18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կայացավ միջնադարագիտական 3-րդ երիտասարդական գիտաժողովը

Սույն թվականի նոյեմբերի 28-30-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ միջնադարագիտական 3-րդ երիտասարդական գիտաժողովը, որը կազմակերպել էր «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն (ՄԵԳՄ):

Գիտաժողովին մասնակցեցին շուրջ չորս տասնյակ երիտասարդ հետազոտողներ՝ գիտությունների թեկնածուներ, ասպիրանտներ, հայցորդներ և բարձր կուրսերի ուսանողներ հայաստանյան և արտասահմանյան գիտակրթական տարբեր հաստատություններից՝ Մատենադարանից, ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից, ԳԱԱ ինստիտուտներից, Ազգային արխիվից, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, Ժնևի, Միլանի, Երուսաղեմի համալասարաններից, Մոսկվայից: Մատենադարանի այս գիտաժողովն առանձնանում է իր բնույթով, քանի որ այստեղ իբրև առաջնահերթություն սահմանված են միջնադարագիտական թեմաները՝ նվիրված հայոց լեզվին և գրականությանը, ձեռագրագիտությանը, վիմագրությանը, պատմությանը, աստվածաբանությանը, բժշկությանը, երաժշտությանը և այլն:

Եռօրյա գիտաժողովն անցավ աշխատանքային ջերմ մթնոլորտում, բոլոր նիստերն էլ աչքի ընկան գիտական աշխույժ քննարկումներով ու հարցերի առատությամբ: Այս տեսանկյունից հատկանշելի է արդեն ավանդույթի վերածված ու շատ կարևոր մի հանգամանք՝ Մատենադարանի ավագ սերդի անվանի ու բազմափորձ գիտնական­ների մշտական ներկայությունն ու օգտակար խորհուրդներով երիտասարդ հետազոտողներին քաջալերումը. տարբեր զեկուցողներ նույնիսկ համագործակցու­թյան առաջարկներ ստացան, ծնվեցին նոր գաղափարներ, որոնք ժամանակ անց անպայման իրենց պտուղը կտան: Իսկ մինչ այդ, Գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ առաջիկայում լույս կտեսնի նաև գիտաժողովի նյութերի ժողովածուն, որը կարևոր ներդրում կլինի երիտասարդ հետազոտողների գիտական կենսագրում:

Գիտաժողովի փակմանը՝ նոյեմբերի 30-ին, Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը կարևորեց ՄԵԳՄ-ի 3-րդ գիտաժողովը և հույս հայտնեց, որ գալիք տարվա գիտաժողովը նույնքան ակտիվ ու արդյունավետ կլինի, իսկ ՄԵԳՄ-ի նախագահ Խաչիկ Հարությունյանն էլ իր երախտագիտության խոսքն ուղղեց Մատենադարանի ավագ սերնդի ներկայացուցիչներին՝ իրենց հարուստ փորձն ու գիտելիքը երիտասարդներին սիրով փոխանցելու և նրանց աջակցելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ