19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Մեր խոհանոցի գաղտնիքները հիմնականում գյուղերում են պահպանվում»

 

Երիտասարդ խոհարար Լուսինե Ղարախանյանը վստահ է՝ խոհարարությունն իրականում բավական խորը հմտություններ  է պահանջում, հետևաբար լավ խոհարար դառնալու համար պետք է մշտապես սովորել, կատարելագործվել և խորությամբ ուսումնասիրել հատկապես ազգային խոհանոցը։

«Ես միշտ մտածել եմ, որ խոհարարությունը հոբբի է․  միշտ սիրել եմ խոհանոցը և  օրերից մի օր որոշեցի հոբբին դարձնել մասնագիտություն։ Երբ սկսեցի սովորել, հասկացա,  որ խոհարարությունը այն մասնագիտությունն է,  որի մեջ, ինչպես ասում են՝   որքան  խորանաս,  այնքան սովորելու բան կա։

Հայաստանում կան մարզեր, որտեղ հայկական խոհանոցը միշտ ուշադրության կենտրոնում է։ Մեր խոհանոցի գաղտնիքները հիմնականում գյուղերում են պահպանվում», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց խոհարար Լուսինե Ղարախանյանը։

Քանի որ վերջինս  բնակվում է Վայոց Ձորի Արենի համայնքում, հաճախ է շփվում զբոսաշրջիկների հետ․ գաղտնիք չէ, որ Արենին  մեր երկրում զբոսաշրջության ոլորտում առանցքային նշանակություն ունի։ 

 Արենին գրավիչ վայր է համարվում զբողաշրջիկների համար։
Մեր թղթակցի հետ զրույցի ընթացքում Լուսինե Ղարախանյանն ընդգծեց՝   զբոսաշրջիկների հետ  զրույցների ընթացքում հասկացել է ՝ հայկական խոհանոցով ակտիվորեն   հետաքրքրվում  են նաև  նրանք։
«Իսկապես, մեր խոհանոցը, ուտեստները հետաքրքրում են զբոսաշրջիկներին։ Նրանցից շատերը տպավորված են հայկական խոհանոցով, մեր համեղ ու յուրահատուկ ուտեստներով։  Զբոսաշրջիկներին շատ  են  դուր գալիս հատկապես թոնրի լավաշը,  ժենգյալով հացը և  տոլման, ավելին՝  նրանիցից շատերն իրենց մոտ գրի են առնում բաղադրատոմսերը, հետաքրքրվում են, հարցեր են տալիս՝ փորձելով հասկանալ՝ ինչպես են պատրաստում այդ ուտեստները և, իհարկե, մեր համեղ լավաշը», – նշեց Լուսինե Ղարախանյանը։Վերջինս ընդգծեց՝ այսօր հայկական ընտանիքներում մեր ավանդական ուտեստներից առավել սիրված ու տարածված են հատկապես  տոլման և հարիսան։
«Բնականաբար, ուսումնասիրել եմ նաև արտասահմանյան   խոհանոց, բայց,  միանշանակ, հայկական խոհանոցն ինձ համար ամենայուրահատուկն է  և ամենասիրելին։  Սիրում եմ նաև իտալական խոհանոցը։
 
Ի տարբերություն  մյուս երկրների խոհանոցների՝  հայկական խոհանոցն ունի մի շարք առանձնահատկություներ,  որոնք պայմանավորված են տարբեր աշխարհագրական և պատմական գործոններով։ Մեր խոհանոցն, իսկապես, շատ հին պատմություն ունի․ այդ մասին վկայում են պեղումների արդյունքում հայտնաբերված իրեղեն ապացույցները։  Խոհարարությամբ հետաքրքրվողներին, հայ տանտիրուհիներին և, առհասարակ, խոհանոցը սիրող անձանց խորհուրդ կտամ անպայման ուսումնասիրել հայկական խոհանոցի գաղտնիքները և պատրաստել ավանդական հայկական ճաշատեսակներ․  դրանք առողջարար են, համեղ և յուրահատուկ», –  եզրափակեց Լուսինե Ղարախանյանը։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ