23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Գնված ապրանքը հետ չի ընդունվում»․ ինչպե՞ս են մեր երկրում խախտվում սպառողների իրավունքները

Henaran.am-ի զրուցակիցն է   «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ  իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը։

-Այսօր մեր երկրում սպառողները որքանո՞վ են տեղյակ սպառողների իրավունքների մասին։

-Ինչպես շատ ոլորտներում,  այնպես   էլ շուկայում,  շատ հաճախ խախտվում են  սպառողների իրավունքները  լոկ այն պատճառով, որ սպառողների մեծ մասը հստակ չտիրապետելով համապատասխան օրենքների դրույթներին՝  չի պատկերացնում իր իրավունքները և հետևողականորեն պահանջատեր չի դառնում իր խախտված իրավունքների վերականգնման գործում:
 
-Ասում են՝ օրենքն օրենք է դառնում այն ժամանակ, երբ մնում է ոչ թե թղթի վրա, այլ կիրառվում է տվյալ երկրում։ Մեր երկրում որքանո՞վ են կիրառվում, գործում սպառողներին վերաբերող իրավունքները, չէ որ կան խանութներ, որոնց դռների վրա պարզապես կարելի է կարդալ՝ «Գնված ապրանքը հետ չի ընդունվում», իսկ սա օրենքի կոպիտ խախտում է։
-Ճիշտ է՝ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից իրականացվող շրջայցերի արդյունքում որոշ խանութներից հանվել են «գնված ապրանքը հետ չի ընդունվում» արտահայտությամբ  գրությունները, սակայն վստահորեն կփաստեմ, որ այս արտահայտությունը,  անխոս,  օրենքի խախտում է, քանզի «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքը հստակ ամրագրում է Սպառողների իրավունքները: Թերևս քչերն են տեղեկացված, որ 2016թ.-ի հուլիսի 7-ից ուժի մեծ է մտել այդ օրենքի փոփոխությունները և հենց 23-րդ հոդվածը վերաբերում է պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու սպառողների իրավունքների իրացմանը։  Դրանում,  մասնավորապես, ասվում է՝ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում «փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը նմանօրինակ ապրանքով…, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ, բացառությամբ՝ ՀՀ կառավարության կողմից ընդունված 30.01.2002թ.-ի N 77 որոշման անվանացանկով ապրանքները»:
Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային կտրոնը:
Այնուամենայնիվ, գոյություն ունեն որոշակի ապրանքներ, որոնց վերադարձն օրենքով սահմանված չէ: Սպառողը իրավունք չունի հետ վերադարձնել  էլեկտրոնային բարդ սարքավորումները, անհատական պատվերով պատրաստված և մատակարարված կահույքը, արդուզարդերը, նաև  դեղորայքը և հիգիենայի պարագաները (օրենքի 78-րդ կետ):
Սպառողը, որին վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք, և եթե վաճառողը դրա թերությունների մասին նախապայման չի սահմանել, իրավունք ունի իր ընտրությամբ պահանջել` ա)ապրանքի թերությունների անհատույց վերացում կամ սպառողի կողմից դրանց վերացման ծախսերի հատուցում, բ)գնման գնի համաչափ իջեցում, գ)նմանօրինակ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում, դ)այլ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում` գնման գնի համապատասխան վերահաշվարկով, ե) առուվաճառքի պայմանագրի լուծարում (հոդված 16):
 
-Ի՞նչ կարող է անել սպառողը  իր իրավունքների մասին ավելի լավ իմանալու, իր իրավունքները պաշտպանելու համար։
-Միանշանակ,  կարդալ և ուսումնասիրել համապատասխան օրենքները, ծանոթանալ սեփական իրավունքների պաշտպանության դրույթներին և գնված ապրանքը տեղում, հենց խանութի ներսում լավ ուսումնասիրել, փորձարկել և նոր գնել․  այդդպես հնարավորինս կնվազեցվեն  ռիսկային գործոնները:
Եթե գնված ոչ պարենային ապրանքը խանութը չի փոխանակում կամ հետ չի վերցնում, ապա սպառողը կարող է դիմել կամ Էկոնոմիկայի նախարարության սպառողների պաշտպանության և որակի տեսչություն, կամ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններ, կամ տեղական ինքնակառավարման մարմիններում գործող առևտրի և սպասարկումների բաժին, քանզի Սպառողների իրավունքների պաշտպանությունը համակարգ է, որում պետական և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող գործողությունները միտված են սպառողի և տնտեսվարող սուբյեկտի միջև իրավահարաբերությունների կարգավորմանը, հետևապես Սպառողին միշտ պետք է հարգել և իրավունքների հետ հաշվի նստել:
 
-Որպես օրինակ՝ ո՞ր երկրները կառաձնացնեիք այս առումով, որոնցից, իսկապես, այս հարցում Հայաստանը պետք է օրինակ վերցնի։
-Չէի ցանկանա որևէ երկիր առանձնացնել, քանի որ յուրաքանչյուր երկիր ունի իր բացերն ու թերությունները և խնդրի լուծմանն ուղղված՝  իր համար ընդունելի բանաձևը, սակայն մի բան հստակ է․  սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի պաշտոնյաններն ու հասարակական կազմակերպությունները փորձում են միմյանց հետ համագործակցել՝՝  ամրապնդելով սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավական դաշտը՝  հնարավորինս կանխելով անորակ ապրանքների տարածումն ու սպառումը շուկայում:

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը
 
 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ