25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մտավախություն կա

Երբ որ իշխանությունը ”ձեռքի” քվերակությամբ վավերացրեց հայ-ռուսական հայտնի համաձայնագիրը, պարզ դարձավ, որ այն արտաքին մասով վերջնականապես լուծեց իր լեգիտիմության հարցը: Թեև դա եղավ ի կորուստ արևմտյան աջակցության որոշակի ծավալի, սակայն ռուսական մասով ՀՀ իշխանություններն ապահովեցին իրենց:

Այսպիսով, նրանք լուծեցին քաղաքական ճգնաժամի հասունացման խնդիրը, որն իր հետևից բերելու էր զանգվածային դժգոհությունների մեծ ալիք, իսկ դա, ինչպես նշում է հայտնի քաղաքագետ Հանտինգտոնը, ցածր ինստիտուցիոնալիզացիայի և ցածր տնտեսական աճի պայմաններում բերում է քաղաքական անկայունության, հատկապես, եթե դրան խառնվում է դրսի որևէ ձեռք:

Ուստի, այս պարագայում համակարգի գործառնական վիճակը զարգանում է երկու սցենարով. կամ համակարգը ձեռք է բերում ստատիկ վիճակ և քաղաքական մյուս ուժերը պասիվանում են՝ չգտնելով իրենց դերը որպես եղանակ փոխող ուժեր, կամ ընդդիմությունը գնում է նպատակների միավորման, վերջնականապես հույսը կորցնում է արտաքին ուղղակի կամ անուղղակի աջակցման հնարավորությունից և ուղենշում պայքարի ավելի ռադիկալ մեթոդներ:

Հայաստանում երկրորդ սցենարի որոշ էլէմենտներ են նկատվում ներկա փուլում: ՀԱԿԿ-ն ու ԲՀԿ սկսել են ակնհայտորեն ավելի լոյալ կեցվածք որդեգրել միմյանց նկատմամբ և նույնիսկ պաշտպանել միմյանց գործողություններն ու տեսակետները: Հենց Լևոն Զուրաբյանը ԲՀԿ-ին պաշտպանեց՝ շեշելով նրա ընդդիմություն լինելը և դա կասկածի տակ առնելը համարեց կարճատեսություն:

Այսպիսով, ավանդույթի ուժով ամենաընդդիմադիրի իմիջ ունեցող ՀԱԿԿ-ը ԲՀԿ-ի համար ապահովում է ինֆորմացիոն այնպիսի դաշտ, որն ավելի հեշտությամբ ԲՀԿ-ին կինտեգրի ընդդիմադիր կոնտինգենտին: Զուրաբյանի խոսքում մի կարևոր նյուանս էլ կար, որը վերաբերում էր ՛՛ընդդիմադիր հիմնական ուժերի միավորմանը՛՛, որովհետև, ըստ նրա՝ հնարավոր էլ չէ միավորել բոլորին:

Հիմնական ուժեր ձևակերպումը հետաքրքիր է, քանի որ նա խոսում էր ԲՀԿ-ի մասին, այսինքն՝ Հայ ազգային կոնգրեսի համար ԲՀԿ-ն է հիմնական ուժը, որի հետ միավորումն էլ առաջնային նպատակ է, և Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթում արտահայտած միտքը, որ ընդդիմության չմիավորման դեպքում իրենց հանրահավաքը նպատակային չէր լինի, փաստորեն, ուղղված էր հենց ՛՛Բարգավաճ Հայաստանին՛՛:

Իսկ վերջինս էլ ունի իր շահերը. այն վերջնականապես հույսը պետք է կտրի ռուսական աջակցություններից իշխանության բաշխման առնչությամբ, ուստի քաղաքական լուրջ ամբիցիաներ ունեցող ԲՀԿ-ն սկսում է պայքարի այլ ձև, և գնալով ավելի է դիրքավորվում ընդդիմադիր դաշտում: Դա երևում է ԱԺ նիստերի բոյկոտումներից, ֆրակցիայի ղեկավար Նաիրա Զոհրաբյանի ավելի կոշտ ելույթներից, ՀՀԿ ներկայացուցիչների հետ կուսակցության առանձին դեմքերի կոգնիտիվ բնույթի կոնֆլիկտներից և այլն:

Սակայն, հարկ է նշել, որ այդ դիրքավորումն ավելի շատ կոմունիկացիոն խնդիր է լուծում, քան ունի բովանդակային տեսք: ԲՀԿ-ն, ինչպես ցույց է տալիս նրա քաղաքական վարքաբանությունը՝ Ազգային ժողովում խմբակցությունն ընդդիմադիր է, իսկ կուսակցության առաջնորդը միեւնույն ժամանակ ճանապարհում է Սերժ Սարգսյանին, պատրաստ չէ միտինգային արշավների, ինչին ձգտում է ՀԱԿԿ-ը, որովհետև մտավախություն կա, որ դա կարող է առաջացնել հարկային-ԱԱԾ-դատախազություն եռանկյունու ակտիվություն:

Իսկ մյուս ուժերը Կոնգրեսի հետ ակցիաներ կազմակերպելու առանձնապես փորձ էլ չունեն՝ չնայած Կոնգրեսն իր հարազատ միտինգային կոմպանիան ներկա քաղաքական կոնյունկտուրայում, սկսած տերպետրոսյանական քաղաքագիտական վերլուծությունից, պատկերացնում է միայն ԲՀԿ-ի հետ՝ հաշվի առնելով վերջինիս ֆինասական, և ինչու չէ, վարչական ահռելի ռեսուրսները, որովհետև հենց նման ռեսուրսներն են միտինգային ակցիաների երկարակեցության գրավականը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ