20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ չէ, Կարեն Կարապետյանը ցույց է տվել, որ չի՞ կարող. Ռուստամյանը՝ նախագահի անփոխարինելիությունից

«Ես որևէ հող նախապատրաստելու խնդիր չեմ տեսնում այստեղ, ի՞նչ հող պետք է նախապատրաստեն, այն էլ՝ հարցումներով: Ինչու հարցումներո՞վ են հող նախապատրաստում, հող նախապատրաստում են գործողություններով, գործընթացներով, որոնք իրենց հունով ընթանում են»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով Gallup International Association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի անցկացրած հարցումների արդյունքներին, ըստ որի՝ Նախագահի վարկանիշը բարձրացել է, իսկ վարչապետինը՝ ընկել:

Հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանի մեկ տարվա գործունեությունն արդյո՞ք նրա վարկանիշի վրա կարող էր ազդել, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, թե կառավարության գործունեության ընթացքում շատ ավելի լուրջ և «մոնոտոն» աճող ցուցանիշներ է ցույց տվել կառավարությունը:

«Այդ ցուցանիշները, բնականաբար, պետք է իրենց ազդեցությունն ունենան հետագա բոլոր անելիքների վրա, բայց հանրային ընկալմամբ կարող է չերևալ, որովհետև տեմպերը դեռևս գոհացուցիչ չեն, բայց փոփոխությունների ուղղությունը, բազմիցս ասել ենք, որ ճիշտ է ընտրված։ Բայց որպեսզի հանրային ընկալումն էլ դրան նպաստի, պետք է տեմպերն ավելացնել»,- հավելեց Արմեն Ռուստամյանը:

Միևնույն ժամանակ պատգամավորը համաձայնեց, որ սկզբնական շրջանում վարչապետ Կարեն Կարապետյանից սպասելիքներն ավելի շատ էին։

Հարցին` արտաքին քաղաքականությամբ զբաղվելու համար ՀՀԿ-ում կա՞ այնպիսի մարդ, որ կկարողանա փոխարինել Սերժ Սարգսյանին, Ռուստամյանը պատասխանեց. «Անփոխարինելի մարդիկ չկան, իսկ արտաքին քաղաքականությունը պետք է նոր որակով ու մակարդակով իրականացվի: Խորհրդարանական համակարգը ենթադրում է այդ առումով թիմային աշխատանք: Ես կարծում եմ` դրան համապատասխան պետք է վերադասավորվի արտաքին քաղաքականությունը, և համարում եմ, որ նոր ձևավորվող արտաքին քաղաքականության ուղղությունները և այն թիմը, որը դրանով պետք է աշխատի, պետք է ավելացնի այն ձեռքբերումները, որոնք դաշտում գոյություն ունեն և պիտի նոր շնչառություն հաղորդի դրանց»:
Արմեն Ռուստամյանը, պատասխանելով հարցին՝ կկարողանա՞ վարչապետ Կարեն Կարապետյանն արտաքին քաղաքականություն ոլորտում փոխարինել նախագահին, ասաց. «Ես նորից եմ կրկնում անփոխարինելի անձինք չկան: Ինչո՞ւ չէ, Կարեն Կարապետյանը ցույց է տվել, որ չի՞ կարող, այդպիսի բա՞ն ենք տեսել: Այդ ոլորտում բոլորն էլ կարող են բոլորին փոխարինել, եթե սիրում են իրենց հայրենիքը և ունեն համապատասխան գիտելիքներ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ