20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նախարարը պարզաբանում է իր սկանդալային հայտարարությունը (տեսանյութ)

«Ճիշտն ասած՝ դժվարանում եմ ասել, ես չեմ զբաղվում տան առևտրով»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է իր վրա ազդել գնաճը: Դիտարկմանը, թե թանկացումները որքանով են վկայում, որ Կառավարությունը ձախողվել է, նա արձագանքեց. «Գնաճի մասին կարող եմ խոսել առողջապահական ոլորտում, իսկ այդտեղ գների իջեցման նախանշան կա, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»:

Նա նշեց, որ պետական պատվերով ձեռքբերվող դեղերի 20-23 տոկոս իջեցում: «Դա նշանակում է, որ այդ քանակով դեղեր ձեռք կբերվեն, կամ ավելի շատ պացիենտներ կսպասարկվեն»: Նա հայտարարեց, որ հունվարի մեկից նախարարության կողմից ձեռքբերվող դեղերի թանկացում միանշանակ չի սպասվում: 

Ինչ վերաբերում է իր հայտարարությանը, թե Հայաստանում մինչև  15տ աղջիկների 25 տոկոսը սեռական կյանքի փորձ ունի, ապա նախարարը նշեց. «Հարցումների արդյունքները հրապարակված են, նախարարության լրատվական ծառայությունը պարզաբանում է տվել. խոսքը տարիներ առաջ կատարված հարցման մասին է, որը ցույց է տվել, որ 15 տարեկան հարցված տղաների 25 տոկոսը և աղջիկների 1 տոկոսն են ներգրավված այդ թվերի մեջ, ուղիղ եթերի ժամանակ շփոթմունք է եղել, աղջիկների տեղը տղաներ բառն է հնչել»:

Դիտարկմանը, թե արդեն որերորդ անգամ է, որ Ալթունյանը նման շփոթմունք է անում, նա արձագանքեց. «Այդ բոլոր հարցերով ժամանակին պարզաբանում է տրվել, ավելացնելու ոչինչ չունեմ»:

Հիշեցնենք, որ նախարարության պարզաբանման մեջ ասվում էր հետևյալը. 

«Հասկանալի է պետական իշխանության ներկայացուցիչների գործունեության նկատմամբ մշտական ուշադրությունը և հարկ եղած դեպքում քննադատությունը: Սակայն այդ քննադատությունը չպետք է հիմնված լինի տարըմբռնումների, շահարկումների, հնչեցված մտքերը կամայականորեն մեկնաբանելու և մտացածին գնահատականներ ներկայացնելու վրա:

Դեկտեմբերի 5-ին «Ազատություն» ռադիոկայանի մեկ ժամ տևողությամբ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նախարարը վկայակոչել է հարցումների արդյունքներ։

 «Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014թթ. ազգային հետազոտության» արդյունքների վերլուծությամբ` 15 տարեկան հարցված տղաների 21 տոկոսը և աղջիկների 1 տոկոսն անանուն հարցման ժամանակ նշել են, որ ունեցել են սեռական հարաբերություն:  180 էջ։

Ավելի վաղ` 2010թ. կատարված նույն հետազոտության արդյունքներով 15 տարեկան տղաների 45 տոկոսն է ասել՝ այո, սեռական հարաբերություն ունեցել եմ, իսկ աղջիկների` 2 տոկոսը.  էջ 174։

Նախարարի շփոթմունքն այն էր, որ Հայաստանում 15 տարեկան տղաների 25% ցուցանիշը ներկայացվել է նույն տարիքի աղջիկների 1% ցուցանիշի փոխարեն։

Ի գիտություն պատվաստման տարիքային խումբը շահարկողների նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշման համաձայն պատվաստումներն առաջարկվում է կատարել 9-14 տարեկանների խմբում, քանի որ այս տարիքում ձևավորվում է լավագույն իմուն պատասխանը: Եվրոպական մի շարք երկրներում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է հենց 9-10 տարեկան աղջիկների շրջանում։ Հայաստանում որոշում է կայացվել այն իրականացնել 13 տարեկանների շրջանում։

Վերջին օրերին ՀՀ առողջապահության նախարար  Լևոն Ալթունյանի դեմ սկսված անառողջ քննադատական քարոզարշավն արհեստածին է, քանի որ նախարարությունը պարզաբանել է, որ դա շփոթմունք է եղել։ Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նախարարի հնչեցրած միտքը անհիմն տեղափոխվել է արժեքային դաշտ։ Այն տեսակետը, թե նախարարն իր խոսքով իբր վիրավորել է հայ աղջիկներին, նրանց համարել անբարոյական և այլն, ոչ այլ ինչ է, քան քննադատողների մոլորության կամ դիտավորության արդյունք:

Առողջապահության նախարարն ի պաշտոնե կոչված է ոչ թե արժեքային գնահատականներ հնչեցնելու, այլև առողջապահական  խնդիրներ լուծելու` հիմնվելով իրավիճակի, առկա հետազոտությունների  և վիճակագրության վրա: Եվ այդ խնդիրները քայլ առ քայլ, հետևողականորեն ու հիմնավոր կերպով լուծվում են»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ