24 Հունվարի, Չորեքշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Կստացվի հետաքրքիր իրավիճակ. Ժամանակ

28672

«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 12-ին նախագահի նստավայրում ընդունելով ԱԺ խորհրդի անդամներին, Սերժ Սարգսյանը նրանց հետ քննարկել է խորհրդարանական կառավարման համակարգի անցման հարցերը, այդ թվում՝ անդրադառնալով 4-րդ նախագահի ընտրությանը, որ տեղի է ունենալու խորհրդարանում: Ըստ Սահմանադրության, նախագահի ընտրության համար անհրաժեշտ է, որպեսզի թեկնածուն ստանա ձայների 3/5-ը: Եթե առաջին փուլում նա չի ստանում այդքան ձայն, ապա տեղի է ունենում երկրորդ փուլ, արդեն ձայների առավել նվազ քանակով, հետո երրորդ փուլը՝ էլ ավելի նվազ ձայներով:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ցանկալի կլիներ, որպեսզի նախագահը ընտրվեր «ընդարձակ մեծամասնությամբ»: Ըստ ամենայնի, ընդարձակ մեծամասնություն ասվածը հենց առաջին փուլով ընտրությունն է, ընդ որում գուցե համոզիչ ընտրությունը: ԱԺ խորհրդի կազմում Սերժ Սարգսյանին հանդիպել են բոլոր խմբակցությունների եւ հանձնաժողովների ղեկավարները, բացառությամբ «Ելք»-ի, որի ղեկավար Փաշինյանը հայտարարել էր, թե խորհրդարանի հանդեպ հարգանքը պահանջում էր, որ Սարգսյանն ինքը գար ԱԺ հանդիպման, ոչ թե կանչեր իր մոտ ԱԺ խորհրդին:

Փաստորեն, Սերժ Սարգսյանը ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» դաշինք խմբակցություններին հայտնել է ՀՀԿ նախագահի թեկնածուի, կամ իր նախագահի թեկնածուի հարցում նրանց աջակցության ակնկալիքը կամ պարզապես ցանկությունը: Ընդարձակ մեծամասնությունը կարող է լինել հենց դա։ Այստեղ իրավիճակը ուշադրության է արժանի երկու ասպեկտով: Նախ, Սերժ Սարգսյանի համար կարեւոր է, որպեսզի նախագահը, որ ընտրվում է խորհրդարանում, ունենա քաղաքական որոշակի կշիռ, իշխանության բազմակենտրոն նոր համակարգում, այսպես ասած, հավասարակշռություն ապահովող սուբյեկտներից մեկը լինելու համար: Իսկ դրա համար պետք է, ինչպես առիթ ենք ունեցել ասելու բազմաթիվ անգամներ, որ նախագահի թեկնածուն խորհրդարանում ոչ միայն ընտրվի առաջին փուլով, այլ նաեւ համոզիչ հարաբերակցությամբ՝ նվազագույնը:

Ուշադրության արժանի մյուս հանգամանքը թերեւս այն է, որ եթե մոտ մեկ տարի առաջ, ավելի կոնկրետ 2016 թվականի օգոստոսի 1-ին իշխանական ամբողջ համակարգի առաջ Սարգսյանը հայտարարում էր «առաջիկա ամիսներին ազգային համաձայնության իշխանություն» ձեւավորելու մասին, ապա այժմ նա հայտարարում է «ընդարձակ համաձայնության» մասին:

Ներկայումս ազգային համաձայնության հրատապություն չկա, եւ Սարգսյանը խոսում է «ընդարձակ համաձայնության» մասին: Ինչ է դա նշանակում՝ իրավիճակայի՞ն, թե՞ նվազագույնը միջնաժամկետ տրամաբանություն է համաձայնության այդ տարբերակի ներքո: Ի վերջո, օրինակ, «Ծառուկյան» դաշինքի մասով՝ ընդարձակ համաձայնության դեպքում, կստացվի հետաքրքիր իրավիճակ: Փաստորեն իշխանության նախագահի թեկնածուին դաշինքը կտա հավանություն, իսկ իշխանության վարչապետի թեկնածուին՝ ոչ: Թե՞ Սարգսյանը նախագահի շուրջ ընդարձակ համաձայնությամբ փորձում է նախապատրաստել նաեւ դրանից մեկ ամիս անց վարչապետի շուրջ «ընդարձակ համաձայնության» կամ «ընդարձակ համաձայնության կառավարության» ձեւավորումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ