիր՝ ընդհանուր ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար ծավալով: 2015 թվականից «Տաշիր» ընկերությունների խմբի ակտիվի մեջ մտնող բաշխիչ ցանցերում ներկայիս էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքի վերակառուցման և էլեկտրաէներգիայի կոմերցիոն հաշվարկի ավտոմատ համակարգի ներդրման համար առաջիկա տարիներին կուղղվեն մոտ 900 միլիոն դոլարի ներդրումներ:

Կարեն Կարապետյանը խոսել է նաեւ իրականացվող նախագծերից՝ մատնանշելով «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը, մայրաքաղաքում նոր բնակելի համալիրի կառուցումը, Երևանում նոր «Նոյ» էթնիկ թաղամասի կառուցման նախագիծը, որտեղ բացի բնակելի համալիրից՝ տեղակայված կլինեն հյուրանոցներ, արվեստանոցներ և  արհեստանոցներ: Նա նշել է նաև Գյումրիում «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի վերականգնման նախագծի մասին և հավելել, որ նախապատրաստման փուլում են նաև Հայաստանի մի քանի մարզերում այլ հիմնական զբոսաշրջային ուղղություններով ներդրումային ծրագրեր: Հայաստանի վարչապետը նաև ընդգծել է հանքարդյունաբերության, ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտներում խոշոր ներդրումային նախագծերը:

«Հայաստանում օր օրի ավելի մեծ տարածում է ստանում օրգանիկ և ջերմոցային գյուղատնտեսությունը, որի արտադրանքը մեծ պահանջարկ ունի: Ինչպես հայտնի է՝ Հայաստանը միջազգային հեղինակություն ունի միրգ-բանջարեղենի վերամշակման, կոնսերվացման, չրերի և հյութերի արտադրության ոլորտներում, իսկ տեղի ջուրը և ալկոհոլային արտադրանքը դարձել են Հայաստանի այցեքարտը»,- նշել է Հայաստանի վարչապետը:

Կարեն Կարապետյանը նշել է, որ իրականացվող բոլոր նախագծերի դրական ազդեցությունը կնկատվի աստիճանաբար։

«Դրանք սոցիալական և տնտեսական դրական փոփոխությունների նոր փուլ կբացեն, ինչպես նաև «միջազգային հարթակներում կամրապնդիեն Հայաստանի իմիջը՝ որպես երկիր, որտեղ հարմար է ապրել, հանգստանալ և բիզնես վարել: Ընդհանուր առմամբ, հարկ է նշել, որ մեր հիմնական նպատակներից մեկը երկրում բիզնես վարելու համար առավելագույն հարմար պայմանների ստեղծումն է։ Կարող եմ վստահաբար ասել, որ ներկայումս ամենալավ ժամանակն է Հայաստանում բիզնես անելու համար»,- ասել է նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ