13 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Քրիստոսի Սուրբ Գերեզմանում տեղի ունեցած շոկային հրաշքը

23244437_10213029211039093_4529298671078796333_n

Օրեր առաջ Երուսաղեմի Սուրբ Հարության Տաճարում՝ Քրիստոսի Սուրբ Գերեզմանում, հրաշք տեղի ունեցավ, որին չանդրադառնալն իսկապես մեղք կլիներ: Որոշեցի հանդիպել Էրիկ Ռևազովին, ում հետ կատարվել էր Աստվածային հրաշքը և փոքրիկ հարցազրույց անել նրա հետ:
Երեկոյան ժամերգությունից առաջ Էրիկն իր ոտքով Սուրբ Հարության Տաճարի՝ Հայոց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու աստիճաններից իջնելով՝ մոտեցավ ինձ ու բարևելուց հետո՝ ողջագուրվեց։ Զարմացա, քանի որ ծանոթներ չէինք: Ժամերգության ողջ ընթացքում Էրիկը ծունկի եկած աղոթում էր, ձեռքերը երկինք կարկառած փառք տալիս Աստծուն: Ժամերգությունից հետո ասացի, որ ցանկանում եմ փոքրիկ հարցազրույց անել իր հետ՝ կատարված հրաշքի և մինչ այդ տեղի ունեցած վթարի մասին:
Էրիկն անհանգիստ շարժումով ասաց, որ չի ցանկանում խոսել, բարձրաձայնել կատարվածի մասին, սակայն մի փոքր համոզելուց հետո՝ տեղի տվեց խնդրանքիս:
Զրույցի սկզբում նախ հետաքրքրվեց թե ի՞նչ է անունս և, ապա, փորձեց արտաբերել Ներսեհ անունը, սակայն ինչպես շատերի՝ նրա մոտ ևս Ներսեհը վերածվեց Ներսեսի: Ապա ներեղություն խնդրեց, ասելով՝ որ ռուսական դպրոց է ավարտել ու հավելեց թե հոգով սրտով հայ է, քանի որ ծնողները հայեր են:
Ես փորձեցի նախ հասկանալ պատմությունը.
-Էրիկ,- ասացի,- գիտեմ որ վթարի եք ենթարկվել, որի հետևանքով հայտնվել եք սայլակին: 
Առանց ավելորդ փութկոտության, ներքին հանգստությամբ ու մեղմ ձայնով սկսեց պատմել.
–«2012 թվականին Ռուսաստանում վթարի ենթարկվեցի, որի հետևանքով մեքենան շրջվեց:

 

Մեքենայից մի կերպ ինձ դուրս բերելուց հետո, պարզվեց ողնաշարիս տասերկուերերդ ողը կոտրված է։ Ապա Վրաստանում բժիշկների աչալուրջ աշխատանքի շնորհիւ, 33 օր անշարժ պառկելուց հետո, ոտքի կանգնեցի: Բժիշկները հորդորեցին զգույշ լինել, ուժ չգործադրել և արգելեցին երկու կիլոգրամից ավելի ծանրություն բարձրացնել:

Բոլորս էլ գիտենք,-ասում է,-որ տղամարդը երբ ընտանիք ունի չի կարող ոտքը ոտքին գցել, մատը մատին չխփել ու ոչինչ չանելով բարեկեցիկ ապրել: Ու ես, իմ մասին հոգ չտանելով, հինգ տարի շարունակ ողնաշարս կոպիտ ասած տեռորի ենթարկեցի: Օգոստոսի 4-ին, մոտավորապես առավոտյան ժամը չորսին, պատուհանի մոտ կանգնած նայում էի դուրս, հանկարծ սարսափելի ցավ զգացի ողնաշարիս հատվածում՝ նման ատամնացավի, որ ուղեղիդ զգացնել է տալիս: Դրանից հետո հայտնվեցի անկողնում:

Չէի քայլում, ուժ չէի կարողանում տալ, բայց միշտ երազում էի դրա մասին»,– պատմում է անասելի խանդավառությամբ, ապա նշում, որ՝ երբ հեռուստատեսությամբ տեսել է Զատիկի Լույսի արարողությունը, միշտ ներքին ցանկություն է ունեցել գալ Երուսաղեմ ու մի գիշեր անցկացնել Սուրբ Հարության Տաճարում՝ մասնակցել հայոց պատարագին:
–«Հոկտեմբերի 25-ին եկանք Երուսաղեմ, Սուրբ Հարության Տաճար՝ մոմ վառելու: Այդ օրը տաճարը լի էր ուխտավորներով, զբոսաշրջիկներով, այնքան շատ էր բազմությունը, ասես Զատիկի Լույսի արարողությունը լիներ: Ես շատ էի ուզում մերոնց տեսնել,-ասում է,- դե՛ հայերին էլի»:

–Էրիկ, իսկ ո՞վ էր Ձեզ Տաճար բերել, քանի որ չէիք կարող ինքներդ գալ:
–«Դե բնականաբար ես չէի կարող գալ, կնոջս տղան էր բերել»: 
Զարմանում եմ «կնոջս տղան» արտահայտությունից ու հարցնում.
–Ամուսնացած ե՞ք: 
–«Այո, երկրորդ կնոջս տղան է, մի աղջիկ էլ երկրորդ կնոջից ունեցա,– ժպտում է, –Գրետա՛ս, հիմա Թիֆլիսում է՝ մորս, հորս մոտ»:
– Աստված պահի:

–«Ապրե՛ք, սա՛ղ ըլնեք», –ասում է բարբառային առոգանությամբ:
Իմ հարցին թե այժմ որտեղ է բնակվում՝ ասաց.
–«Թել Ավիվում, բայց ընտանիքս Թիֆլիսում է»:
– Իսկ այստեղ մենակ ե՞ք ապրում, Ձեզ ո՞վ է խնամում:
–«Երկրորդ կինս, որ կես վրացի, կես հրեա է, միասին ենք եկել Երուսաղեմ, իրենք ինձ բերեցին ու ես աչքերով ման էի գալիս ու մտածում «Տեր Աստված գոնե մեկն ու մեկին մեր հայերից տեսնեմ»: Ճիշտ է, ես հայերեն տառերը չգիտեմ, գրել-կարդալ չգիտեմ, բայց երբ տեսնում եմ, հասկանում եմ, որ դրանք հայկական տառեր են:
Սայլակի վրա նստած ներսում մի քանիսի հարցրեցի. «Հայ ե՞ք», պատասխանում են. «Չէ Ռումինիա», ասում եմ «Լավ»:
– Էրի՛կ, լավ, ժողովուրդը շատ են, արի դուրս գնանք, –ինձ ասում են: 
Չէի ուզում, հոգիս տրորվում էր, ուզում էի մեկն ու մեկին անպայման գտնել: Ասացի «Լավ կամքը թող քոնը լինի»:

Դուրս եկանք ու գավիթում՝ ձախ կողմում՝ փոքր եկեղեցի կա (Հայոց Սուրբ Հովհաննես մատրան մասին է խոսում), տեսա դուռը կիսաբաց է ու դռան վրա բանալիներ են կախված: Մտածեցի անհնար է, որ այնտեղ՝ ներսում մեր հայերից մեկը չլինի: Ասեցի ինձ տարեք էնտեղ: Ասաց. «Էնտեղ ոչ մի բան չկա»: Ասեցի. «Բալե՛ս, տա՛ր էնտեղ»:
Մոտեցանք դռանը՝ հրեցի ու ասեցի. «Բարև Ձեզ», ներսից հայերենով պատասխանեցին. «Բարև Ձե՞զ»: Դա ինձ համար մի լիություն էր:
Ասացի. «Կարելի՞ է ներս գալ», ասաց. «Այո՛, նե՛րս արի» և դուռը բացեց: Ինձ սայլակից գետին դրեցին, ես ծնկաչոք մտա ներս:

Ինձ բարևողը Սուրբ Հարության Տաճարի Լուսարար՝ Տիրացու Գեղամ Անջունյանն էր, որ անմիջապես հարցրեց արդյոք ներսում եղե՞լ ենք:
Ասացի. «Չէ՛, ներսում այնքան ժողովուրդ կար չկարողացանք Սուրբ Գերեզման մտնել, արդեն գնում էինք» (խաչակնքվում է ու ասում՝«Փառք Քեզ Տեր Աստված»):

Գեղամն ասաց, որ քիչ հետո կօգնեն ինձ ու ներս՝ Գերեզման կմտցնեն:
Ուրախությունից տեղս չէի կարողանում գտնել: Նորից Տաճարից ներս մտանք ու մեզ տարան նախ հայոց Տեսչարան, ու ասացին որ մի քիչ սպասենք, քանի որ հաջորդ օրվա տոնի նախապատրաստություններն էին կատարում, հետո պիտի փորձեին ինձ ներս՝ Գերեզման մտցնել:
Մինչ Գեղամը Տեսչարանից դուրս կգար, ասացի «Գեղամ ջան, մի հարց տամ էլի», ասաց. «Ի՞նչ է եղել, ասա՛»:

«Գիտե՞ս ներքին ցանկություն ունեմ, գիշերը Տաճարում անցկացնելու»։
Ասաց. «Ոչ մի խնդիր չկա»:
Վաաաաաաաաայ, Հա՛յր Սուրբ…, (դարձյալ խաչակնքվում է),– Մեռնեմ Սուրբ զորությանդ, Տե՛ր Աստված:

Հետո Գեղամն ասաց. «Էրի՛կ, արի՛ էսպես անենք, երբ որ գաս գիշերը Տաճարում մնալու, այդ ժամանակ էլ կմտնես Գերեզման ու քեզ խանգարող չի լինի: Հիմա արագ պիտի մտնես ու դուրս գաս»:
Համաձայնեցի ու մենք գնացինք Թել Ավիվ: Դրանից տաս օր հետո, Երուսաղեմ գալուց առաջ զանգեցի ու պայմանավորվեցի Գեղամի հետ որ Ուրբաթ օրը՝ Նոյեմբերի 3-ին պիտի գամ ու գիշերը մնամ Սուրբ Հարության Տաճարում: Ամսի 3-ին, երեկոյան մենք եկանք։ Քանի որ Տաճարի դուռը պիտի փակվեր ժամը 7-ին մենք 6:30 արդեն Տաճարի մուտքի մոտ էինք: 
Դռան փակվելուց հետո, Տաճարի այդ օրվա հերթապահ՝ ծառայող միաբաններ՝ Մկրտիչ Ստեփանյանն ու Կարապետ Սարկավագ Բաղդասարյանը ինձ սայլակով հասցրեցին մինչեւ Քրիստոսի Գերեզմանի մուտքին ու այնտեղից ես ծնկաչոք, կարելի է ասել սողալով մտա ներս: Թե որքան եմ ներսում մնացել, չեմ կարող ասել, բայց ներսում այնքան հանգստություն ու լռություն էր տիրում, որ երկար եմ մնացել:Մեղա եմ քեզ Տե՛ր Աստված,– ասում է,– ես կարգին աղոթք անել էլ չգիտեմ: Իմ հոգով, իմ զգացածով ինչպես կարողացա՝ հաղորդակցվեցի իմ Աստծու հետ։
Հետո դարձյալ ծնկաչոք փորձեցի դուրս գալ, այդ ժամանակ մի ինչ-որ բոց էի զգում կրծքավանդակիս շրջանում, ինչ-որ տաքություն՝ շատ ուժեղ: Դուրս եկա տեսա տղաները չկային՝ կանթեղների ձեթն էին ավելացնում: Մի քիչ բարձր ձայնով, ոչ շատ կոպիտ, բայց համեմատաբար ուժեղ գոռացի.«Մուկուո՜ւո՜ւչ»: Ու հեռվից տեսան ինձ: Մինչև կմոտենային, ես շապիկիս կոճակները արձակեցի, քանի որ ներսս այրվում էր: 

Տղաները որ եկան ասացի. «Օգնեք ինձ»: Ուզում էին սայլակը մոտեցնել, որ նստեմ, ասացի. «Չե՛մ ուզում սայլակը, օգնե՛ք ոտքի կանգնեմ, կանգնել եմ ուզում»:
Տղաները կռացան, մի ձեռքով հենվեցի Կարապետի ուսին, մյուս ձեռքով Մկրտիչի, ու ասեցի. «Ինձ բարձրացրեք»: Երբ բարձրացրին ոտքերս սկսեց դողալ: 
– Բայց ի՞նչ ուժ էր, որ ստիպեց Ձեզ կանգնել ցանկանաք: Որտեղի՞ց առաջացավ այդ ցանկությունը:

– «Չգիտեմ մեջս ինչ էր կատարվում, էն տաքությունը, էն այրվելը՝ անկախ ինձնից ինչ-որ ցանկություն ունեցա ոտքի կանգնելու: Այնպիսի տպավորություն էր, կարծես ես չէի ղեկավարում ինձ, այլ անում էի այն ինչ ներսս էր թելադրում: Երբ բարձրացրեցին ինձ, այդ պահին ուզում էի բղավել, բայց նաև հասկանում էի թե ուր եմ գտնվում ու փորձեցի զսպել էմոցիաներս: Ասեցի. «Եկեք մի քիչ քայլենք»: Ու քայլեցինք, դրանից հետո սայլակին մոտ չեմ գնացել»:

– Իսկապես հրաշք է: Մինչև Տաճար գալը երազանք ունեցե՞լ եք:
– «Երազանքս Տաճարում գիշերային արարողություններին մասնակցելն էր, այստեղ մնալն էր: Բայց Տաճարում գիշերելու ցանկությունս իմ վիճակից չէր գալիս, այլ այն, որ մորս պապիկը, այսինքն մորս՝ մոր հայրը, որ անունը Հայկարամ Տեր-Միքայելյան էր, 1800-ականներին հաջի է եղել: Այդ բոլորը ես փոքր ժամանակ լսել եմ ու առաջին անգամ, երբ 33 տարեկանում Իսրայել եկա, հետաքրքրվեցի՝ մտածելով, որ գուցե ինչ որ տեղեկություն կկարողանամ գտնել նրա մասին Երուսաղեմի արխիվներում կամ տումարներում:

Դե ինչ ասեմ Հայր Սուրբ ջան, Աստված տվեց ինձ այն ինչ ուզում էի։ Ուզում էի գիշերել տաճարում, Աստված տվեց: Դա ինձ համար ամեն ինչ է»:
-Վթարից հետո երբևէ չե՞ք մեղադրել Աստծուն, չե՞ք ասել ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ հենց ինձ հետ եղավ:

– «Ոչ, քանի որ մայրս հավատացյալ է, ու տաս և ավելի տարիներ արդեն ուխտերի է գնում տարբեր եկեղեցիներ: Պապիկս՝ Վանիկը, ևս հավատացյալ էր: Առավոտյան վաղ արթնանում էր, առանց որևէ մեկի հետ խոսելու, առանց մի կտոր հաց ուտելու ուխտի էր գնում Թիֆլիսի տարբեր եկեղեցիներ: Ձեռնափայտ ուներ ու դրանով կամաց-կամաց գնում էր իր ուխտը կատարելու: Երեկոյան վերադառնում էր, նոր հաց էր ուտում»:
– Բայց Դուք չե՞ք մեղադրել Աստծուն, քանի որ նման իրավիճակներում հայտնվող մարդիկ, ում հետ դժբախտություն է կատարվում կամ ծանր հիվանդություն են ունենում, մեղադրում են Աստծուն՝ ասելով թե ինչո՞ւ հենց մեզ հետ սա պատահեց, ինչո՞ւ հենց ես և այլն: Դուք նման բաներ չե՞ք ասել:
– «Ոչ, մտքովս էլ չի անցել: Ես հոգևոր կյանքով չեմ ապրել, բայց ես գիտեի որ այն ինչ ինձ հետ պատահեց իմ մեղքով պատահեց: Ես իմ կյանքը չէի գնահատում, այնպիսի իրավիճակում էի հայտնվել, որ կյանքիցս ձեռք էի քաշել ու կարծես թե մահս էի փնտրում, (նորից ասում է՝«Մեղա Քեզ Տե՛ր Աստված»).
–Մարդ երբ ինչ-որ անմտածված քայլ է անում ու հայտնվում է անելանելի վիճակում, զղջում է, բայց արդեն ուշ է լինում: Աստված մեզ խելք է տվել, պետք է գործածենք ինչ-որ բան անելուց առաջ: Անմտածված քայլերի վերջը դա է: Ինձ հետ կատարվածի համար ես երբեք Աստծուն չեմ մեղադրել, գիտեի որ իմ մեղքով է եղել, այլ մեղավորներ չեմ փնտրել»:

-Մի խոսք կա որ ասում են. «Չեմ կարող չկա, չեմ ուզում կա»: 
– «Կարող է չհավատաք, բայց մտքովս չի անցել որ քայլելու մասին խնդրեմ Աստծուն: Ես Գերեզման մտնելով մեղքերիս թողության համար էի աղոթում, ոչ թե ոտքի կանգնելու, ոչ թե քայլելու: Ես դրա մասին անգամ խոսք չեմ ասել ներսում, –ասում է ու հավելում, – ամբողջ մարմինս փշաքաղվեց:
Մայրս քանի տարի ասում էր. «Այ բալա, դու չես պատկերացնում թե ինչ բան է Աստծու սերը»: Նա միշտ ինձ ուղղորդում էր դեպի Աստված, բայց քանի որ ես սխալ կյանքով էի ապրում՝ ասում էի. «Մամ ջան, ես պատրաստ չեմ, ես չեմ կարող»:

Բայց այն գիշերվանից հետո, ինչ որ կատարվեց Տաճարում ինձ հետ, կյանքս փոխվեց: Ես չկարողացա էլ Տաճարից դուրս գալ: Արդեն հինգ օր է Տաճարում եմ գիշերում: Տեսուչ Հայր Սուրբին պիտի խնդրեմ որ թույլ տա մի ամիս, կամ ինչքան կարելի է շատ մնամ այստեղ՝ Տաճարում:
Ուզում եմ էստեղ լինեմ, Աստծու հետ լինեմ: Ուզում եմ մեղքերիս թողություն ստանամ, ամրապնդվեմ Աստծու ներկայությամբ:

Ուզում եմ իմ ապրած սխալ կյանքից դարձի գամ դեպի Աստված ու Նրա գրկում լինեմ: Այդ կյանքով եմ ուզում ապրել: Ես ուզում եմ էստեղ մնամ, չեմ ուզում իմ Աստծուց հրաժարվեմ ու մեջքս դարձնեմ, դուրս գամ էստեղից: Չեմ ուզում դրսում չարի ձեռքը ընկնեմ, ինչպես որ ընկած էի տարիներ առաջ ու ապրում էի սխալ կյանքով: Ուզում եմ իմ Աստծու ձեռքի տակ լինեմ: Կարող է Աստված ինձ դարձյալ ինչ-որ դուռ ունի բացելու, չգիտեմ»: 

-Էրի՛կ, պատմեցի՞ք Ձեր հարազատներին, ինչպիսի՞ն էր արձագանքը:
– «Այո՛, պատմեցի: Մի խոսք կա, որ ասում են «Լացն ու ծիծաղը քույր և եղբայր են», հենց այդպես էր: Հա՛մ ուրախացել էին, հա՛մ հուզվել: Մայրս շատ ուժեղ կին է, ինձ ասում էր. «Ա՛յ բալա, մի՛ լացի, ամեն ինչ լավ կլինի: Ես հավատում էի որ ամեն ինչ էսպես էլ լինելու է»: Մորս հավատքը շատ մեծ է: Մի բան կարող եմ միայն ասել. մենք բոլորս՝ հայրս, ես, քույրս, եղբայրս, ապրում ենք մորս աղոթքներով:

Կզարմանաք, բայց հայրիկս 4 տարի փսորիազ հիվանդություն ուներ, հակառակ մեր գենետիկ մաքրությանը: Բայց մորս աղոթքներով հայրիկս բուժվեց ու այսօր մաշկը մաս-մաքուր է: Ինձ հետ կատարված դեպքը նաև նվեր էր մայրիկիս ու հայրիկիս, քանի որ այդ օրը իրենց ամուսնության 43-րդ ամյակն էր»:

-Էրիկ ջան, թող Աստված օրհնի Ձեզ ու Ձեր ընտանիքին, մանավանդ մայրիկիդ, որ իր հավատքով Ձեզ միշտ առաջնորդել, ուղղորդել է դեպի Աստված և իր աղոթքներով էլ Աստված պահել է Ձեզ: Շատ ուրախ էի զրույցի համար:

– «Հայր Սուրբ Ձեզ էլ ցանկանում եմ հոգու ուրախություն»:
– Շնորհակալ եմ:

(Զրույցը ինչ-ինչ պատճառներով հետաձգվել էր, բայց Էրիկն ասաց. «Ոչինչ, Աստված ինչ-որ անում է, ուշ է անում, բայց պուպուշ է անում»):

ՆԵՐՍԵՀ ԱԲՂ. ԱԼՈՅԱՆ
08 Նոյեմբեր, 2017 

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ