23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հասարակական խորհրդի նիստում քննարկվել են բնապահպանական մշակույթի ձևավորման և հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացման հարցերը

 

   ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի հերթական նիստը: Խորհրդի կազմում ընդգրկված բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և հրավիրված փորձագետները քննարկել են  Հայաստանում բնապահպանական մշակույթի ձևավորման հիմնահարցերը և Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի դրույթների 2014-17թթ.  կատարման ընթացքը:

    Օրակարգի վերաբերյալ հնչած հարցադրումներին պատասխանելուց հետո հասարակական խորհրդրի նախագահ Արծվիկ Մինասյանը ներկաների հաստատմանն է ներկայացրել այն և առաջին հարցը զեկուցելու համար խոսքը փոխանցել նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանին: Վերջինս վերլուծել է Հայաստանում բնապահպանական մշակույթի ներկա վիճակը և  տեղեկացրել այդ ուղղությամբ գերատեսչության իրականացրած միջոցառումների մասին: Ներկայացնելով խնդրի պատճառների վերաբերյալ դիտարկումները` Արծրուն Պեպանյանը նշել է, որ հասարակության մոտ բնապահպանական մշակույթի ձևավորմանը նպաստելու համար  իրականացվում են էկոկրթական և հանրային իրազեկման ծրագրեր, մշակվել է Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությունը, ձևավորվել է «Պատանի բնասեր» ակումբը, Հայաստանի նկարիչների միության հետ կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում արդեն իրականացվել են մի շարք միջոցառումներ, էկոկրթական բազմաթիվ ծրագրեր են իրականացվում դպրոցականների և ոլորտում որոշում ընդունողների շրջանում: Նախարարությունն աջակցում է բնապահպանական խնդիրներով մտահոգ ակտիվ երիտասարդներին, ովքեր խումբ են ձևավորել և նպատակային գործունեություն են ծավալում բնապահպանական հիմնահարցերի վերհանման և լուծումներ գտնելու ուղղությամբ: Գերատեսչությունը նաև աջակցում է բնապահպանական թեմաներով գրող լրագրողների կողմից ձևավորած «Էկո-մեդիա ցանցին»` նրանց համար կազմակերպելով սեմինարներ և այցեր բնության հատուկ պահպանվող տարածքներ` նպատակ ունենալով միասնաբար մշակել և իրականացնել բնապահպանական մշակույթի ձևավորմանը նպաստող ծրագրեր:

   Շահագրգիռ քննարկում է ծավալվել Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարության նախագծի շուրջ: Արձագանքնելով հասարակական խորհրդի անդամների ելույթներին` նախարար Արծվիկ Մինասյանն առաջնային է համարել ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության միջոցով հասարակության լայն շերտերի մոտ բնապահպանական մշակույթի ձևավորումը:

   Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի դրույթների 2014-17թթ.  կատարման ընթացքին անդրադարձել է ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու, կոնվենցիայի ազգային համակարգող  Հայկանուշ Պարսամյանը: Բանախոսը  նիստի մասնակիցներին ներկայացրել է <<Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին>> Օրհուսի կոնվենցիայի ազգային զեկույցի պատրաստման ընթացքը: Խորհրդում ընդգրկված հասարակական կազմակերպությունների առաջարկով Հ. Պարսամյանը հրապարակել է սույն թվականի սեպտեմբերի 11-15-ը Մոնտենեգրոյի Հանրապետութան Բուդվա քաղաքում տեղի ունեցած Օրհուսի կոնվենցիայի կողմ երկրների 6-րդ հանդիպման արդյունքները: Նախարարի իրավախորհրդատուն անդրադարձել է նաև հանրային իրազեկման, բնապահպանության ոլորտում որոշումներ կայացնելու գործընթացին հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության հարցերին:

Հասարակական խորհրդի նիստում քննարկված երկու օրակարգային հարցերն էլ դիտարկվել են կայուն զարգացման համատեքստում, ինչի արդյունքում հասարակական խորհրդի անդամ Հակոբ Սանասարյանն առաջարկել է հաջորդ նիստի օրակարգում ընդգրկել Կայուն զարգացման հայեցակարգը, որի հիմնական երեք բաղադրիչներից մեկը բնապահպանական է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ