24 Հունվարի, Չորեքշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Գլխավոր հարցը. Ժամանակ

5e65eb2080ae0d0d0d97f54fd8a75330

Ո՞վ է լինելու վարչապետը 2018 թվականի ապրիլին հարցն, անկասկած, գայթակղիչ է եւ մրցունակության առումով ներքաղաքական կյանքի թեմատիկայում, թերեւս, անհասանելի: Բայց իր կարեւորությամբ հարցն աստիճանաբար մղվում է երկրորդ պլան, քանի որ ավելի ու ավելի է պարզ դառնում, որ ներքին խաղը կրում է առավել լայն բնույթ, եւ սեղանին ոչ թե վարչապետի հարցն է, այլ ներիշխանական նոր կառուցվածքի, հարաբերությունների տրամաբանության, բեւեռների հարաբերակցության:

Եվ այս իմաստով, Հայաստանում 2018-ի վարչապետի մասին հարցից ոչ միայն պակաս կարեւոր չէ, այլ գուցե ավելի կարեւոր է հարցը, թե ո՞վ է լինելու Հայաստանում ընդդիմությունը, լինելո՞ւ է արդյոք ընդդիմություն ընդհանրապես, կարողանալո՞ւ է Հայաստանում ընդդիմադիր դաշտը վերբեռնվել եւ իսկապես նոր կառուցվածքով, տրամաբանությամբ, օրակարգով եւ մեթոդաբանությամբ ներկայանալ հասարակությանը, թե՞ Հայաստանի ներքաղաքական պայքար կոչվածը շարունակելու է գործնականում մնալ վերջին նվազագույնը հնգամյակի երկբեւեռ տրամաբանության շրջանակում, երբ իշխանությունն ու դրա գործնականում հայելային արտացոլումն են կազմում քաղաքական գործընթացի երկու բեւեռները:

Այդ կապակցությամբ, պահելո՞ւ է իր երկրորդ տեղը ԲՀԿ-ն կամ «Ծառուկյան» դաշինքը, թե՞ խորհրդարանի ընտրության հաջորդ ցիկլին ընդառաջ իշխանությունը կձեւավորի արդեն այլ արտացոլում: Ընդ որում՝ այստեղ, իհարկե, խոսքն ամենեւին էլ արհեստական ձեւավորման մասին չէ, երբ իշխանությունը բաժանվում է եւ սկսում երկու բեւեռ խաղալ: Այդ բաժանումը, խոշոր հաշվով, ներքին տնտեսական, քաղաքական իրապես էական հակադրությունների եւ շահերի բախման դրսեւորում, հետեւանք կամ արդյունք է, որն, ի դեպ, սկսել է դրսեւորվել անգամ ավելի վաղ, քան ԲՀԿ-ի ձեւավորումը:

Վերջին հաշվով, Հայաստանում համակարգային մոնոլիտը ճաք է տվել 2003 թվականի խորհրդարանի ընտրությանը, երբ խորհրդարանական մեծամասնություն հաջողվեց ձեւավորել երեք ուժերի կոալիցիայով: Ընդդիմությունը կամ ընդդիմությունները գտնվել են իշխող համակարգի ներսում տեղի ունեցող այդ գործընթացներին ոչ համարժեք, ըստ այդմ՝ աստիճանաբար տեղի է ունեցել հավասարակշռության խախտում, եւ իշխանությունը ընդդիմության հանդեպ դարձել է ավելի ու ավելի ճկուն ու մրցունակ:

Իրավիճակը փոխվելու միտում ուներ 2007 թվականին Տեր-Պետրոսյանի վերադարձով, սակայն այստեղ իշխանությունը գնաց ուժային, արյունոտ լուծման, որից հետո արդեն համարժեքության առանցքից աստիճանաբար դուրս եկավ նաեւ Տեր-Պետրոսյանը, իհարկե՝ ստիպված լինելով Մարտի 1-ից հետո ուշքի գալ եւ ուշքի բերել հանրությանը չափազանց բարդ պայմաններում:

Եվ այդ իմաստով Տեր-Պետրոսյանը ընդդիմության առաջնորդի կարգավիճակում գուցե նույնիսկ արեց ավելին, քան հնարավոր էր, բռնությամբ ջլատված քաղաքական ուժը եւ շարժումը կարողանալով ի մի բերել եւ հասցնել մի կետի, երբ իշխանությունը գնաց երկխոսության գործընթացի: Դրանից հետո, իհարկե, առավել կենսունակ գտնվեց հենց իշխանությունը՝ կարողանալով հմտորեն խաղարկել երկրորդ բեւեռն ու արդեն ոչ թե բռնությամբ, այլ քաղաքական տեխնոլոգիայով խաղից դուրս բերելով թե՛ Տեր-Պետրոսյանին, թե՛ այլ ընդդիմադիր հավակնություն ունեցող ուժերի:

Դրանից հետո հավակնորդները փոխվել են, սակայն տրամաբանությունը, մեթոդաբանությունը՝ ոչ, ինչն էլ իշխանության երկբեւեռ տեխնոլոգիան պահում է կենսունակ: Այստեղ ներկայումս խնդիր կարող է առաջանալ զուտ բեւեռների, այսպես ասած, սուբյեկտային, քարոզչական կենսունակության մասով: Իհարկե՝ միեւնույն ժամանակ նաեւ իշխանության ներսում տեղի ունեցող տրանսֆորմացիաների, որը եւս կարող է բերել, այսպես ասած, հայելային բեւեռի պատկերի փոփոխության:

Կկարողանա՞ Հայաստանում որեւէ ընդդիմադիր ուժ կամ այդպիսի ներուժ պարունակող հանրային որեւէ սեգմենտ մուտք գործել այդ խաղ եւ փոխել կա՛մ կանոնը, կա՛մ խաղացողների կազմը: Սա հարց է, որի պատասխանն ավելի շատ պետք է հետաքրքրի Հայաստանում իրավիճակի փոփոխությամբ շահագրգռված շերտերին, քան այն, թե ով է լինելու վարչապետ 2018-ի ապրիլին

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ