25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի իշխանությունները բնավ էլ չեն մեղադրում հունգար բարեկամ ժողովրդին . Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 19-ին հանդիպեց “Այրեքս” միջազգային կազմակերպության ծրագրերով արտերկրում ուսանած հայաստանցի երիտասարդ մասնագետների հետ:

Ազատ ու անկաշկանդ մթնոլորտում ծավալված զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանի ներկային ու ապագային, քաղաքական համակարգին, տնտեսության զարգացմանը, կրթության ոլորտի բարեփոխումներին, պետականաշինության գործում երիտասարդ բարձրակարգ մասնագետներին ներգրավելու անհրաժեշտությանը, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:

Արտերկրում կրթություն ստացած մասնագետների խնդրանքով Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Հայաստանի հանրապետական կուսակցության` ազգային ժողովրդավարական անկախ պետություն ստեղծելուն ու այն զարգացնելուն միտված գաղափարախոսությանը, կուսակցության անցած ճանապարհին ու ներկային: Անդրադրձ եղավ նաեւ սեպտեմբերի 15-ին Հայաստանի կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահի հնչեցրած մտահոգություններին ու համապատասխան ցուցումներին, որոնք վերաբերում էին երկրի տնտեսությունն արգելակող հովանավորչության ու կոռուպցիայի արատավոր երեւույթներին ու դրանց բացառմանը: «Այս խորհրդակցությունը մեկ անգամ եւս փաստում է այն մասին, որ Հանրապետական կուսակցությունն ու նրա ղեկավարը հետեւողական են երկրի ու նրա տնտեսության զարգացման նպատակադրման հարցում, միշտ էլ պատրաստ են ծավալելու բաց եւ թափանցիկ քննարկումներ, մատնացույց անելու թերություններն ու բացթողումները եւ գտնելու հիմնախնդիրների լուծման արդյունավետ ուղիները: Մեր խնդիրները մենք պետք է լուծենք եւ ձախողումների պատճառը նախ եւ առաջ մեր մեջ փնտրենք` իհարկե, հաշվի առնելով նաեւ արտաքին մարտահրավերները»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով երկրի տնտեսության զարգացման հեռանկարներին` ԱԺ փոխնախագահը նկատեց, որ տնտեսությունը պետք է լինի դիվերսիֆիկացված ու գիտելիքահենք, որին ուղղված հետեւողական աշխատանքներ են իրականացվում: Այս հարցում, ըստ Էդուարդ Շարմազանովի, մրցակցությունը կա եւ մնում է առաջընթացի կարեւորագույն պայմանը:

Երիտասարդ մասնագետներին հետաքրքրում էին նաեւ, թե Հայաստանն ինչ միջոցառումներ է ձեռնարկում Ադրբեջանի ծավալած հակահայկական քարոզչության դեմն առնելու համար, եւ ինչպես է աշխարհն արձագանքում Ադրբեջանի` մարդասպան Սաֆարովին արդարացնելու, ապա նաեւ հերոսացնելու` միջազգային կոնվենցիաներին հակասող խայտառակ փաստին:

«Առանց ազգային անվտանգության խնդիրների կարգավորման հնարավոր չէ ունենալ ոչ ժողովրդավարություն, ոչ զարգացած տնտեսություն եւ ոչ էլ բնապահպանության խնդիրների արդյունավետ լուծում: Սեփական ժողովրդին եւ միջազգային հանրությանը ադրբեջանական իշխանությունների ապակողմնորոշող եւ կեղծ քարոզչությունը, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, սպառնալիք է համամարդկային արժեքներին եւ մեր երկրի ազգային անվտանգությանը»,-նշեց Էդուարդ Շարմազանովը: Նա տեղեկացրեց, որ փորձագիտական շրջանակների միջոցով, արտգործնախարարության ու  խորհրդարանական դիվանագիտության կատարած քայլերով փորձ է արվում կանխել այդ կեղծ տեղեկատվությունը, սակայն դրանք բավարար չեն, եւ այս կարեւոր գործում պետք է ներգրավվեն բոլոր մասնագետները, ողջ քաղաքացիական հասարակությունը` ի դեմս հասարակական կազմակերպությունների` աշխարհին ներկայացնելով իրականությունն ու պատմական ճշմարտությունը:

Անդրադառնալով Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու Հունգարիայի իշխանությունների քայլին` ԱԺ փոխնախագահը նկատեց, որ Հայաստանի իշխանությունները այդ հարցում բնավ էլ չեն մեղադրում հունգար բարեկամ ժողովրդին կամ էլ Հունգարիայի պետությանը, այլ միայն այն պաշտոնյաներին, ովքեր կատարել են այդ հակաժողովրդական քայլը` շատ լավ իմանալով, որ հանցագործը անօրինաբար արդարացվելու է իր երկրում:

Հանդիպման մասնակիցների խնդրանքով Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով կրթության ոլորտում կատարվող բարեփոխումներին ու բարձրակարգ մասնագետներին երկրի կառավարման ու տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավելու անհրաժեշտությանը, պատրաստակամություն հայտնեց աջակցելու նրանց հուզող  խնդիրները ԱԺ մասնագիտացած մշտական հանձնաժողովներում բարձրացնելու, քննարկելու ու համապատասխան լուծումներ գտնելու համար:

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ