24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Տիկո, Դերո” Կամ սուրճի բաժակ նայել. Առավոտ

“Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում անդրադառնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ շաբաթ օրվա անցկացրած խորհրդակցությանն ու գրում.

“Պատմում են, որ բանասիրական ֆակուլտետում կային դասախոսներ, որոնք, ցանկանալով տապալել ուսանողին քննության ժամանակ, հարցնում էին` ինչպիսի՞ շրջազգեստ էր հագել այսինչ պահին վեպի այսինչ հերոսուհին:

Բնականաբար, այդ երկրորդական դետալները սովորաբար հնարավոր չէ հիշել, եթե հատուկ մտքիդ չդնես: Իսկ ահա “քաղաքական” կոչվող գործընթացներում մարդկանց ուշադրությունը, որպես կանոն, սեւեռվում է նման դետալների վրա: Նման մոտեցում ունեցողները բաժանվում են երկու կեսի` մի մասն ի վիճակի չէ կամ հավես չունի խորանալու, թե ինչի մասին է խոսքը, մյուս մասը շատ լավ էլ հասկանում է, բայց գործի էության քննարկումը նրանց համար ձեռնտու չէ, եւ նրանք միտումնավոր կենտրոնանում են մանրուքների վրա: Վերջիններս նման են “Բարոն Մյունհաուզեն” ֆիլմի թագավորին, որը ձեւ է անում, թե իր թագավորության ամենակարեւոր խնդիրն է` շորերը կարելիս ճիշտ տեղում իրանի տեղը գտնելը:

Շաբաթ օրը կառավարությունում կայացած խորհրդակցության ընկալման պատմությունը նույնն է: Քաղաքական գործիչների ու մեկնաբանների 90 տոկոսը “վերլուծում է” ոչ թե ՀՀ նախագահի բուն ասելիքը, այլ այն, թե ինչպես է նա դիմել վարչապետին եւ նախարարներին:

Ընդ որում, այդ “խորքային վերլուծաբանների” հիշողության մեջ, չգիտես ինչու, տպավորվել է, որ Սերժ Սարգսյանը վարչապետին անվանել է “Տիկո”` չնայած նա օգտագործել է “Տիգրան” դիմելաձեւը: Իսկ առողջապահության նախարարին, այո, անվանել է “Դերո”: Թերեւս իսկապես իմաստ ունի նման միջոցառումների ժամանակ ստորադասներին դիմել “պարոնով”, բայց դա չորրորդական նշանակություն ունեցող մանրուք է:

Իսկ կարեւորն այն է` գոյություն ունե՞ն, թե՞ չունեն այն խնդիրները, որոնք բարձրացրել է նախագահը: Կա՞ն իրականում պետական միջոցների թալան, կոռուպցիա, “ատկատներ” եւ այլն: Հնարավո՞ր է արդյոք տնտեսել պետական բյուջեի միլիարդավոր դրամներ, եթե կտրվի նման մեքենայություններով զբաղվող պաշտոնյաների “ծորակը”, եթե “ծիգ”-երն ու նախարարությունները չմտնեն հանցավոր համաձայնության մեջ, եթե պետական փողերը ռացիոնալ ծախսվեն: Կա՞ արդյոք բարձիթողի վիճակ դեղերի շուկայում, հնարավո՞ր է այդտեղ տարրական կարգուկանոն հաստատել: Ահա այդ խնդիրների վերլուծությանը ես այս երկու օրվա ընթացքում չեմ հանդիպել: Փոխարենը` չեղած “Տիկո”-ի եւ եղած “Դերո”-ի քննարկում, լավագույն դեպքում` գուշակություններ սուրճի բաժակի շուրջ, թե երբ է փոխվելու վարչապետը:

Վերը նշված խնդիրները արդյոք պայմանավորվա՞ծ են վարչապետի, նախագահի կամ որեւէ այլ պաշտոնյայի անձով: Թե՞ պետք է ստեղծել ինստիտուտներ, մեխանիզմներ, կանոնակարգեր` այդ ամենը հետզհետե վերացնելու համար:

Ինձ երբեմն թվում է, որ անձնական մակարդակով ռադիկալ փոփոխությունների կոչեր են անում հենց նրանք, ովքեր չեն ցանկանում, որ իրական կյանքում որեւէ բան փոխվի”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ