19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գնահատեք ձեր առողջությունը և անվճար հետազոտվեք

Բնակչության առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի շրջանակում 2015թ. սկզբից մեր երկրում իրականացվում է սկրինինգային ծրագիր։ Նպատակը հիվանդացության հիմնական պատճառ հանդիսացող ոչ վարակիչ հիվանդությունների` զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերումը, կանխարգելումը և վերահսկումն է։ 

ՀՀ Առողջապահության նախարարության Ծրագրերի իրականացման գրասենյակն այն իրականացվում է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում ` Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և դրամաշնորհով։

Անվճար սկրինինգային հետազոտությունները մինչ օրս իրականացվում են Հայաստանի ամբողջ տարածքում,  տեղամասային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում: 35-ից 68 տարեկան բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար հետազոտվել զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման, իսկ 30-ից 60 տարեկան բոլոր կանայք` ՊԱՊ թեստի հետազոտության միջոցով արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով:

2015 թվականի հունվարից բնակչության նշված խմբերում իրականացվել է շուրջ 1.5մլն սկրինինգային հետազոտություն: Ընդ որում, շուրջ 675 հազար քաղաքացի անցել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ, շուրջ 444 հազար քաղաքացի` արյան մեջ քաղցի գլյուկոզի հետազոտություն, ՊԱՊ թեստի հետազոտություն իրականացվել է շուրջ 165 հազար կանանց մոտ, ինչպես նաև հղիության 36-38 շաբաթական ժամկետում` շուրջ  43 հազար մեզի և արյան երրորդ հետազոտություն:    

Հետազոտությունների ներկայացված թվերը, ինչպես նաև ընդգրկվածության տարեցտարի արձանագրվող դինամիկ աճը վկայում են այն մասին, որ բնակչության շրջանում արմատացած կարծրատիպերը և սկրինինգների կարևորության գիտակցումը, թեև դժվարությամբ, բայց ենթարկվում են փոփոխության: Այն թերևս արդյունք է ԱԱՊ բուժանձնակազմի կողմից բնակչության շրջանում կատարվող բացատրական աշխատանքի, ինչպես  նաև Հայաստանի ամբողջ տարածքում իրականացվող հանրային իրազեկման միջոցառումների։

Նշենք, որ Համաշխարհային բանկի կողմից հաստատված, միջազգային և հատկապես զարգացած երկրների մոտեցումներին համահունչ այս ծրագրով, ի սկզբանե, նպատակ է դրվել 2015-2018թթ. ընթացքում  ընդգրկել  բնակչության խոցելի խմբերի 50-60 տոկոսը։

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է ռիսկային խմբերում գտնվող բնակչությանը և հատկապես` կանանց, գնահատել սեփական առողջությունը, օգտվել ընձեռված հնարավորությունից, այցելել պոլիկլինիկաներ և անվճար հետազոտվել։

 

Հ.Գ. «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում մշակվել են «Ոչ վարակիչ հիվանդությունների կառավարում և բուժում» և «Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների վաղ հայտնաբերում, վարում և քաղցկեցի կանխարգելում» ուղեցույցները, որոնք տրամադրվել են առողջության առաջնային պահպանման բոլոր բուժհաստատություններին։

Երևանում և հանրապետության բոլոր մարզերում վերապատրաստվել է շուրջ 2700 բուժաշխատող` ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, մանկաբարձ-գինեկոլոգներ, բջջաբաններ և 900 ադմինիստրատիվ անձնակազմ։

Ծրագիրն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ՊԱՊ թեստի հետազոտությունները կենտրոնացված ձևով իրականացվում են հանրապետության 37 լաբորատորիաներում, որոնք հագեցվել են անհրաժեշտ սարքավորումներով և պարագաներով։

Բնակչության իրազեկվածությունն ապահովելու նպատակով նկարահանվել են սոցիալական տեսահոլովակներ, որոնք հեռարձակվել են հանրային հեռուստաալիքով։ Կիրառվում են հանրային իրազեկման տարբեր հարթակներ։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ